Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիշնեւի 200-ամյա հայկական եկեղեցին աղոթատեղի է նաև օտարազգիների համար

Քիշնեւի 200-ամյա հայկական եկեղեցին աղոթատեղի է նաև օտարազգիների 
համար

ՔԻՇՆԵՎ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժաննա Հովհաննիսյանն այն քիչ մոլդովաբնակներից է, ով ոչ միայն կիրակի, այլև շաբաթվա մյուս օրերին էլ հաճույքով այցելում է Սուրբ Աստվածածին եղեկեցի: Հայրենիքից հեռու գտնվելը նրան չեն խանգարել իր երեխաներին հայեցի դաստիարակելուն. տիկին Ժաննան հայապահպանման հիմնական գործոնը Մոլդովայում և հայկական այլ համայնքներում հայերեն խոսելն է համարում: «Երեխաներս ու թոռներիցս մեկը մաքուր խոսում են հայերեն»,- հպարտությամբ ընդգծեց Հովհաննիսյանը` ավելացնելով որ չնայած առանձին ընտանիքներ պահպանում են հայկական ավանդույթները, սակայն հայրենիքի և միմյանց հետ կապն առավել կամրապնդվեր, եթե ինքնության պահպանմամբ հայերն առավել խանդավառված լինեին:

«Արդեն 43 տարի է, ինչ ապրում եմ այստեղ: Երեք երեխա եմ մեծացրել Մոլդովայում: 1970 թվականի նոյեմբերի 18-ին ամուսնուս, ով մասնագիտությամբ անասնաբույժ է, գործուղեցին այստեղ աշխատելու, և մենք մշտական բնակություն հաստատեցիք»,- պատմում է տիկին Ժաննան:

«Մոդովացիները լավ ժողովուրդ են, թեև առանձնապես նման չեն հայերին, սակայն իրենք էլ են հյուրասեր, և եթե որևէ հյուր են ունենում, ապա առանց հյուրասիրության չեն թողնի հեռանալ»,- ասաց նա: Սեպտեմբերի 21-ին Քիշնևում անցկացվել է ազգային փոքրամասնությունների էթնիկ փառատոն, որին ամեն տարի ակտիվորեն մասնակցում է նաև հայ համայնքը: «Արմենպրես»-ի թղթակիցը հենց Քիշնևի կենտրոնում տեղակայված եկեղեցում հանդիպեց հայ համայնքի ղեկավարի և ներկայացուցիչների հետ:


Հայապահպանման հիմնական գործոնը հայերենի իմացությունն է

 Մոլդովայի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցուն առնընթեր կիրակնօրյա դպրոցը նոր ուսումնական տարում ընդունելություն է հայտարարել: Դեռևս 1804 թվականից մայրաքաղաք Քիշնևում հիմադրված եկեղեցին Մոլդովայի հայ համայնքը միավորող հոգևոր, գրական և մշակութային կարևոր օջախներից մեկն է: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ 2012 թվականի հունվարից այստեղ հոգևոր հովվի պատասխանատուի առաքելությունը ստանձնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Նշան աբեղա Պետրոսյանը, ով մեր հանդիպման ընթացքում աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում:

«Մեր եկեղեցի, բացի հայերից, հաճախում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ: Ասում են` շատ լավն է այստեղի մթնոլորտը, հանգստացնող է»,- եկեղեցու առօրյան ներկայացնելով` պատմեց աշխատակից 80-ամյա Զինաիդա Պետրոսյանը, ով Մոլդովա է տեղափոխվել Բաքվից:

Նրա խոսքով` այստեղ պարբերաբար կազմակերպվում են մկրտության, պսակադրության արարողություններ, ինչպես նաև Տյառնընդառաջի հանդիսություններ: Խնամված այգով շրջապատված եկեղեցու բակում այլ հուշարձանների կողքին կանգնեցված է նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը: Եկեղեցին առավել մարդաշատ է կիրակի օրերին, երբ մատուցվում է սուրբ պատարագ:  

Մոլդովայի հայ համայնքին նոյեմբերին ղեկավարի փոփոխություն է սպասվում 

«Մոլդովայում հայերն ունեն պատմական արմատներ, հայկական համայնքը Մոլդովայի տարածքում արդեն մոտ 200 տարվա պատմություն ունի, իսկ նորագույն պատմության կենսագրության սկիզբը դրվել է 1992 թվականից: Շատ մեծ փոխգործակցություն կա երկու երկրների միջև»,- ասաց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Սերգեյ Օսիպյանը` հավելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև համագործակցություն առկա է բոլոր մակարդակներում` քաղաքական, հասարակական, մշակութային:


Օսիպյանը 28 տարի ապրում է Մոլդովայում, համայնքը ղեկավարում է արդեն 6 տարի: Նոյեմբերին համայնքում նախանշված է նոր ղեկավարի ընտրություն: «Արդեն 6 վեց տարի է` ղեկավարում եմ համայնքը: Ընտրություններից հետո ակտիվորեն շարունակելու եմ կապը համայնքի հետ. ցանկանում եմ նոր նախագահ լինի, որպեսզի համայնքի ղեկավարումը նոր շունչ ստանա, թարմացվի, ես կցանկանայի նոր ղեկավարի պաշտոնում տեսնել լրագրող, ակտիվ հասարակական կյանքով ապրող Էռնեստ Վադանյանին»,- տեղեկացրեց  նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ «վաղեմի» տարաձայնություններ կան համանքի և Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վեներա Գասպարյանի միջև, Oսիպյանը նշեց, որ որեևէ կոնֆլիկտ չկա: «Բացարձակ որևէ խնդիր չկա, կարծում եմ, որ մեր համայնքը պետք է ակտիվանա, ոչ թե հակառակը` մասնատվի»,- ընդգեց նա` նշելով, որ Գասպարյանը պարզապես առանաձնացել է համայնքից և հասարակական ակտիվ գործունեությունն է ծավալում մի խումբ համախոհների հետ:

Համայնքի ղեկավարը հույս հայտեց, որ առաջիկայում այդ փոքր խնդիրներն էլ կվերանան, և Մոլդովայի հայությունը առավել միասնական կդառնա: «Այժմ մոտ 10 հազար հայ է բնակվում Մոլդովայում, սակայն ամենաակտիվների թիվը հասնում է 50-ի»,- նշեց Օսիպյանը:

Ինչպես շատ համայնքերում, Մոլդովայում էլ հայերի հիմնական խնդիրը ֆինանսների բացակայութունն է, ինչը հաճախ տարատեսակ միջոցառումներ չիրականացնելու հիմնական խոչընդոտն է:

«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն ամեն կերպ փորձում է պահել մեզ հետ կապը, և մենք արձագանքում ենք հնարավոր բոլոր դեպքում»,- ավելացրեց Օսիպյանը: Սփյուռքի նախարարությունը տարիներ առաջ աջակցել է նաև կիրակնօրյա դպրոցի համար անհրաժեշտ դասագրքերի ձեռքբերման հարցում: Վերջերս Մոլդովա էր ժամանել նաև Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը, որը  հանդես է եկել կրթական փոխանակման ծրագրերի առաջարկով:

Պատմական ակնարկ

Մոլդովայի տարածքում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները թվագրվում են 6-7-րդ դարերում: Հետագայում հայերի հոսքը զանգվածային բնույթ է ստացել 11-րդ դարի 60-ականներից։ Առաջին հայ բնակիչները Մոլդովայի տարածք են եկել Ղրիմից, այնուհետև՝ Հայաստանից, Կիլիկիայից և Փոքր Ասիայից։

Հայերը, բացի Քիշնևից, բնակվում են նաև Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում: Մոլդովայի հայ համայնքում գործում է հայկական հասարակական մի քանի կազմակերպություններ: Քիշնեւի կենտրոնում տեղակայված է նաև «Հայկական» անունը կրող փողոցը (Armeneasca Street), կա հայկական շուկա և գերեզմանատուն:

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 18-ին: 

Հայ համայնքի հետ հանդիպեց Տաթևիկ Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am