ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում դատապարտվել է 25-ամյա պանթյուրքիստ: Նա «Վ կոնտակտե» սոցիալական ցանցում փակ ազգայնական ուղղվածության խումբ է ստեղծել, որին անդամագրվել է մոտ 600 մարդ: Ռուսաստանի հատուկ ծառայությունները համարում են, որ պանթյուրքիստի ծրագրով` յակուտական երիտասարդությունը պետք է հեղափոխություն կատարեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը նշել է, որ խմբի որոշ անդամներ շփվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի երիտասարդ բնակիչների հետ, ովքեր միասնական թյուրքական Մեծ Թուրան պետություն ստեղծելու կողմնակիցներ են: Յակուտ պանթյուրքիստը դատարանում զղջացել է Յակուտիայի Հանրապետությունը ՌԴ կազմից դուրս գալու կոչեր հնչեցնելու համար: Դատարանը նրան տուգանել է 15 հազար ռուբլով ( մոտ 500 ԱՄՆ դոլար): ՌԴ-ում բնակվող յակուտներն ու դոլղանները պատկանում են թյուրքական ժողովուրդներին: 2013 թ. օգոստոսին Սանկտ Պետերբուրգում 6 ամիս ժամկետով դատապարտվել էր ՌԴ բնակիչ Շիրազի Բեքիրովը, ով, ըստ հետաքննության, հանդես էր եկել Մեծ Թուրան ստեղծելու օգտին:
Ռուսաստանում ակտիվացել է միասնական թյուրքական պետություն ստեղծելու օգտին հանդես եկող հոսանքը, որն անվանվում է պանթյուրքիզմ կամ պանթուրանիզմ: ՌԴ հատուկ ծառայությունները համարում են, որ այդ հոսանքը կառավարվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: