Մշակույթ

Ուրբաթագիրքն առաջին անգամ վերածվել է աշխարհաբարի

3 րոպեի ընթերցում

Ուրբաթագիրքն առաջին անգամ վերածվել է աշխարհաբարի

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաջին տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը, առաջին անգամ վերածվել է աշխարհաբարի և ներկայանում է որպես գիտական հրատարակություն: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը, գրքի աշխարհաբար տարբերակը բաղկացած է 400 էջից եւ մեկ ներդիրից՝ քարտեզից։ Այն հրատարակված է դասական ուղղագրությամբ: «Այն նվեր է հայ ժողովրդին, որի երկու հատվածներն էլ փոքրիկ դժվարութուն պիտի հաղթահարեին, մեկը լեզվի, քանի որ գրված է արևելահայերեն, մյուսը՝ գրության, որովհետև տպագրված է դասական ուղղագրությամբ»,-ասաց Ավետիսյանը: Նա սա փոքր քայլ է համարում դեպի երկու հատվածների ավելի մերձեցում։ «Եւ, ինչպես հայկական տպագրության 500-ամյա առաջնեկը, այս գիրքը ևս նախ և առաջ համախմբման խորհուրդ ունի»,-եզրափակեց Ավետիսյանը:

Ուրբաթագրքի աշխարհաբար տարբերակն ընդգրկում է առաջաբան, 1512-1920 թթ. հայերեն տպագիր գրքի ժամանակագրական եւ վիճակագրական աղյուսակ, Հակոբ Մեղապարտի տպագրած Ուրբաթագրքի պատճենը, որը նախքան թարգմանելը անհրաժեշտ էր վերծանել, ապա՝ վերծանված ու ընթեռնելի գրաբար եւ աշխարհաբար հանդիպադիր տեքստերը, բնօրինակում վկայակոչված վանքերի ու եկեղեցիների մասին տեղեկատու, նրանց քարտեզը, ծանոթագրություններ, ինչպես նաև անձնանունների ու տեղանունների ցանկեր: Հրատարակությունն ուղեկցվում է հայկական մանրանկարչական արվեստի 16 նմուշի լուսանկարներով՝ նրանց մասին հակիրճ տեղեկատվությամբ, որոնք ոչ միայն հետաքրքիր են դարձնում գիրքը, այլև լուռ քարոզիչներ են մեր մշակույթի հարուստ ու անկրկնելի մի շերտի։

ՀՀ մշակույթի նախարարությանը կից Գրահարատարակչության գործակալության կողմից կազմակերպված 2012 թվականի դեկտեմբերի 14-ի մրցանակաբաշխության ժամանակ Լուսինե Ավետիսյանի թարգմանած ու հրատարակած Ուրբաթագիրքը արժանացել է երկրորդ մրցանակի՝ «Տարվա լավագույն գիրք՝ գրքի մասին» անվանակարգում։

Ուրբաթագրքի բնօրինակի վերծանությունը, թարգմանությունը, առաջաբանը, ծանոթագրությունները, տեղեկատուն, անվանացանկերը, քարտեզը, հարթաքանդակը եւ գեղարվեստական ձևավորումը կատարված են բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանի կողմից։ Խմբագիրն է պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանը:

Հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում