Հատուկ նախագծեր

«Ականատեսը». Կեսարիայից գաղթի ճանապարհի եւ 1,5 դարյա «Նարեկի» մոգական ուժի պատմությունը

9 րոպեի ընթերցում

«Ականատեսը». Կեսարիայից գաղթի ճանապարհի եւ 1,5 դարյա «Նարեկի» մոգական ուժի պատմությունը

«Արմենպրես»-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող «Ականատեսը» հատուկ նախագծի երեւանյան շարքը եզրափակվում է ցեղասպանությունը վերապրած 101-ամյա Մարիամ Մեյմարյանի պատմությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տեղաշարժվելու համար հատուկ սարքի հետ մեկտեղ բազկաթոռի կողքին մշտապես դրված են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն ու 90-տարվա վաղեմություն ունեցող Ավետարանը: Դրանց յուրաքանչյուր տողն առանձնակի խորհուրդ ունի 1912 թվականին Կեսարիայում ծնված Մարիամ Մեյմարյանիհամար:«Չեմ լսում, բայց մինչ այսօր կարդում եմ Ավետարան եւ Գրիգոր Նարեկացի: Ավետարանը միայն աղոթքի համար չէ, այն իմաստություն է եւ գիտություն»,- վստահեցնում է պատմության հերոսուհին, ում համար ամենօրյա աղոթքը առօրյայի անբաժանելի մասն է:Չնայած ծերությամբ պայմանավորված հիվանդություններին եւ առողջության անկումներին` Մարիամը կարծում է, որ լավ կյանք է ապրել, քանի որ առաջնորդվել է Աստծո պատվիրաններով:Նա սրբորեն է պահպանում 1858 թվականին գրաբարով հրատարակված «Մատյան ողբերգության» պոեմը, որում Մարիամի հայրը մատիտով յուրաքանչյուր տողի նշանակության մասինձեռագիր նշումներ է արել:

Մարիամ Մեյմարյանի հուշերում Մեծ եղեռն ամբողջանում է նաեւ մոր պատմածով: Վերհուշն աղոտ է, սակայն 101-ամյա ականատեսի համար մեկ բան հաստատ`«Արդար եղիր, իրավունք պաշտպանի եւ երկար կապրես»:

Պատմական տեղեկանք

Կեսարիան, (նախկին անվանմամբ Մաժաք) քաղաք Կապադովկիայում (այժմ` Թուրքիայի Կայսերի վիլայեթի վարչական կենտրոնը): Կապադովկիայի հնագույն բնակավայրերից է: Համաձայն Մովսես Խորենացու՝ կառուցել է Հայոց թագավոր Արամի կուսակալ Մշակը` իր անունով, հետագայում անունն աղավաղվել է` դարձել Մաժաք: 1915թ. Կեսարիան ուներ 60-70 հազար բնակչություն, որից 20 հազարը` հայ: Հայերն զբաղվել են արհեստներով (մասնավորապես հռչակված էին ապխտագործները) և առևտրով, հիմնել գործարաններ: Լուսավորչական հայերն ունեին երեք եկեղեցի (Ս.Աստվածածին, Ս.Լուսավորիչ, Ս.Սարգիս), ավետարանական հայերը` երկու, կաթոլիկ հայերը` մեկ: Գործել են հայկական դպրոցներ` Հայկյան, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, Ժառանգավորաց վարժարան և որբանոց, մանկապարտեզներ, ինչպես նաև՝ մասնավոր վարժարաններ: 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ թուրքական իշխանությունները Կեսարիայի հայերին բռնությամբ տեղահանել են և մեծ մասին կոտորել: Փրկվածների մի մասը տարագրվել է օտար երկրներ: 1938թ. Կեսարիայում ապրում էր եղեռնից վերապրած շուրջ 2000 հայ: 1989թ. կար փոքրաթիվ հայ համայնք, գործում էր Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1969թ. ՀՀ Արմավիրի շրջանում հիմնվել է Նոր Կեսարիա ավանը:

Մարիամը պատմում է, որ իր մորաքույրն ու մայրը 1915 թվականին իրենց երեխաների հետ Կեսարիայից գաղթել են Կիլիկիայի Ադանա քաղաք աշխատելու գործարանում, սակայն, վերադառնալով Կեսարիա, իրենց տունը թալանված են գտել:«Նրանք գործարանում խալի են գործել, բուրդ են մանել, իսկ 1918 թվականներին նորից կոտորածներ են սկսվել եւ մայրս գաղթել է Հունաստան, իսկ մորաքույրս Բեյրութ»,- նշում է պատմության հերոսուհին` ավելացնելով, որ հայրը` Տիգրանը, ըմբիշ է եղել, ում մոտ 30 հոգուց բաղկացած ընտանիքին սպանել են:

Մարիամի դուստրը` Նվարդը, հուզմունքը թաքցնել չկարողանալով, մեջբերում է, որ դեպի Հունաստան գաղթի ճանապարհին իր տատը` Իսկուհին, բացի Մարիամից եւ քրոջից, եռյակ դուստրերի մասին է հոգ տանում:«Տատիկս եռյակ երեխաներ է ունեցել: Նա գաղթի ճանապարհին հաճախ է ուշաթափվել, ճանապարհին արաբներ են եղել եւ համոզել են, որ աղջիկներին իրենց տա, սակայն նա չի համաձայնել: Մեկ անգամ էլ ուշաթափվելուց հետո զարթնել եւ տեսել է, որ երեք աղջիկները չկան: Նրան ասել են, թե երեխաները մահացել են, սակայն տատս մինչեւ կյանքի վերջ էլ չէր հավատում, որ նրանք մահացել են կարծել է, որ հենց այդ արաբներն են տարել երեխաներին»,- պատմում է Մարիամի դուստրը:

Պատմական տեղեկանք

«Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գրքում հեղինակ Ռուբեն Մելքոնյանը «Երեխաները` Հայոց ցեղասպանության եւ բռնի կրոնափոխության զոհեր» գլխում գրում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ երեխաներ են առեւանգվել թուրքերի եւ քրդերի կողմից, այնուհետեւ բռնի իսլամացվել: Օրինակ` գերմանացի արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը աքսորյալ հայ կանանց, երեխաներին համարում էր «իսլամի իսկակական ավար»: Որբ մնացած հայ երեխաների մի մասը օսմանյան իշխանությունների հրամանով եւ նախաձեռնությամբ բաժանվել է մուսուլման ընտանիքներին, ինչպես նաեւ հավաքվել են թուրքական որբանոցներում եւ իսլամացվել: Այս մասին վկայող փաստեր են պահպանված օսմանյան արխիվներում, տեղ են գտել հայ պատմագրության եւ գրականության մեջ: Համադրելով տարբեր աղբյուրների ներկայացրած տվյաները` հեղինակը գրում է, որ Հայոցցեղասպանության տարիներին հայերիբռնի իսլամացումն ու ձուլումը կատարվեն են երկու մակարդակով` պետության եւ հասարակության լայն խավերի կողմից:

Բնակություն հաստատելով Հունաստանում` Մարիամի ընտանիքը տարիներ անց` 1947 թվականին վերադառնում է Հայաստան: Մինչ այդ, 1940 թվականին Մարիամն ամուսնանում է, ունենում երեք երեխա` երկու աղջիկ եւ մեկ տղա: Մարիամը պատմում է, թե ինչպես է մորից ժառանգել գորգագործության հմտությունները:«Դեռեւս Հունաստանում եմ մորիցս սովորել գորգ գործել: Մայրս մանկաբարձ էր, լավ բժշկություն գիտեր, սակայն փոքրուց գորգագործությամբ էր զբաղվել, մանում էր, գործում, վարպետ էր ամեն ինչի»,-հպարտությամբպատմում է Մարիամը` ընդգծելով, որ տարիներ շարունակ արդեն Երեւանում ինքը նույնպես գորգագործությամբ է զբաղվել եւ երեք թոռներից ու երեք ծոռներից յուրաքանչյուրի համար անհատական գորգ է գործել եւ նվիրել:«Իմ գործած գորգերն աշխարհի շատ երկրներով են տարածվել, չկա մեկը, որ այն տեսնի եւ չճանաչի»,- հավաստիացնում է Մարիամը, ում ձեռագործ գորգերը տարբերվում են ոչ միայն բնական թելերի հարուստ երանգներով, այլեւ հատուկ զարդանախշերով:

Պատմականտեղեկանք

Հունաստանիհայհամայնքիթվաքանակը1923թ.հասելէգագաթնակետին(120հազ.մարդ)՝կապված դեռեւս19-րդ դարի90-ականթթ.հայկականկոտորածների, 20-րդդարասկզբիՀայոցցեղասպանությանեւ հույն-թուրքականպատերազմի(1919 1922թթ.)հետեւանքովհազարավորհայերի՝դեպիայդերկիրզանգվածայինգաղթիհետ։Հետագայում, սակայն,նկատվելէհայբնակչությանարտահոսք ՀունաստանիցինչպեսԽորհրդայինՀայաստան,այնպեսէլեվրոպականավելիզարգացած երկրներուԱՄՆ։ ԴեպիԽորհրդայինՀայաստանգաղթըպայմանավորվածէր հայրենադարձությանքաղաքականությամբ,որինիրակտիվեւոգեւորվածմասնակցությունը բերեցՀունաստանիհայհամայնքը։1924-27թթ., 1932-33թթ.եւ1946-47թթ.Մեծ հայրենադարձությանտարիներինԽորհրդայինՀայաստանիճամփանբռնեցինմոտ60հազ. հունաստանաբնակհայեր:

Շարունակելով ընտանիքի պատմությունը` Մարիամը նշում է, որ հիշում է, թե ինչպես էին ծնողները իրենց հասակակիցների հետ երեկոյան հավաքվում եւ մինչ առավոտ երկար զրուցում Հայոց ցեղասպանության, իրենց հետ կատարվածի մասին:«Յուրաքանչյուր պատմության մասին մի ամբողջ գիրք կարելի է կազմել: Բայց որոշ բաներ էլ կան, որ չի կարելի պատմել»,- պարզաբանում է ցեղասպանության ականատեսը:Հետաքրքրկան է նաեւ հերոսուհու հորաքրոջ պատմությունը, ով հմուտ խոհարար էր եւ ապրել է Ստամբուլում թուրք ընտանիքի տանը:«Մորս հորաքույրը խոհարար է աշխատել թուրք հայտնի կառավարական պաշտոնյայի տանը, սակայն երբ նա 1968 թվականին եկավ Երեւան, արդեն 80-ն անց կին էր, ասաց, որ չնայած թուրքերը իրեն լավ են վերաբերել, սակայն միշտ էլ պատրաստ են ինչ-որ բան պատահելու դեպքում մորթել հայերին»,- ասում է Նվարդը: 1972 թվականին Մարիամը մեկնում է Ստամբուլ, գտնված հորաքրոջը այցելելու: Թուրքիայում չի բարձրաձայնում իր հայ լինելու մասին, այլ ներկայանում է որպես Եգիպտոսից ժամանած հյուր: Մարիամը վարժ տիրապետում է թուրքերենին եւ հունարենին:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում