1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արարատ 73»- 40 տարի անց. Սանասար Գեւորգյանը լավ պաշտպան էր ու շատ էր սիրում երգել «Նունե» երգը

«Արարատ 73»- 40 տարի անց. Սանասար Գեւորգյանը լավ պաշտպան էր ու շատ էր 
սիրում երգել «Նունե» երգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի հիմնական օղակներից մեկը, իրենք` «արարատցիները», համարում էին պաշտպանությունը: Այդ տարիներին թիմի աջ պաշտպանության գծում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Սանասար Գեւորգյանն էր: Չնայած տարիքին` նա ուներ փորձառու մարզիկին վայել համառություն, խաղին անմնացորդ նվիրվելու կամք ու ձգտում: Անշուշտ, նման մոտեցումը չէր կարող իր ազդեցությունը չթողնել հանդիպման վերջնական արդյունքի վրա: «Արարատ 73»-ի փառահեղ պատմության մեջ իր հաստատուն խոսքն է ասել վաղամեռիկ ֆուտբոլիստ Սանասար Գեւորգյանը: Նրա մասին խոսելիս ավագ ընկերները ոչ միայն ցավ են ապրում, այլ նաեւ կարոտով ներկայացնում նրա միշտ ժպտացող դեմքը: «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Արարատ-73»-ի հայտնի եւ անհայտ էջերը: 

Սանասար Գեւորգյան:

Ծնվել է 1951 թվականին: Պաշտպան: Սպորտի վարպետ: 1970 թվականից ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1973-ին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ   չեմպիոն: 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր:   1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր: Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական եւ օլիմպիական հավաքականներում: Պարգեւարտվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 160 հանդիպման, խփել 4 գնդակ: Մահացել է 1989 թվականին:

 

«Արարատ-73 »-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը մեծ ցավով ու կարոտով հիշեց Սանասար Գեւորգյանին. «Սանասարը մեր մեջ ամենափոքրն էր, բայց հրաշալի պաշտպան էր, գիտեր իր գործի արժեքը, պատասխանատվության մեծ զգացում ուներ: Շատ նվիրված ֆուտբոլիստ էր»:

Թիմի ձախ պաշտպան  Նորիկ Մեսրոպյան. «Սանասարն այն բացառիկ ֆուտբոլիստներից էր, ով դաշտում «սրբորեն» կատարում էր մարզիչների հանձնարարությունները: Սանասարը յուրօրինակ կերպար էր, մարզիչների հրահանգները նրա համար օրենքի ուժ ունեին:  Դժվարանում եմ որպես միայն պաշտպան խոսել նրա մասին, նա լավ ֆուտբոլիստ էր: Սանասարին հաջողվում էր հրաշալի համագործակցել թե կենտրոնական պաշտպանի եւ թե կիսապաշտպանների հետ: Պաշտպանության հետ միաժամանակ նա չէր մոռանում նաեւ հարձակվելու մասին: Շատ կտրուկ շարժումների տեր էր, բայց կոպիտ չէր: Սանասարը ընտանիքի շատ նվիրյալ հայր էր, երկու երեխա ուներ, նրանց անսահման սիրում էր: Անհագ կերպով սիրում էր ուրախանալ»:

Պաշտպան Սուրեն Մարտիրոսյան. «Սանասար Գեւորգյանը անձուրաց պաշտպան էր: Խաղադաշտում ուրիշ էր, մինչեւ վերջ տրվում էր խաղին, խաղում էր մինչեւ վերջ, երեւի անմնացորդ նվիրումը չէր թողնում հոգնի: Հաճախ լինում են ֆուտբոլիստներ, որոնց մոտ եթե խաղը չի ստացվում, նրանք հանձնվում են, իսկ Սանասարն այդպես չէր, անգամ այն դեպքում, երբ խաղը չէր ստացվում, նա համառորեն ձգտում էր չկանգնել, մնալ խաղի մեջ: Եթե անգամ մրցակցի հարձակվողներին հաջողվում էր խաբս տալ նրան, միեւնույնն է չէր հանձնվում, գնում էր, գնում այնքան մինչեւ խափանի նրանց գրոհը»:

Հարձակվող Նիկոլայ Ղազարյան. «Նա մեր ժամանակի ուժեղագույն ֆուտբոլիստներից էր:  Խաղացել է ԽՍՀՄ պատանիների հավաքականի կազմում: Իսկ «Արարատ»-ում  Սանասար Գեւորգյանն իրեն դրսեւորեց որպես իսկական, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Նրա նման լավ պաշտպաններ քիչ կային ԽՍՀՄ ֆուտբոլի պատմության մեջ: Ուներ տեխնիկական լավ պատրաստվածություն, երբեք կոպիտ չէր խաղում, իր ուրույն ոճով կարողանում գեղեցիկ, հրաշալի ֆուտբոլ խաղալ: Նա կարողանում էր յուրօրինակ կերպով «բռնել» հակառակորդին` իր ճկունությամբ, մեծ տեխնիկայի շնորհիվ: «Արարատ-73»-ի հաջողություններում իր մեծ ներդրումն ունի մեր Սանասարը: Իսկ խաղադաշտից դուրս շատ համեստ տղա էր, մարդամոտ ժպիտով: Ով նրա հետ ընկերություն է արել, կարծում եմ, երբեք չի մոռանա նրա անհասման բարությունը: Հրաշալի ուսուցիչ էր երիտասարդների համար, ում սովորեցնում էր»:

Կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն անսահման կարոտով հիշեց Սանասար Գեւորգյանին. «Չնայած որ Սանասարը մեր թիմի ամենափոքրն էր, բայց երբեք փոքրի «առավելություններից» չօգտվեց: Շատ ամաչկոտ էր, գիտեր մեծի հարգանքը պահել, բայց մարզադաշտում, այն պաշտպանն էր, ում կարող էիր տեսնել նաեւ հարձակման գծում: Հիմա չեմ ուզում անցյալով խոսել նրա մասին: Սանասարը ծանր մանկություն էր ունեցել, բայց իր կամքով եւ նպատակասլացության շնորհիվ դարձավ «Արարատ 73» լավագույն ֆուտբոլիստներից մեկը»:

Լեւոն Իշտոյան. «Սանասարը շատ համարձակ էր խաղի ժամանակ: Համեստ, զուսպ, շատ աշխատասեր էր: Մի դեպք եմ հիշում նրա հետ կապված: Ձորաղբյուրի բազան նոր էին կառուցել, բոլորս այնտեղ էինք: Մեր թիմի պետ Էդուարդ Գրիգորյանը սիրում էր դռան տակից լսել, թե մենք ինչ ենք խոսում: Սանասարն էլ շատ էր սիրում երգել «Նունե» երգը: Մի անգամ Գրիգորյանը լսել է երգը մինչեւ վերջ, դուռը բացել եւ ասել. «Սանասար էլ չերգես, թիմից կհեռացնեմ, որովհետեւ երգել չգիտես»»:

Արմեն Սարգսյան. «Սանասարը լավ կոփված էր: Օրինակ, Դինամո «Կիեւ»-ի հետ խաղում Բլոխինի դեմ միշտ Սանասարն էր խաղում: Իսկ մարզումների ժամանակ ինքը պահում էր Լեւոն Իշտոյանին: Մի անգամ էլ Սանասարը դաշտով մեկ գոռաց. «Այ տնաշեն այնպես ես մոտենում ինձ կարծես թշնամիդ եմ»: Այսպիսին էր մեր վաղամեռիկ ընկերը, ում ոչ մեկս չենք մոռանում»:

Հաղթանակներն ու դրանց կերտողները չպետք է մոռացվեն` որքան էլ ժամանակը դա կամենա, միեւնույնն է, մոռացումի փոշին անգամ անզոր է խամրեցնելու հաղթանակի փայլը:    

Սանասար Գեւորգյանի մասին ընկերների հուշերը երախտագիտության գրի առավ Վարվառա Հայրապետյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]