Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն այսուհետեւ կաշխատի բարձրակարգ երաժշտական գործիքներով

Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն այսուհետեւ 
կաշխատի բարձրակարգ երաժշտական գործիքներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկնվագախումբը համալրվել է նոր երաժշտական գործիքներով, որոնց ձեռքբերմանն աջակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին հրավիրված ասուլիսում նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը նշեց, որ նվագախմբի նոր գործիքները շատ բարձրակարգ են: «Ինձ երկրի նախագահն էր խոսք տվել եւ իրականացրեց իր խոստումը, փուլ առ փուլ այդ գործիքները գալիս են: Չորս շեփոր, հինգ սաքսոֆոն, չորս տրոմբոն, հարվածային գործիքներ, բաս կիթառներ, կիթառներ, դաշնամուր, բարձրախոսներ, այն ինչ մեզ այսօր պետք էր: Երաժիշտները ոգեւորված են նրանով, որ նոր գործիքներ են ստանում»,- ասաց Երզնկյանը: Գեղարվեստական ղեկավարը նշեց նաեւ, որ նվագախմբի երգացանկում այժմ ստեղծագործական երեք ուղղություններ են:

«Առաջին ուղղությունը ջազն է, որը «օրենքով» մեր նվագախմբի համար ամենակարեւոր ուղղությունը չէ, սակայն նվագախմբային ջազային երաժշտությունը տալիս է բարձր որակ: Մյուս ճյուղը հայկական էստրադային երաժշտության դասական ստեղծագործություններն են, որոնք եղել են եւ շարունակում են մնալ երգացանկում: Իսկ երրորդ ուղղությունը`տարբեր տարիների համաշխարհային հիթերն են»,- ներկայացնում է նվագախմբի ղեկավարը: Շուրջ 26 տարի ղեկավարելով նվագախումբը` Երվանդ Երզնկյանը հանդիպել է մի շարք դժվարությունների, որոնք հաղթահարելի էին եւ են`շնորհիվ նվագախմբի անդամների եւ իր երաժշտության հանդեպ ունեցած մեծ սիրո:

«Նվագախումը աշխատում է մի փորձասենյակում, որն ունի ջեռուցման խնդիր, քանի որ շուրջ 30 տարի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացել, սակայն ոչ մի օր իր գործունեությունը չի կանգնում` անկախ ցրտից»,- ասաց երաժիշտը` շեշտելով, որ իրենց մեծապես օգնում է նվագախմբում` Մարտին Վարդազարյանի նման լավ մասնագետի գոյությունը:

«Մեր միջեւ ոչ մի օր չի եղել ոչ մի խոսակցություն, նա շատ լավ մասնագետ է եւ լավ ընկեր: Հաճախ ինքն է ինձ հանգստացնում, երբ բարկանում եմ: Միշտ էլ այդպես է` մեկը բարի է, մյուսը պետք է «բոբո» լինի»,- կես կատակ կես լուրջ ասաց Երզնկյանը: Նա նվագախմբի անդամներին ռոմանտիկներ եւ բարձրակարգ երաժշիտներ է բնորոշում, որոնք աշխատում են ընդամենը 32 000 դրամ աշխատավարձով:

«Շատ դժվար է, հաճախ ես եմ կողքից համերգներ կազմակեպում` հավելյալ գումարներ հայթայթելու եւ նվագախմբի բաժանելու համար: Մութ ու ցուտր տարիներին, Նոր Նորքում ապրողները ոտքով էին գալիս աշխատանքի, որովհետեւ երաժիշտն առանց նվագելու չի կարող»,- նկատեց ՀՀ վաստակավոր արտիստը: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից` նվագախումբը գնում է առաջ`շարունակելով իր ստեղծագործական բուռն գործունեությունը:

«Սիրում եմ իմ երաժիշտներին, հասկանում ենք, որ գալու են լավ ժամանակները, որ մենք պետք է չկորցնենք այս ժանրը, քանի որ եթե չիմանանք, թե որտեղից ենք գալիս, ապա երիտասարդները կարող են երաժշտական կողմնորոշումը կորցնել»,- նկատեց Երզնկյանը`միաժամանակ ընդգծելով, որ ստացված գումարի չափը կարեւոր չէ, այլ կարեւորը գաղափարն է, որի շուրջ համախմբվում են մարդիկ:

Երվանդ Երզնկյանը բարձրարժեք երաժշտություն մատուցելու եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար հենց ասուլիսի ընթացքում «Իրավունք» թերթի կողմից արժանացավ «2012 թվականի մշակույթի բնագավառում լավագույն գործիչ» տիտղոսին:

«Չեի սպասում, չգիտեի, որ թերթը նման կոչում է տալիս, սակայն ես ինձ լավ եմ զգում եւ գուցե իմ մասին այսքան բարձր կարծիքի չեմ: Շատ շնաորհակալ եմ եւ զգացված, ստիպված եմ ավելի լավ աշխատել 2013 թվականին»,- կատակեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Իր իսկ բնորոշմամբ «քաղաքականության հետ սերտ կապեր չունեցող մարդ, սակայն ակտիվ քաղաքացի» Երզնկյանը, անդրադառնալով նախընտրական Հայաստանին, նշեց, որ միակ թեկնածուն, ով կարող է Հայաստանում երեւէ դրական քայլ կատարել` գործող նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն այժմ ունի 35 անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]