Քաղաքականություն

ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

2 րոպեի ընթերցում

ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»–ին այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա:

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–շեշտել է նա:

Ըստ փոխարտգործնախարարի՝ լինում են հակասություններ: «Բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,–ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում