Մշակույթ

«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը համերգներ կտա Արցախում

2 րոպեի ընթերցում

«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը համերգներ կտա Արցախում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանի կապակցությամբ բարեգործական համերգներով կայցելի Արցախ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով` համերգային շրջագայությունը բաղկացած կլինի յոթ համերգներից, որոնք կանցկացվեն Շուշիում, Ստեփանակերտում եւ Հադրութում: Պողոսյանի խոսքով` համերգային ծրագրում տեղ են գտնելու ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ մյուս աշուղների` առավելապես ազգային-հայրենասիրական երգեր: «Մենք գրեթե ամեն տարի գնում ենք Արցախ համերգների, սակայն այս անգամ առավել ոգեւորված ենք, քանի որ նշելու ենք Սայաթ-Նովայի հոբելյանը»,- ասաց նա` հավելելով, որ տոնական օրերի ընթացքում ամենուրեք կթեւածի Սայաթ-Նովայի երգը:

Այժմ Որքանով պահանջարկ ունի աշուղական երաժշտությունը հարցին, ՀՀ ժողովրդական արտիստը նշեց, որ ունի այնքան կարեւորություն, որքան մայրենի լեզուն: «Այն կարող է պահանջարկ չունենալ միայն ոչ նորմալ մարդու մոտ»,- ասաց նա:Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Սայաթ-Նովայի երգերի ժամանակակից մշակումներին` Թովմաս Պողոսյանը նշեց, որ կյանքն առաջ է ընթանում եւ չպետք է քարացած պահպանել երաժշտությունը: «Իհարկե կարելի է ներկայացնել ժամանակի ռիթմին համընթաց, բայց դա պետք է արվի խիստ պատասխանատվությամբ եւ բարձր ճաշակով»,- ասաց նա:

Արցախի համերգաշարը կկայանա ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում