Հետահայաց

«Հետահայաց». «Մարտիրոս Սարյանի» հուշամեդալից մինչեւ հետաքրքրական բացահայտումներ

13 րոպեի ընթերցում

«Հետահայաց». «Մարտիրոս Սարյանի» հուշամեդալից մինչեւ հետաքրքրական բացահայտումներ

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Հայաստանի խորհրդանիշերից մեկին` հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին: 1980 թվականին այս օրը` Սարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, թողարկվել է նրան նվիրված յուրօրինակ հուշամեդալ: «Արմենպրես»-ը գնաց հուշամեդալը գտնելու եւ ստեղծման նախապատմությունը ներկայացնելու հետքերով, արդյունքում բացահայտեց նորանոր հետաքրքիր մանրամասներ:

Հուշամեդալն էլ կարող է արվեստի նմուշ լինել, եթե…

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1980 թվականին` Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, Հանրապետության գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատը թողարկել է հուշամեդալ, որի վրա հայերենով եւ ռուսերենով փորագրված էր Սարյանի անունը:

Հուշամեդալի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեց, որ Սարյանի հետ ունեցած «կապը» թեեւ միայն այդ հուշամեդալով չի սահմանափակվում, այնուամենայնիվ, դա էլ է մնացել հիշողության մեջ եւ մինչեւ այսօր հիշելիս անգամ հպարտություն է արթնացնում: Հուշամեդալի երեսի կողմում վրձնի մեծ վարպետի ռելիեֆային դիմանկարն է, իսկ հակառակ կողմում` «Հայաստան աշխարհ» պաննոն: «Հուշամեդալն իսկապես Սարյանի 100-ամյակի հետ կապված մնայուն հիշողություն է»,- ընդգծեց քանդակագործը` հիշելով, որ այն ձուլված էր արծաթից, որոշակի հատվածներում ոսկեջրած էր, որը յուրատեսակ հմայք էր հաղորդում: Անգամ տեսնողները զարմացած բացականչել են` փաստորեն հուշամեդալն էլ կարող է արվեստի նմուշ լինել: Լեւոն Թոքմաջյանը նաեւ տեղեկացրեց, որ ամբողջ գործընթացը կատարվել էր Հայաստանում, սակայն ձուլման համար ուղարկվել է Մոսկվա` «այնտեղ լավ էին ձուլում»: Ուշագրավ է, որ հուշամեդալի իր օրինակը չկարողացավ գտնել Լեւոն Թոքմաջյանը: Համապատասխան օրինակ չկա նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Մարտիրոս Սարյան` Հայաստանի յուրատիպ խորհրդանիշ

Մարտիրոս Սարյանն իսկապես Հայաստանի խորհրդանիշներից է: Նա Հայաստանի կառուցողներից է, շենացնողներից, մշակութային վերածնունդը ղեկավարողներից մեկը: Հայաստանում նրա անվան հետ շատ բան է կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում հպարտությամբ թվարկում է Սարյանի թոռնուհի, տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նրա խոսքով` Մարտիրոս Սարյանը դարձավ արդի հայ գեղանկարչության դպրոցի հիմնադիրը եւ տրամաբանորեն պետք է լիներ որեւէ գեղարվեստական բուհ, որը կկրեր նրա անունը, բայց այդպես չեղավ: Գեղարվեստի ուսումնարանը կրում է Փանոս Թերլեմեզյանի անունը, իսկ Գեղարվեստի պետական ակադեմիան անվանակոչված չէ:

«Սակայն կա Սարյանի անունով մի դպրոցը, որը մասնագիտացված է արվեստի ուղղությամբ: Շատ լավ դպրոց է, մի շարք համագործակցության ծրագրեր ենք իրականացնում համատեղ»,-նշեց թանգարանի տնօրենը` ցավով նշելով, որ ավագ դպրոցի սիստեմի անցման հետեւանքով դպրոցը դարձել է միջնակարգ. դրա արդյունքում սաների թիվը նվազել է: Երեւանում կա Սարյանի անունով փողոց, որը սկսում է Թումանյանի թանգարանի մոտից եւ ավարտվում Մաշտոցի պողոտայով եւ հենց այդ փողոցի վրա է գտնվում նրա տուն-թանգարանը, որը հիմնադրվեց 1967 թ-ին` Սարյանի կենդանության օրոք: Ռուզան Սարյանի տեղեկացմամբ` Վարպետn իր կյանքում ունեցել է երկու թանգարանների հիմնադրման փորձ` խոսքը վերաբերում է Դոնի Ռոստովի երկրագիտական եւ Հայաստանի պատմության մեջ առաջին Պետական թանգարաններին: Սարյանի ներդրումը մեծ է նաեւ համերգասրահների ձեւավորման մեջ: Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում կարելի է տեսնել նրա հեղինակած «Հայաստան» պաննոն: Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կա նրա եռամաս հրաշակերտ վիտրաժը: Սարյանի պաննոներից մեկը զարդարում է Կոմպոզիտորների տան համերգասրահը: Սա իհարկե Երեւանում, սակայն Հայաստանի ուրիշ քաղաքներում կամ գյուղերում Սարյանի անունը որևէ կերպ չի հիշատակվում: «Կարելի էր չէ որեւէ գյուղ Սարյանի անունով կոչել, նա այնքան գյուղեր է անմահացրել իր կտավներում, կամ հենց Գագարին ավանը` Սևանից ոչ հեռու: Այդ ավանի անունն այսօր ինչ է ասում հայ մարդու սրտին»,- փաստում է թանգարանի տնօրենը: «Կա եւս մի խնդիր, որը վաղուց պետք է գտներ իր լուծումը: խոսքը Խորհրդային տարիներին կերպարվեստի ասպարեզում հիմնած Սարյանի անվան մրցանակի մասին է, որն արդեն 20 տարի գոյություն չունի: Բայց չէ որ ոչ ոք չի վերացրել կառավարության որոշումը: Ժամանակն է այն կրկին կյանքի կոչել: Մեզնից է կախված Սարյանի անունը ավելի լայն հնչեցնել աշխարհում: Հույս ունենաք, որ դժվարություննեը հաղթահարելով` կհասնենք մեր նպատակին»,- ասաց նա:

Սարյանի արձանը` Երեւանի սրտում. քանդակի հեղինակը սպասեց ուղիղ 4 տարի

Երեւանի սրտում է տեղադրված Մարտիրոս Սարյանի արձանը: Մարմարե քանդակի հեղինակը դարձյալ Լեւոն Թոքմաջյանն է, իսկ ճարտարապետը` Արթուր Թարխանյանը։ Այն Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Ինչպես պատմում է քանդակագործը, թեեւ ինքը հաղթել էր համապատասխան մրցույթում, հայտնի էր արդեն, որ ինքը պետք է դառնար քանդակի հեղինակը, այնուամենայնիվ, որոշում է կայացվում արգելել նոր քանդակների տեղադրումը: Որոշումն իրոք հարված էր վերջինիս համար, քանի որ մտքում ամբողջությամբ պատկերացնում էր, թե ինչ պետք է անի, եւ արդյունքում այսպիսի իրավիճակ է ստեղծվում: Հնարավորությյուն է տրվում միայն մեկ արձան տեղադրել, որն իսկապես կլինի հպարտություն, եւ որոշվում է, որ այդ արձանը Սարյանինը պետք է լինի: «Այդպես, չորս տարվա սպասումների արդյունքում, նոր տեղադրվեց արձանը: Գնացել էի Ուրալ եւ այնտեղից բերել երկու վագոն սպիտակ մարմար»,- հիշեց Լեւոն Թոքմաջյանը: Նրա խոսքով` պատրաստման ողջ ընթացքն ուղղակի տանջալից է եղել, քանի որ բերված մեծ քարերն ամբողջությամբ իրենք են տաշել: «Այնուամենայնիվ, հպարտ եմ, որ կարողացա ավարտին հասցնել աշխատանքը: կարծում եմ, որ այն Երեւանում Սասունցի Դավթի արձանից հետո երկրորդ հզոր արձանն է»,- ասաց նա: Ռուզան Սարյանն էլ է կարծում, որ արձանը շատ գեղեցիկ է: «Միայն ցավն այն է, որ քաղաքի էկոլոգիան վատն է եւ սպիտակ մարմարից արձան քանդակելը մեծ խիզախություն էր Թոքմաջյանի կողմից»,- ասաց նա` հավելելով, որ նման արձանները մաքուր պահելու խնդիրը կա ամբողջ աշխարհում `սկսած Աթենքից:

Սարյանի արձանը` Դոնի Ռոստովում. տեղադրման վայրը հնարավոր է փոփոխվի

Դոնի Ռոստովի հայերի ջանքերով` 1984 թվականին իրենց մոտ տեղադրվում է Սարյանի բրոնզե արձանը, որի հեղինակը կրկին Լեւոն Թոքմաջյանն է: Ուշադրություն, Դոնի Ռոստովում արձանն ավելի շուտ է տեղադրվում, քան Երեւանում: Լեւոն Թոքմաջյանը հիշում է, որ արձանի բացման արարողությանը ներկա են եղել Սարյանի բարեկամները, իսկ իրեն` որպես քանդակագործ մոռացել էին հրավիրել: «Սակայն երբ հիշեցին եւ հրավիրեցին, ես եւ ճարտարապետը միանգամից գնացինք օդանավակայան, սակայն ափսոս արդեն տեղ չկար: Եվ մենք ստիպված իրադարձությանը հետեւեցինք հեռուստացույցով»,- նշեց նա: Երբ Ռուզան Սարյանը 2009 թվականին գնացել է այնտեղ, արձանն իր վրա լքված տպավորթյուն է թողել: «Հարակից ձորը աղբանոցի էր վերածված, իսկ քարափի վրա խոյացող արձանը ահավոր վիճակում էր, շատ մեծ ցավ զգացի, երբ տեսա այն»,- ասաց նա` հավելելով, որ թե հայ համայնքը, թե քաղաքի իշխանությունները խոստացան անել ամեն ինչ արձանը սբ. Խաչ եկեղեցու տարածք տեղափոխելու համար, որտեղ կան Միքայել Նալանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Հարություն Ալամդարյանի արձանները: Դեռեւս հստակ չէ, թե Սարյանի արձանը, երբ կտեղափոխվի:

Սարյանի «Իմ բակը»` Մոսկովյան 36 հասցեում

Երեւանի քաղաքապետարանի եւ «Ժպտա Երեւան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն էր, բացվեց Մոսկովյան 36 հասցեում: Ծրագիրն ունի թե՛ գեղագիտական, թե՛ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով՝ երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում հայկական կերպարվեստը: Գաղափարը Ռուզան Սարյանին դուր է եկել, այն յուրատեսակ վերհուշ է: «Երբ կորցրեցինք մեր հին Երեւանը, Սարյանի «Մեր բակը» կտավի հիման վրա շենքի ողջ պատով արված խճանկարը դարձավ մի թանկագին վերհուշ. մենք ունեցել ենք այսպիսի երկհարկանի` փայտյա պատշգամբներով տներ, գողտրիկ բակեր` նռնենիներով, ընտանեկան կենդանիներով: Խճապատկերի կապույտ երկինքը միաձուլվում է իրական երկնքի կապույտին, իսկ ջրով լիքը կուժը ուսին հայուհին կարծես քայլում է փողոցով մեր կողքին»,- նշեց նա:

Սարյանը եւ հայկական դրամը: 20 հազար դրամանոցը կհիշեցնի Սարյանի եւ արվեստի մասին

Մինչ շատեը քննադատում են այն հանգամանքը, որ թղթադրամի վրա չի կարելի պատկերել արվեստագետների դիմանկարներ, Ռուզան Սարյանը դրա մեջ վատ բան չի տեսնում: Մարտիրոս Սարյանի դիմանկարը պատկերված է ՀՀ 20 հազարանոց թղթադրամի վրա: «Աշխարհում ընդունված բան է: Մինչեւ եվրոյին անցնելը Ֆրանսիայում կար թղթադրամ /ֆրանկ/ Սեզանի պատկերով»,- ասաց նա: Թանգարանի տնօրենի խոսքով` թղթադրամը երկրի խորհրդանիշերից է եւ դրա հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում:

Մի փոքր էլ առկա խնդիրների մասին…

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առկա խնդիրները շատ են, շատ բան կա հաղթահարելու: Խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնվում է, կարծես թե կա համապատասխան հասկացողություն, խնդիրների լուծման միտում, բայց դեռեւս կա միայն ճարտարապետական նախագիծ, որով պետք է վերակառուցվի թանգարանը: «Թանգարանի շենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Կարիք կա լրացուցիչ ցուցադրական տարածքների, պահոցի, դահլիճի, աշխատասենյակների,օդափոխման պատշաճ համակարգի, տեսահսկման խցիկների: Երևանի փողոցներում բացակայում են թանգարաններին վերաբերող ցուցանակներ եւ անհրաժեշտ ուղեցույցներ»,-թվարկեց նա:

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի թանգարաններում դեռեւս Սարյան չկա…

Սարյանի կտավների մեծ մասը պահվում է Հայաստանում, ոչ պակաս մաս` Ռուսաստանում, նախկին ԽՍՀՄ թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: «Ցավոք մինչեւ օրս Եվրոպայի եւ ԱՄՆ-ի որեէ թանգարաններում Սարյանի կտավները բացակայում են եւ դա իսկապես տխրեցնող փաստ է: Սարյանը համաշխարհային երեւույթ է եւ պետք է հավուր պատշաճի գնահատվի: Մեր խնդիրն է աշխարհին ներկայացնել Սարյանի արվեստը»,- ասաց թանգարանի տնօրենը` հավելելով, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում Պրահայում ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի մի քանի անձնական իրեր, որոնք պահվում են տուն-թանգարանում:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում