Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Հայ դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակը անարգած ադրբեջանցի խուլիգաններին

Հայ դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում 
Սումգայիթի զոհերի հիշատակը անարգած ադրբեջանցի խուլիգաններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում փետրվարի 26-ին «Սումգայիթյան իրադարձությունները 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» թեմայով ոգեկոչման արարողության ժամանակ լկտի վարք դրսեւորած երկու ադրբեջանցիների: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը: «Մենք, իբրեւ կուսակցություն, արդեն ֆրանսիական իշխանություններից պահանջել ենք դատ հարուցել ադրբեջանցիների դեմ»,- ասաց Վարժապետյանը՝  հստակեցնելով, որ դատական պահանջը «Ֆիզիկական, բարոյական եւ արտահայտման  ագրեսիա» ձեւակերպման ներքո  արդեն ներկայացվել է դատարան:

Վարժապետյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ֆրանսիական ոստիկանության կողմից հաստատվել է կատարվածի`Ադրբեջանի դեսպանատան կողմից սադրանք լինելը: «Դեպքից 5 րոպե չանցած Ադրբեջանի դեսպանը եւ նրա անձնակազմը հայտնվեցին խորհրդարանում՝ դիվանագիտական բողոք բարձրացնելու համար»,- ասաց Վարժապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես դեպքից մի քանի րոպե անց ողողել էին խորհրդարանի շրջակայքը: «Փարիզում ամենակարճ ճանապարհորդությունն առնվազն 30 րոպե է տեւում: Արագ լուր ստանալու եւ ժամանելու համար առնվազն մի ժամ էր պետք, այնինչ ադրբեջանցիները տեղում էին մի քանի րոպեից»,- նկատեց Վարժապետյանը:

Վարժապետյանը ներկայացրեց Ֆրանսիայի խորհրդարանում փետրվարի 26-ին տեղի ունեցած անախորժ միջադեպի հանքամանքները: Նրա ներկայացմամբ՝  ՀՅԴ «Հայ դատի» Ֆրանսիայի գրասենյակի կազմակերպած միջոցառմանը մեծաթիվ ֆրանսիացի պատգամավորներ եւ հյուրեր էին ներկա: «Ամեն ինչ խաղաղ ընթացավ, տեղի ունեցան քաղաքական բարձր մակարդակի ելույթներ: Հայ համայնքի ղեկավարության պատգամն այն էր, որ 25 տարի հետո միակ ելքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է»,- ասաց նա: Վարժապետյանը նշեց, որ երկրորդ պատգամը սփյուռքահայության եւ հատկապես ֆրանսիահայության  կողմից Արցախի ժողովրդին զորակցության հայտնումն էր՝ իր ճակատագիրը ընտրելու հարցում:

Հայ դատի գրասենյակի ղեկավարն ասաց, որ միջոցառման վերջում հայ հաղորդավարուհին մեկ րոպե հոտնկայս լռության էր հրավիրել դահլիճում ներկաներին՝ Սումգայիթի զոհերի հիշատակը հարգելու համար: «Երկու ադրբեջանցիներ, որոնք անկոչ հյուրեր էին եւ ներս էին թափանցել գաղտնի, չկանգնեցին»,- ասաց Վարժապետյանը՝ հավելելով, այդ ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, դիմելով ադրբեջանցիներին, նրանց արարքը անարգանք է որակել զոհերի հիշատակին եւ Ֆրանսիայի Ազգային Ժողովին` բարձրաձայն ոտքի հրավիրելով  նրանց:

«Այդ երկու լկտիներն ասացին, որ իրենք ոտքի կկանգնեն Խոջալուի համար»,- ասաց Վարժապետյանը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարը նշեց, որ ներկաները դրանից հետո դահլիճից դուրս են հրավիրել անկոչ հյուրերին, որից հետո, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք հայտնվել են հիվանդանոցում: «Դա դեռ պետք է ճշտենք»,- ասաց նա: Վարժապետյանն արձանագրեց, որ Հայ դատի գրասենյակի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությունն ամբողջական է, իսկ փոխադարձ զորակցությունը՝ 100 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am