Հարցազրույց

Գ. Ավագյան. «Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում հիմնախնդիրները շարունակում են մնալ օրակարգային»

5 րոպեի ընթերցում

Գ. Ավագյան. «Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում հիմնախնդիրները շարունակում են մնալ օրակարգային»

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը:

-Ինչպե՞ս կգնահատեք ոլորտում առկա իրավիճակը, կարեւորագույն խնդիրները, արդյո՞ք, հաղթահարված են:

-Մենք ունենք որոշակի առաջընթաց, բայց հիմնախնդիրները շարունակում են մնալ օրակարգային: Նշեմ կարեւոր ձեռբերումները` մեծացել է կանանց, հատկապես հղիների` բժշկի դիմելու աստիճանը: Այսօր մեր երկրում գոնե մեկ անգամ բժշկի դիմում է հղիների 91%-ը, իսկ ըստ մեր չափորոշիչների` 4 եւ ավելի անգամ ստուգման է գնում 70-72%-ը: Սա համարում ենք առաջընթաց, թեպետ` ոչ բավարար: Խնդիրն այն է, որ պետք է գնահատել ոչ միայն այդ մեխանիկական այցերը, այլեւ` դրանց որակը: Որակի գնահատման համար այսօր ունենք բազմաթիվ մոնիտորինգային ինդիկատորներ` կանանց բավարարվածությունը բժշկությունից, հղիության ելքը` վիժում, վաղաժամ ծննդաբերություն, նորմալ ծննդաբերություն, հղիության ընթացքը` բարդություններով, առանց բարդությունների, ժամանակին դրանց կանխումը, ժամանակին օգնության ցուցաբերումը: Աշխատում ենք այս ինդիկատորներով, սակայն ասել, որ դրանք իրավիճակը լիարժեք են ներկայացնում, ճիշտ չի լինի: Ունենք եւ մեծ ձեռքբերումներ, եւ շատ ցավալի խնդիրներ, որոնք բազմաթիվ պատճառներով դեռ չենք կարող համարել լուծված. մոր եւ մանկան առողջության պահպանման համար պետք է աշխատել անդադար` միավորելով պետական եւ հասարակական հնարավոր բոլոր ուժերը:

-Ինչպե՞ս է գործում նախածննդյան եւ ծննդօգնության խորհրդատվության ու բուժօգնության մեխանիզմը:

-Շուրջ երկու տարի է, ինչ գործում է ծննդօգնության հավաստագիրը: Այն հղիներին հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ անվճար նախածննդյան բուժօգնություն կանանց կոնսուլտացիայում, այլեւ` ծննդաբերել` առանց մտահոգվելու վճարների մասին: Անվճար հիմունքով կինը կարող է դիմել իր նախընտրած բժշկին, խորհրդատվություն եւ ծննդօգնություն ստանալ իր նախընտրած բուժհիմնարկում:

-Կա՞ն որոշ հիվանդությունների անվճար հետազոտություններ:

-Այսօր մենք ունենք արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ազգային ծրագիր, որը ԱՊՀ երկրներում աննախադեպ է: Սա հնարավորություն է տալիս 30-60տարեկան կնոջը դիմել կանանց կոնսուլտացիա եւ անվճար հետազոտվել: Սակայն հայ կանանց դիմելիությունը շատ ցածր է: Այսօր հղիների գրեթե 90%-ը` նախկին 5-6 %-ի փոխարեն, նաեւ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտում է անցնում, որի շնորհիվ հայտնաբերվում է նրանց վարակակիր լինելը, կանխվում է հիվանդության` պտղին փոխանցումը:

- Ըստ տարեկան զեկույցի` որո՞նք են ոլորտում առավել դժվար հասանելի նպատակակետերը:

-Մեզ մոտ առավել ցավոտ է արհեստական վիժումների խնդիրը: Նախ, առկա է աբորտների թերի գրանցում: Միջազգային փորձագետներն ասում են, որ մեզ մոտ պաշտոնական տվյալը գրեթե երեք անգամ փոքր է իրական թվից. այդ է վկայում նաեւ առողջապահական ժողովրդագրական հետազոտությունը: Այսինքն` հղիությունների շուրջ 47%-ը վերջանում է աբորտով:

-Ինչո՞վ է պայմանավորված այն երեւույթը, երբ հղիությունների գրեթե կեսն ավարտվում է արհեստական վիժման դիմելու որոշմամբ:

-Դրանք, գլխավորապես, անցանկալի հղիություններն են: Մեր կանայք ժամանակակից բեղմնականխիչ միջոցներն առանձնապես չեն սիրում, օգտվում են ավանդական մեթոդներից` ընդհատված սեռական հարաբերություն, օրացուցային հաշվարկ, որն անարդյունավետ է: Մինչեւ պտղի 12 շաբաթական դառնալը կինն է որոշում` դիմել արհեստական վիժման, թե` ոչ, սակայն մենք դեմ ենք աբորտներին այն իմաստով, որ ցանկացած պարագայում առավել ճիշտ է, գերադասելի է օգտագործել բեղմնականխիչ միջոցներ:

-Հիմնավո՞ր է, արդյոք, այն կարծիքը, թե չկա կնոջ համար անվտանգ աբորտ:

-Դժվարանում եմ գնահատական տալ այդ առումով, սակայն միանշանակ է, որ առավել ճիշտ է դիմել դեղորայքային աբորտի: Այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ փորձում ենք առավել կիրառելի դարձնել դեղորայքային աբորտները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ մեր մշակած ստանդարտում, որը շուտով կներդնենք, կա դեղորայքային աբորտը եւս: Բայց, այստեղ կրկին մեր հայկական մտածելակերպի հետ բախում ունենք. կանայք մեծ մասամբ մտնում են դեղատուն, գնում հաբերը, իրենք իրենց նշանակում ու օգտագործում` չիմանալով` արդյոք իրենց ցուցված է դա, եւ ինչ չափաբաժնով: Որքան էլ դժվար վերահսկելի լինի, փորձում ենք կանոնակարգել նաեւ այս ոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում