Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գյումրին ողողվեց ջազային հնչյուններով

Գյումրին ողողվեց ջազային հնչյուններով

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին նոյմեբերի 8-ին համակվել էր ջազային հնչյուններով. Վարդան Աճեմյանի անվան պետական դամատիկական թատրոնում նոյեմբերի կայացավ համերգ` նվիրված հայկական ջազի 75 և «Ջազը և Գյումրին» նախագծի մեկամյակին: Համերգին մասնակցեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ջազի սիրահարներին իրենց ելույթները նվիրեցին նաև «Ջազ և Գյումրին» նախագծի 2012-2013 թթ. բոլոր համերգների երաժիշտները՝ Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Լևոն Մալխասյանը, Երվանդ Մարգարյանը, Միքայել Ոսկանյանը, Նարինե Առաքելյանը:

«Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակում Գյումրիում կայացել է 5 համերգ, իսկ վեցերորդ համերգը, որը տոնական  էր եւ կազմված երկու մասից.  առաջին մասը նվիրված էր հայ կոմպոզիտորներին,  երկրորդում՝ համաշխարհային ջազային հիթերն  էին:

«Ջազը և Գյումրին» նախագծի շնորհիվ  Գյումրիում արդեն գործում  է ջազ ակումբ և հանրապետությունում առաջինը լույս տեսնող Jazz info պարբերականը: «Նախագծի նպատակը մեկն էր՝ Գյումրիին, որը  չուներ գործող բենդեր և կենդանի հնչողությամբ ջազ լսելու հնարավորություն, տալ այդ հնարավորությունը: Սկզբից կար մտավախություն, որ նախագիծը մեկ համերգից այն կողմ չի անցնի, բայց ուրախ եմ, որ այսօր արդեն անցյալում ունենք հինգ համերգ և նորը շարունակելու մեծ ցանկություն: Այս ընթացքում հաղթահարել ենք խոչընդոտները, կոտրել կարծրատիպեր  և ապացուցել, որ նախագիծն արժանի է ուշադրության և արդեն կայացած է: Այս տարի այս համերգով ավարտում ենք նախագիծը, բայց մյուս տարի կրկին կշարունակվի համերգաշարը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ջազը և Գյումրին» նախագծի հեղինակ Մկրտիչ Մանուկյանը:

Համերգի ընթացքում Jazz info թերթի խմբագիր Լիլիթ Մակարյանը, «Ջազը և Գյումրին» նախագծի հեղինակների անունից հուշանվերներ և շնորհակալագրեր հանձնեց նախագծի բոլոր մասնակիցներին: «Մեկ տարին կարճ ժամանակ է, բայց  նախագիծն ունեցավ բավական բովանդակալից կենսագրություն՝ 2012 թվականի Գյումրիում բացված Ջազ ակումբը, որի տրամաբանական շարունակությունը եղավ «Ջազը և Գյումրին» նախագիծը և «Jazz info» պարբերականը: Սա խոսում է այն մասին, որ գյումրեցիները գիտեն գնահատել իրական արվեստը»- նշեց Լիլիթ Մակարյանը:

Համերգի ավարտին «Արմենպրես»-ի հետ իր տպավորությունները կիսելով` Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը նշեց, որ տպավորությունը մեծ է, իսկ համերգային ծրագիրը հատուկ էր ընտրված: «Դեռ սկզբում ես վստահ էի, որ համերգը շատ լավ է անցնելու: Ցավոք, բավական մեծ ընդմիջումից հետո է, որ նմանատիպ համերգ է անցկացվում: Հուսամ, որ այսուհետ ելույթները կլինեն պարբերական: Խոսքս չի վերաբերում միայն պետական ջազ նվագախմբին, այլ նաև` մյուս խմբերին: Այսօր մենք շատ բան ունենք ներկայացնելու, մեր կապը պետք է ամրապնդվի, քանի որ  մենք մեր փոքր երկրում իրարից հեռացել ենք: Համերգային ծրագիրը կազմելիս որոշեցի անդրադառնալ հայկական ջազի ակունքներին, փորձել շատ սեղմ ներկայացնել ջազի պատմությունը: Շատ ուրախ եմ, որ «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակում հոբելյանկան համերգին հրավիրվեց  Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Կրկին հույս եմ հայտնում, որ նմանատիպ համերգները կլինեն  պարբերական»,- ավելացրեց   Արմեն Հյուսնունցը:

Եթե հայկական ջազը նշում է իր 75 ամյակը, ապա Գյումրիում ջազի պատմության մեկնարկը համարվում է 1960 թվականը, երբ քաղաքում առաջին անգամ ստեղծվել է առաջին Բիգ Բենդը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հենրիկ Մխիթարյան), իսկ 1970 թ.  ստեղծվել է ևս մեկ՝ «Ծիծեռնակ» բենդը՝ Հարություն Սուքիասյանի  ղեկավարությամբ: 1980 թ. Հենրիկ Մխիթարյանի առաջարկությամբ Գուգուշ Թագվորյանին են վստահում Լենինականի «Պիոներ պալատ»-ի մանկական ջազ նվագախումբը, որն այդ տարիների մանկական լավագույն խումբն էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև` Խորհրդային տարածքում: Այն գործել է մինչև 1988 թ. երկրաշարժը, որից հետո քաղաքում ստեղծվում է ևս մեկ խումբ` նորից կոչվելով «Ծիծեռնակ», որը մեծ դժվարությամբ, բայց գործել է մինչև 2004 թ.: Ու թեև հայտնի Տիգրան Համասյանի շնորհիվ Գյումրին հայտնվել է հայկական ջազի պատմության էջերում, Գյումրիում 2004 թ. կարելի է «ջազային մեծ ընդմիջման» ժամանակաշրջան համարել, որը շուրնակվել է մինչև 2012 թվականը՝ «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am