Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հրաձիգների ասոցիացիան պաշտպանում է իր դիրքորոշումը զենքի վաճառքի հարցում

ԱՄՆ-ի հրաձիգների ասոցիացիան պաշտպանում է իր դիրքորոշումը զենքի վաճառքի հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հրաձիգների ազգային ասոցիացիան (NRA) մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը զենքի վաճառքի հարցում, չնայած Սենդի հուկ դպրոցում տեղի ունեցած ողբերգությանը, որտեղ սպանվեց 26 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասոցիացիայի ղեկավար Ուեյն ԼաՊիեռը վերստին ընդգծել է, որ դպրոցներում աշակերտների եւ ուսուցիչների անվտանգության ապահովման համար պետք է զինված պահակախումբ կարգվի: Ավելի վաղ ԼաՊիեռը հայտարարել էր, որ զինված «վատ տղային» կարող է կանգնեցնել «լավ տղան», որը նույնպես պետք Է զինված լինի:

Դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան 26 մարդ է գնդակահարել Քոնեկտիկուտի նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում, մինչ այդ նա իրենց տանը սպանել էր հարազատ մորը: Սպանվածներից քսանը երեխաներ էին:

Ինչպես արդեն  հաղորդվել Է, ամերիկացիների 50 տոկոսից ավելին պաշտպանում է զենքի վաճառքի խիստ սահմանափակումներ մտցնելը, սակայն չի հավատում, որ դա կօգնի երկրում վերջ դնել բռնությանը: CNN հեռուստաընկերության պատվիրած հետազոտության արդյունքների համաձայն` հարցախույզի մասնակիցների 52 տոկոսը պաշտպանում Է զենքի վաճառքի խիստ սահմանափակումներ մտցնելը կամ նույնիսկ զենք ունենալու լիակատար արգելքը: CNN-ը նշում է, որ այս տեսակետի կողմնակից մարդկանց թվաքանակը վերջին տարիներին առաջին անգամ գերազանցել է 50 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 53 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքներում գնդակահարությունները կշարունակվեն՝ հակառակ իշխանությունների կողմից գործադրվող բոլոր ջանքերին:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ղեկավարությամբ հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է առաջարկություններ պատրաստի երկրում բռնության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am