Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ներկայացվեցին Մ. Պչաքճյանի «Վարագույրը իջնելեն առաջ» վեպը եւ «Խմելով քաղաքը» պատմվածքը


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում այսօր ներկայացվեցին ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճյանի «Վարագույրը իջնելեն առաջ» վեպը եւ «Խմելով քաղաքը» պատմվածքը` ամփոփված մեկ գրքի մեջ: Ինչպես նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, յուրաքանչյուր նոր գրքի ծնունդ մեծ իրադարձություն է յուրաքանչյուր գրողի համար: Ըստ նրա` հեղինակի արձակ ստեղծագործությունները գրեթե անմրցելի են, եւ դա ասվում է առանց վերապահումների: «Մենք տեսնում ենք հեղինակին իր առանձնահատուկ ոճով, պատկերային նրբերանգով:

 

Գրքում ներկայացված նյութն արդիական է, զարմանալի, հուզական եւ մեկ շնչով է կարդացվում»,- ընդգծեց Լ. Անանյանը: Նրա խոսքով, Մ. Պչաքճյանը հանրությանն է ներկայանում գրական առատ հունձքով: Լ. Անանյանը ՀԳՄ-ի նախագահության որոշմամբ հեղինակին հանձնեց ոսկե մեդալ` նրա ունեցած գրական վաստակի համար: Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի խոսքով, մենք գործ ունենք Սփյուռքում գործող մեծանուն անձակագրի հետ: Շնորհավորելով հեղինակին գրքի լույսընծայման առթիվ` փոխնախարարը նրան նորանոր հաջողություններ մաղթեց: Գրականագետ Դավիթ Գասպարյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը` նշելով, որ վեպում նկարագրվում է մահվան դռանը հայտնված մարդու եւ նրա հարազատների հոգեվիճակը, իսկ պատմվածքը` մի տղամարդու եւ կնոջ հարաբերություններ, ովքեր արժանի չեն միմյանց:

 

«Հեղինակը վեպում կերտել է նաեւ իր կերպարը. պետք է կարդալ նրա թե այս, թե մյուս ստեղծագործությունները»,- ասաց գրականագետը` հավելելով, որ Մ. Պչակճյանը Սփյուռքի լավագույն հայ գրողներից է: Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ հեղինակի ստեղծագործություններում գործողությունները զարգանում են Փարիզում, սակայն իրականում բացակայում է Փարիզը: «Պառակտված, հայրենքիը կորցրած հեղինակը Փարիզը չի դարձնում իրենը` ապրելով հայրենիքի կանչով»,- ընդգծեց Մ. Տեր-Գուլանյանը: Մ. Պչակճյանը ծնվել է 1940 թ.-ին` Հալեպում: Ավարտելով Դամասկոսի օտար լեզուների համալսարանը` մեկնել է Լիբանան, որտեղ դասավանդել է հայերեն եւ անգլերեն: 1976թ-ից ի վեր հեղինակն ապրում է Փարիզում: Նա 13 գրքի հեղինակ է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ