Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հետահայաց» . «Արմենպրես»-ի հատուկ նախագիծը լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին

«Հետահայաց» . «Արմենպրես»-ի հատուկ նախագիծը լուրերի պատմության 
եւ պատմական լուրերի մասին

Իզուր չի ասված` յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է: Բազմաթիվ փորձերով է ապացուցվել, որ պատմության հարափոփոխ ընթացքում ամեն մի իրադարձություն անպայմանորեն կրկնվում է` միայն թե որոշակի փոփոխություններով:

2013 թվականին «Արմենպրես»-ը կդառնա 95 տարեկան: Ավելի քան 9,5 տասնամյակ մենք արտադրում ենք լուրեր, լուսաբանում մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները, անդրադառնում հետաքրքիր մարդկանց, ուշագրավ իրերին եւ երեւույթներին: Այսօր մեկնարկում է մեր «Հետահայաց» նախագիծը, որն այսուհետ կգտնի եւ կներկայացնի պատմական այն փաստերն ու իրադարձությունները, որոնք տարիներ առաջ հայտնվել են «Արմենպրես»-ի տեսադաշտում: Դրանք կլուսաբանենք նորովի` համադրելով պատմությունն ու արդիականը:

«Արմենպրես»-ի այսօրվա անդրադարձը նվիրված է Երեւանի պատմության թանգարանին. հիշելու առիթ վստահաբար կա: Հայաստանյան միակ պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է` 1987 թվականի այս օրը թանգարանը ձեռք է բերել իր 70 հազարերորդ ցուցանմուշը` Ա. Մամաջանյանի «Ձորագյուղ» ստեղծագործությունը: Թե որքանով է այդ տվյալ փոխվել վերջին 26 տարիների ընթացքում, որոնք են թանգարանի առաջնահերթություններն ու հուզող խնդիրները` «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում են:

 

26 տարում` 70 հազարից 94 հազար եւ ավելի:

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1931 թվականին հիմնադրված Երեւանի պատմության թանգարանում այժմ պահվում է 94 հազար 283 ցուցանմուշ: Վերջին 26 տարիների ընթացքում 70 հազարին ավելացել է ավելի քան 24 հազարը: Ցուցանիշը գոհացնող է, թե ոչ այնքան, դժվար է պատասխանել: Հարցին դժվարանում է պատասխանել նաեւ թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը: Համալրումների հարցում հստակ ժամանակացույց չկա, գործընթացն իրականացվում է հավաքչական աշխատանքների եւ նվիրատվությունների միջոցով: «Օրինակ վերջին նվիրատվությունն իրականացվել է 2012 թ-ին, երբ ամերիկահայ  Ռոստոմ Ոսկանյանը թանգարանին նվիրաբերեց 1500 առարկա, որոնք հարստացրին թանգարանի իրանական հավաքածուն: Այս տարիներին շատ արժեքավոր ցուցանմուշներ ենք ձեռք բերել, որոնք Երեւանի պատմության այս կամ այն էջի հետ են կապվում»,- պատմում է Արմինե Սարգսյանը:    

Քիչ չեն պատահական ձեռքբերումները` թեեւ թանգարանի բարեկամների մի խումբ կա, ովքեր պարբերաբար հետաքրքիր նվիրատվություններ են իրականացնում: Լինում են նաեւ ձեռքբերումներ` գնման միջոցով: «Քանի որ թանգարանը հարուստ է ցուցանմուշներով, գնում ենք այնպիսիները, որոնք լրացնում եւ հարստացնում են մշտական ցուցադրությունը»,- նշեց թանգարանի տնօրենը:

 

Երեւանյան կոլորիտով բնակարան` սեփական բակով. թանգարանի երազանքներից է:

Ինչպես բոլոր գործող թանգարանները, Երեւանի պատմության թանգարանը եւս պետք է հետաքրքիր վայր դառնա այցելուի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանցային ծրագրեր ապահովել: Այդ գործընթացում որոշակի գործընթաց ծավալվել է: Թանգարանի տնօրենը պատմում է, որ ծրագրում են 19-20-րդ դարերի երեւանյան միջավայր ստեղծել, որտեղ այցելուն կկարողանա գալ, նստել, հանգստանալ, տվյալ ժամանակաշրջանի հետաքրքիր նյութերի հետ առնչվել: «Այն ինչ-որ կուզենայի իրականացնել, տարածքային առումով հնարավոր չէ, որովհետեւ թանգարանը բակային տարածք չունի: Եթե ունենար, հնարավոր կլիներ վերականգնել Հին Երեւանի բնակելի տուն ` իր բակով, իրեն բնորոշ միջավայրով, կոլորիտով, որն ավելի կենդանություն կհաղորդեր թանգարանին եւ երեւանցիների համար այցելության հետաքրքիր վայր կդառնար: Այցելուին հաճախ հետաքրքրում են նաեւ կենցաղային մանրամասնություններ»,- ասաց Արմինե Սարգսյանը:

 1987թ. Երևանի պատմության թանգարանը տեղակայված էր Կապույտ մզկիթի տարածքում

 

Երեւանը կնշի իր 2795-ամյա տարեդարձը: Հնարավոր անելիքների եւ առաջիկա պլանների շարքից:

Այս տարի լրանում է Երեւանի 2795- ամյա տարեդարձը եւ հիմնական ցուցադրության մեջ կներառվի հետաքրքիր եւ նոր ծրագիր: 3D պրոեկցիայով «կկենդանանա» Երեւանի մեծ մակետը, կլինի յուրօրինակ անիմացիոն ծրագիր, որը բավականին մեծ հետաքրքրություն կարթնացնի եւ կավելացնի այցելուների թիվը: Բացի այդ կլինի ցուցահանդես` նվիրված հոբելյանին եւ կներկայացվի թանգարանի 19-րդ դարի մետաղի հավաքածուն, որը շատ արժեքավոր է եւ բավական հետաքրքիր:

Տարվա ընթացքում` հավանաբար հոկտեմբերին, նախատեսվում է նաեւ բաց ֆոնդերի շնորհանդես: Այցելուների հատուկ խմբերին հնարավորություն կտրվի գալ եւ պահոցում ծանոթանալ պահվող հավաքածուներին:

 

Տարեկան շուրջ 12 հազար այցելու` նախադպրոցական տարիքի երեխաներից մինչեւ զբոսաշրջիկներ:

Արմինե Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թանգարան նախորդ` 2012 թվականին այցելուների քանակը կազմել է շուրջ 11 հազար 500 մարդ: Նոր ծրագրերի ներդրման արդյունքում նախատեսվում է այցելուների թվի ավելացում:

Թանագարնի հիմնական այցելուները ուսանողներ են եւ դպրոցականներ, ում համար կազմակերպվում են հետաքրքիր ծրագրեր, խաղ-էքսկուրսիաներ:

Այն նաեւ եզակի թանգարաններից է, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվում:

Թանգարան այցելող զբեսաշրջիկները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներից:

 

 

Երեւանի ողջ պատմությունը` երեք ցուցասրահներում:

Թանգարանում Երեւան քաղաքի պատմությունը ներկայացված է երեք ցուցասրահներում` Երեւանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ ուշ միջնադար, Երեւանը 19-րդ դարում, Երեւանը` 19-րդ դարավերջից մինչեւ մեր օրերը:  Թանգարանի բոլոր հավաքածուներն էլ կարեւոր են, սակայն առանձնահատուկ նշանակություն ունի լուսանկարների եւ փաստաթղթերի ֆոնդը, որտեղ ներառված են Երեւանի պատմությանը վերաբերող եզակի նմուշներ: Օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հարուստ չեն Միջնադարյան դարաշրջանը բնութագրող ցուցանմուշները, որը կապված է տվյալ ժամանակաշրջանում առկա սոցիալ-քաղաքական խնդիրների հետ: Ստեղծված են արդի թանգարանգիտությանը համահունչ հարմարավետ պայմաններ, կիրառվում են ցուցանմուշների պահպանության արդի մեթոդներ:

 

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը 

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]