Հունգարական ընդդիմությունը պահանջում է «բարոյապես սնանկ» Օրբանի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետը «բարոյապես սնանկ» է եւ պետք է հրաժարական տա` ընդունելով, որ ինքն անձամբ է հաստատել մարդասպան Սաֆարովի արտահանձնման որոշումը` չնայած այն հանգամանքին, որ քաջ գիտակցել է դրա հնարավոր հետեւանքների մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի ընդդիմության ներկայացուցիչ, Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին` Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ:
Մեստերհազին նշել է, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Օրբանի արած հայտարարություններից պարզ են դարձել, որ Օրբանը տեղյակ է եղել, որ Ադրբեջանը ազատ կարձակի Սաֆարովին` անմիջապես հայրենիք ոտքը դնելուց հետո: Ընդդիմադիր գործիչն ասել է, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնյին եւ արդարադատության նախարարը նախազգուշացրել են Օրբանին` նրա գործողությունների հնարավոր հետեւանքների մասին, այդուհանդերձ, վարչապետն այդ որոշումը կայացրել է: «Օրբանն առանց մտածելու որոշում է կայացրել, եւ այս սկանդալում նա միակ մեղավոր ֆիգուրն է»,-ասել է Սոցիալիստների առաջնորդը: Մեստերհազին նշել է նաեւ, որ եթե Օրբանը հրաժարական չտա, ապա «Fidesz» իշխող քաղաքական կուսակցության օրենսդիրները պետք փորձեն վերահսկելու եւ կանխելու նրա գործողությունները, որպեսզի երկրին նոր վնասներ չհասցնի:
Ավելի վաղ, նույն օրը, վարչապետ Վիկտոր Օրբանն արձագանքել էր Origo.hu լրատվական պորտալում հրապարակված հոդվածին, որում նշված էր, որ Օրբանն է հրամայել արտահանձնել Սաֆարովին` հստակ իմանալով, որ հայրենիք վերադառնալուց հետո մարդասպանին ազատ են արձակելու: Օրբանն այս կապակցությամբ ասել է, որ որոշումն ընդունվել է կառավարական մակարդակով, որտեղ բոլոր նախարարները ներգրավված են եղել, սակայն, բնականաբար, վերջին խոսքն իրենն է եղել: Վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոս Լազարն իր հերթին հերքել է Origo-ի տեղեկությունը` ասելով, որ վարչապետ Օրբանը որեւէ հրահանգ չի տվել Սաֆարովի արտահանձման հետ կապված: Սակայն Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին պնդել է, որ Լազարը ստել է եւ կեղծ մեկնաբանություն է տվել:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում