Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». Ո՞ւր է «Ծովից ծով Հայաստան»-ը. Արեւմտյան Հայաստանի կորուստը 102-ամյա ղարսեցու հուշերում

«Ականատեսը». Ո՞ւր է «Ծովից ծով Հայաստան»-ը. Արեւմտյան Հայաստանի կորուստը 
102-ամյա ղարսեցու հուշերում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ընթերցողի դատին հանձնել «Ականատեսը» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է ցեղասպանության ականատեսների կյանքի  պատմությունները: Նախագծի ստեղծագործական խումբը այցելել է Գյումրի, ուր բնակվում է կյանքի առանձնակի հուզիչ պատմություն ունեցող 102- ամյա Վարազդատ Մանուկյանը:

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկի տան բակում խնձորի բերքը վաղուց հասել է, սակայն այն հավաքված լինելու փոխարեն, թափված էր գետնին: Հին, բայց յուրահատուկ ճարտարապետական տեսք ունեցող տան տերը` 102- ամյա Վարազդատ Մանուկյանն է, ով մեն-մենակ է ապրում հսկայական տանը: Նա բերքը հավաքելու և այգին մշակելու առողջություն այլևս չունի: Մեր այցից փոքր-ինչ զարմացած ծերունուն երկար ժամանակ պետք չէր վստահությամբ լցվելու համար: Վերլուծական նախանձելի կարողություն և լավ հիշողություն ունեցող մարդը  պատրաստակամ էր սկսել վերհուշը, որը պարբերաբար ընդհատվում էր ոչ միայն իմ հարցադրումներով, այլև նրա աչքերից հոսող արցունքներով: 1911 թվականին Ղարսում ծնված Վարազդատ Մանուկյանն իր ընտանիքի պատմությունը հիշում է դեպի Գյումրի գաղթի ճանապարհը բռնած: «Արմենպրես»-ն իր նախագծի հերոսի վերհուշը ներկայացնում է նաեւ աուդիոֆոտոպատմության տարբերակով:

Աշխատողի հոգին մաքուր է ու ազնիվ

Վարազդատ Մանուկյանի հուշերում պատկերավոր է այն դրվագը, թե ինչպես Արևմտյան Հայաստանից գաղթած ժողովրդի մեծ մասը բնակվելու տեղ, սնունդ չուներ և  հայտնվել էր կյանքի դժվարին պայմաններում: «Տատիկս պատի տակ աթարը շարում էր, գոգնոց կամ «ադյալ» էր գցում` երեխային դնում վրան, ապրելու միջոց չկար»,- ասում  է պատմության հերոսը:

Նա հիշում է, թե ինչպես 1926 թվականին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը վարկային ընկերություն է հիմնում` արտասահմանից վարկեր բերելով` գյուղացիներին բաժանելու նպատակով: «Սերմացու բաժանեց գյուղացիներին` ասելով աշխատեք, ապրեք: Գյուղացիներն այնպես հարստացան, որ սեփական տներ` տանիք կառուցեցին, գյուղացիների տղաները սկսեցին բարձրագույն հաստատություններում սովորել, անգրագիտությունը վերացավ և այդ ամենը հաջողությամբ ավարտվեց»,- ոգևորությամբ մեջբերում է Վարազդատը: 

Նրա հայրը 1943 թվականին մահանում է, 1946-ին կյանքից հեռանում է մայրը, ինքը ստիպված է լինում այլևս չհետաքրքրվել ուսմամբ և  աշխատել փոքր քույրերին մեծացնելու համար: Ականատեսի հավաստմամբ` ծնողները նախքան մահանալը գիշեր-ցերեկ երկրի փրկության, աշխատող ժողովրդի մասին էին մտածում, բայց  ոչ մի տեղից օգնություն չկար:

« Իրենք մտածում էին ավելի շատ ապրուստի պայմաններ գտնելու, քան հայրենիք վերադառնալու մասին: Ռուսները մեզ շատ բանով օգնեցին, ոտքի կանգնեցինք և ապրեցինք և հիմա էլ ապրում ենք, և դարձյալ թշնամություն  են ուզում սերմանել հայերի և ռուսների միջև»,- կարծում է կարսեցին:

Ու՞ր են Ղարսը, Սարիղամիշը Արդահանը, Տրապիզոնը, Էրզրումը..

«Թուրքերը անգրագետ, հիմար, գազան մարդիկ էին, ապրում էին լեռներում, բացարձակ վայրենի էին, եկան միջին Ասիա տեսան, որ ամեն ինչ փոխված է, զարմացան, եկան Եգիպտոս, որի բանակը վարձու բանակ էր, լցվեցին այդտեղ, հեղինակություն ձեռք բերեցին»,- ասում  է ցեղասպանության վկան, ում գնահատմամբ` Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը նաև այն էր, որ մեր երկրին պակասում էր պաշտպանական հավելյալ մի ուժ:

«Թուրքերը անգամ երեխաներին չէին ափսոսում, դնում էին ոտքի տակ անցնում: Դիմադրող չունեին, այն ժամանակ մեր երկիրը «Ծովից ծով Հայաստան» էր կոչվում, իսկ հիմա ո՞ւր է այն, ու՞ր են Ղարսը, Սարիղամիշը, Արդահանը, Տրապիզոնը, Էրզրումը:  Հսկա երկիր էր, բոլորը թուրքը վերցրեց իրան: Նրա վայրենի հասկացությունն էր այդպիսին»,-շարունակում է նա:

«Իմ մեծ տղաները դաշնակցական խմբապետ Հախոյի թոռներն են: Նրա աղջիկը գրագետ, խոսքի տեր աղջիկ էր, մաթեմատիկայի մասնագետ, ով 1943 թվականին մահացավ 20 տարեկան հասակում, երկու տղան որբ մնացին»,- իր առաջին կնոջ մասին հիշելիս նշում է ծերունին:

1954 թվականին նա որոշում է, որ սեփական բնակարան պետք է ունենա: Հետադարձ հայացք նետելով իր կյանքին` տխրությամբ փաստում է, որ նախկինում երբևէ չէր մտածել ապագայի մասին և անգամ չէր կարող պատկարացնել, որ կյանքի մայրամուտը տան հսկայական տարածքում միայնակ է անցկացնելու:

Նրա կինը որդիներին հետաքրքիր անուններ է տվել Ժիլբերտ և Հեկտոր: «Ժիլբերտը Ֆրանսիայի առաջավոր մարդկանց անուն է, Հեկտորը հունական հերոսի անուն է: Երբ ապրելու պայմանները վատացան, իսկ տղաներս Հախոյի թասիբն ունեին, չդիմացան, ասացին. «Պապ ջան մեն այստեղ չենք կարող ապրել», մեկնեցին Ռուսաստան, Լուգանսկ:  Այնտեղ աշխատեցին, հեղինակություն ձեռք բերեցին, մեծս հիմա 73 տարեկան է, փոքրս` 71, բայց իրենք օտարացել են, գնալ-գալ չունենք, ճանապարհածախսը թանկացել է, իսկ իրենք թոշակով են ապրում»,- ասում է Վարազդատը` հավելելով, որ չորս տարի է, ինչ  Մոսկվայում աշխատանքի է անցել նաև մասնագիտությամբ ապրանքագետ 1967 թվականին ծնված որդին:

«Չորս տարի է` գնացել է, ես անտեր-անտիրական եմ, բացարձակ մենակ եմ ապրում, պաշտպան չունեմ, մարզպետարանն ու քաղաքապետարանն էլ չեն օգնում»,- մտահոգված ասում է նա: (Հարցազրույցի ընթացքում նրան այցելեց նրա աղջիկը` Կարինեն, ով նույնպես իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում և մշտապես Գյումրիում չի բնակվում: Նա նշեց, որ հորն այցելում են, սակայն նրա հետ ապրելու, կամ իրենց մոտ տեղափոխելու հնարավորություն չկա): Կյանքի հարուստ փորձ ունեցող Վարազդատը վստահ է, որ պատմության ոչ մի դրվագ չի մոռացվում: Նրա հուշերում  առանձնակի տեղ ունի Ստալինը:

«Ես շատ լավ եմ ապրել կոմունիստների օրոք: Կոմունիստները մեզ տեղ էին տալիս, գնահատում էին, պատկերացրեք մարդուն, ինչիպիսի տեղ տվեց Ստալինը: Նա մարդ էր բառիս բուն իմաստով: Աշխատանքային վետերան, դա նշանակում էր, որ բոլոր մարդիկ պետք է ձգտեն դեպի լավը` հեղինակությունը»,- արցունքներն աչքերին հիշում է անցյալը զրուցակիցս:

 15 տարի մանկավարժ աշխատելուց հետո սեփական դիմումի համաձայն դուրս է եկել  աշխատանքից և մտել, ինչպես ինքն է բնորոշում, «բանվորական շրջապատ», որը իրեն մեծ հեղինակություն է բերել: «50 տարի աշխատել եմ մսի կոմբինատում որպես մեխանիկ, վեց տարի գարեջրի կոմբինատում, երկու տարի Ախուրյանի կաթի գործարանում: Հարգանք, պատիվ ունեի, օրը տասնվեց ժամ աշխատում էի, ես պետք էի իրենց, հիմա անպետք եմ»,- ասում է նա` ընդգծելով, որ աշխատողի հոգին մաքուր է և ազնիվ:

«Դրա համար բոլորիս փրկիչ Հիսուս Քրիստոսը ասում էր, ազնիվ աշխատեք, իրար սիրեք և հարգեք»,- նկատում է Վարազդատը: Խոստավանում է, որ երբեմն տեսնելով իրենից տարիքով երիտասարդների վաղաժամ մահը` ապրել չի ցանկանում, սակայն իրեն պահողը Աստված է: «Նա իմ պաշտպանն է: 1935 թվականից մինչև հիմա այնքան նեղություններից ու փորձանքներից է ազատել»,- շեշտում է նա:

102-ամյա ծերունու միակ ցանկությունն այն է, որ իր տան դիմացի պատը վերանոգորվի, որը տարիների ընթացքոմ վնասվել է, փլվել և անգամ տարիներ առաջ մի երեխայի մահվան պատճառ դարձել: Նա վստահ է, որ եթե հիվանդությունը չլիներ այս տարիքում էլ կփորձեր այն վերանորոգել, որպեսզի հարևանների շրջանում անեծքի առարկա չդառնար, սակայն չի կարող: Առաջին հերթին փողոցում խաղացող երեխաների անվտանգության համար այդ պատի վերանորոգումը նա անհրաժեշտություն է համարում և կոչ է անում Գյումրիի քաղաքապետարանին օգնել իրեն միայն այս հարցում, քանի որ այլ օգնության կարիք ինքը չունի:

Հպարտությամբ նշում է, որ խնամքով պահպանված գրադարան ունի, և փնտրում է  մեկին, ում այն կարող է նվիրել: Նրա` հուզմունքից թրթռացող շուրթին իր հայրենակցի` Եղիշե Չարենցի տողերն էին` «Ես իմ անուշ Հայաստանի...»:

Սոցիալական և առողջական խնդիրներով բեռնված տարեց գյումրեցին մտագոհված է նաև ազգի  խնդիրներով: Նա հորդորում է բոլորին հիշել, որ պետությունը պետություն է  առաջին հերթն իր ժողովրդով, իր բանվոր դասակարգով: 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am