Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». 104-ամյա վկայի ամենօրյա աղոթքի անբաժան մասն է Ցեղասպանության ճանաչումը

«Ականատեսը». 104-ամյա վկայի ամենօրյա աղոթքի անբաժան մասն է  
Ցեղասպանության ճանաչումը

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  իրականացվող «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակում է նոր պատմություններ ներկայացրել: Դրանք թեմատիկ առումով միմյանց նման և միաժամանակ շատ տարբեր են:  Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է: Այս շաբաթ ընթերցողի դատին ենք հանձնում Էջմիածին քաղաքի բնակիչ, 104-ամյա Սուտե Քոչարյանի վերհուշը:

ԷՋՄԻԱԾԻՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սուտե Քոչարյանին Էջմիածնի այն փողոցում, ուր նա ապրում է, բոլորն են ճանաչում: Տիկնոջ հարևաններն ու ընտանիքի անդամները փաղաքշաբար անվանում են «ընե», ինչը եզդերենից թարգմանաբար նշանակում է տատիկ: Արտաքին տեսքն ու առույգությունը թույլ չեն տա կռահել, որ տան ձեղնահարկում  կենցաղային հարցերով զբաղված կինը 104 տարեկան է: Նա օժտված է կյանքի հետաքրքիր ընկալմամբ և հումորով:  Մեր ստեղծագործական խմբի գալստյան  մասին իմանալով` կատակեց, որ չէր մտածի, որ այս տարիքում ինքն էլ մի օր «հայտնի» կդառնա, ինչպես իր դիտած սերիալների հերոսները:

1909 թվականին  ծնված եզդի ականատեսի պատմական հայրենիքը Իգդիր գյուղաքաղաքն է: 

Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղ, ավան, գյուղաքաղաք է Երևանի նահանգի Սուրմալուի գավառում: Նրա վարչական կենտրոնն էր: Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:

Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ  Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:

«Տատիկս ծնվել է Իգդիրում: Վեց տարեկան է եղել, երբ գաղթել են Աշտարակի շրջանի  Բյուրական գյուղը, իսկ հետո 1946 թվականին հաստատվել Էջմիածնում »,- ընտանիքի վերհուշը մեզ ներկայացրեց  Սուտեի թոռը` Վազիր Քոչարյանը:

Նախքան Իգդիրից գաղթի ճանապարհը բռնելը պատմության հերոսուհու ընտանիքում եղել են յոթ երեխաներ, նրանցից երկուսը` քույրը և եղբայրը, սպանվել են: Արդյունքում Սուտեն ծնողների և կենդանի մնացած մյուս քույրերի և եղբայրների հետ հասել է Բյուրական:

Վազիրի և ընտանիքի այլ անդամների  հավաստմամբ` չնայած տատը վեց տարեկան է եղել գաղթի ճանապարհին, սակայն նրա հիշողություններում անցյալը մշուշոտ է, հիմնականում պատկերվում է մանկական խաղերի և Իգդիրում թողած տան մասին հիշողություններով:

Սուտեն Հայոց ցեղասպանության մասին ու թշնամու մասին խոսլեիս հիշում է, որ իր եղբայրն ու քույրը թուրքերի «ձեռքով են գնացել»: 

Պատմական տեղեկանք

Թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբինի տեղեկություններով` 15-18-րդ դարերում Օսմանյան կայսրության տարբեր տարածքներում ոչնչացվել է շուրջ 300 հազար եզդի։ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, նրանցից 500 հազարը սրի քաշվեց:  

 

1937 թվականին Սուտեն ամուսնացել է, ունեցել հինգ երեխա, ում 1954 թվականից` ամուսնու մահից հետո, ստիպված է եղել միայնակ մեծացնել:  Այդ ժամանակ նրա ամենակրտսեր երեխան եղել է մոտ 2 տարեկան:

«Ես իմ աչքը բացել, չեմ բացել, դարդ եմ տեսել, թափառական եմ եղել,  դարդի մեջ կորել եմ, ամեն ինչ տեսել եմ…»,- կյանքի անցած ուղուն գնահատական տալով` ասում է պատմության հերոսուհին` հպարտությամբ շեշտելով, որ իրեն վատ թե լավ, բայց  հաջողվել է հինգ երեխաներին խնամել, մեծացնել և ամուսնացնել:

Աշխատասեր կինը երկար տարիներ զբաղվել է անասնապահությամբ, աշխատել որպես կթվորուհի:

«Կթվորուհի եմ եղել, աշխատել եմ որտեղ ասես»,- հիշում է Սուտեն:  Ուրախ է, որ չնայած կյանքի դժվարություններին` այժմ շրջապատված է իր ընտանիքի մոտ 80 անդամների հոգատարությամբ և սիրով: Թոռներից ու ծոռներից յուրաքանչյուրի օժիտը խնամքով պատրաստելու գործը ընտանիքում նույնպես նրան է վստահվել:

Տարեց կինը օրվա մեծ մասը քնում է, ժամանակ հատկացնում հեռուստացույցով սերիալներ դիտելուն, սակայն դա նրան չի խանգարում զբաղվել նաև կենցաղային գործերով: Այս տարիքում էլ մուրաբա է պատրաստում, հավերին կերակրում, ինչպես նաև բոլորին իր ձեռքով եփած տոլմա և խաշլամա համտեսելու հաճույք պատճառում:

«Ճաշի  մեջ յուղն իրեն երբեք չի բավարարվում: Նա միշտ ասում է, որ ճաշի յուղ պետք է տեղը-տեղին լինի: Երբեք երշիկեղեն, նման այլ սննունդ չի ուտում, փոխարենը շատ է սիրում  ոչխարի միս»,- շարունակում է Վազիրը` ավելացնելով, որ ընտանիքի ամենատարեց անդամը առանձնակի տեղ է տալիս նաև իրենց կրոնին: Բոլորին հորդորում է ապրել աշխատանքով և ժամանակը  պարապուրդի չվատնել:

Այժմ Սուտեն, իր իսկ բնոշորմամբ, արդեն «խեղճացել» է, չի կարողանում լավ լսել և տեսնել: Հույս ունի, որ Հայոց ցեղասպանությունը վաղ, թե ուշ միջազգային ճանաչում կստանա, քանի որ իր ամենօրյա առավոտյան աղոթքից անմասն չի մնում նաև ցեղասպանության ճանաչման թեման:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արև Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am