1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքական Էրուհ քաղաքի հայկական եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի

Թուրքական Էրուհ քաղաքի հայկական եկեղեցին վերածում են իսլամական 
դպրոցի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էրուհ քաղաքի Դիհ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Հովաննես եկեղեցին, առանց որևէ թույլտվության, վերածում են աղջիկների համար իսլամական կրոնական դպրոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանության ընկերության Սիիրթի (Սղերթ) մասնաճյուղի ներկայացուցիչները:

«Սա բռնություն է հայ ժողովրդի դավանանքի և ապրելու իրավունքի նկատմամբ: Ներկայում անհրաժեշտ է վարչական և քրեական հետաքննություն սկսել պատասխանատուների նկատմամբ»,- ասել են կազմակերպության անդամները: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության մասնաճյուղերից մեկի ղեկավար Սերդար Բաթուրը` ցույց տալով համապատասխան լուսանկարները, հայտնել է, որ ներկայում եկեղեցու հայերեն գրություններով և խաչով քարերն օգտագործվում են այլ շինություն կառուցելու համար:

 

Բաթուրը պատմել է, որ եկեղեցին նախկինում այցելում էին նաև մահմեդականներ, ովքեր գալիս և մոմ էին վառում այնտեղ, իսկ ապրիլի սկզբներին մի խումբ կանայք եկել են եկեղեցու տարածք, ուտելիք են պատրաստել և բաժանել գտնվողներին: Նրա խոսքերով` պատմական պաշտամունքի վայրի փոխարեն այլ շինություն կառուցելը նպատակ ունի ջնջել պատմությունը:

Մարդու իրավունքների կազմակերպության մեկ այլ անդամ Զանա Աքսուն խոսել է Էրուհ-Սիիրթ շրջանում գտնվող հայկական գերեզմանների առկայության մասին, որոնք ի հայտ են գալիս ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: «Մեքենաների փորելու արդյունքում շուրջ 100 քառակուսի մետր գերեզման ի հայտ եկավ: Գյուղացիները հավաքեցին գերեզմանից դուրս եկած ոսկորները և իրենց տեղը դրեցին: Սակայն իշխանությունները ոչինչ չարեցին այս կապակցությամբ»,- նշել է Աքսուն, ով միաժամանակ ընդգծել է 1915 թվականին տեղի ունեցած պատմական դառը դեպքերի հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Խոսելով հայկական եկեղեցու տարածքում ներկայում ընթացող շինարարության մասին` նա նշել է, որ այս գործողությունների միակ նպատակը հայերի հետքերը ջնջելն է: «Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել այս վայրում սկսված շինարարությունը: Անհրաժեշտ է այս և սրա նման մյուս կառույցները վերանորոգել և բաց անել զբոսաշրջանության համար: Տարածաշրջանի ժողովուրդների խճանկար հանդիսացող նման կառույցները պետք է պահպանվեն»,- վստահեցրել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]