25 րոպեի ընթերցում
Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մոհամեդ Սոլիման Գամիլի բնորոշմամբ՝ երկու երկրների միջև հարաբերությունները շատ խորն ու պատմական են, ինչն արտահայտվում է ոչ միայն երկկողմ քաղաքական, տնտեսական հարաբերություններով, այլև ժողովուրդների միջև օրեցօր ամրացող կապերով։ Դեպանի գնահատմամբ՝ Հայաստանն ու Եգիպտոսն այժմ ապրում են իրենց հարաբերությունների ոսկե ժամանակաշրջանում, ինչը հույս է ներշնչում, որ երկկողմ կապերի հետագա ընդլայնումն ու առավել խորացումը պարզապես ժամանակի հարց է։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մոհամեդ Սոլիման Գամիլն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ Եգիպտոսի դիրքորոշմանը, տարածաշրջանում ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը, հայ և եգիպտացի ժողովուրդների դարավոր բարեկամության և այլ հարցերին։
-Տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունների ներկա մակարդակը։ Այս առումով ի՞նչ կարևոր բաղադրիչներ կառանձնացնեք։
-Շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հարցազրույցին հրավիրելու համար։ Շատ ուրախ եմ Ձեզ հետ այս քննարկումն ունենալու համար։ Ես միշտ հետևում եմ «Արմենպրես»-ին, և մենք շատ հպարտ ենք «Արմենպրես»-ի կատարած աշխատանքով։
Իհարկե, մեր հարաբերությունները շատ խորը և պատմական են։ Այս պատմական հարաբերություններին գումարվում է նաև այն, որ դրանց մեծ թափ է հաղորդվել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ 2023 թվականի հունվարին Հայաստան կատարած այցից հետո։ Այս այցը նոր ուղղություններ էր հիմնում մեր ներկա հարաբերություններն ավելի խորությամբ զարգացնելու համար։ Նա հանդիպեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եգիպտոսի նախագահին ուղեկցում էր նախարարների շատ մեծ պատվիրակություն, որը եկել էր Հայաստան՝ բարելավելու Երևանի հետ համագործակցության բոլոր ոլորտները և նոր շունչ հաղորդելու բոլոր կարևոր բնագավառներին, որոնք մենք պետք է միասին զարգացնենք՝ որպես պատմականորեն երկու եղբայրական պետություններ: Այսպիսով, սա չափազանց կարևոր այց էր: Այս այցի ընթացքում մենք ականատես եղանք երկու երկրների միջև տեխնոլոգիաների, երիտասարդության և մշակույթի, կրթության, ներդրումների ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի ստորագրմանը։ Այս բոլոր ոլորտները շատ անհրաժեշտ են մեր հարաբերություններն ավելի ամուր ու խորը դարձնելու համար։ Դրան հաջորդեց նախագահ Սիսիի հրավերը Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ այցելելու Եգիպտոս։ Մենք պատրաստեցինք այս այցը, որպեսզի Եգիպտոս այցելի նաև գործարարների շատ կարևոր պատվիրակություն: Եվ դա տեղի ունեցավ 2024 թվականի մարտին, որը նույնպես շատ պատմական այց էր: Վարչապետ Փաշինյանն այս այցի ընթացքում նախագահ Սիսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն աջակցում է պարոն Խալեդ Ալ Անանիին՝ մեր թեկնածուին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում։ Եգիպտական կողմը շատ բարձր գնահատեց այս աջակցությունը։ Բացի այդ, մենք ականատես եղանք շատ կարևոր հուշագրերի ստորագրմանը բազմաթիվ ոլորտներում և մասնավորապես տնտեսության ոլորտում, քանի որ տնտեսությունն այժմ շատ կարևոր է մեր երկրների համար։ Մենք երկու երկրներն էլ աշխատում են ավելի լավ ու կայուն տնտեսություն ունենալու ուղղությամբ։ Եվ մենք ունենք փորձ, որով կարող ենք կիսվել։ Այսպիսով, մենք ստորագրեցինք այս կարևոր հուշագիրը Եգիպտոսում և այլ հուշագրեր նաև շրջակա միջավայրի ոլորտում։ Հայաստանը շատ առաջադեմ է վերականգնվող և արևային էներգիայի ոլորտում, ինչպես և Եգիպտոսը։ Այսպիսով, մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք, որոնցով կարող ենք կիսվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների։
-Դուք խոսեցիք այցելությունների մասին։ Եվ իրականում իմ երկրորդ հարցը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարվա մարտին Եգիպտոս կատարած այցին և նրա հանդիպմանը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Նշեցիք նաև երկու պատվիրակությունների միջև ստորագրված փաստաթղթերի մասին։ Այս առումով ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջև հարաբերությունները համագործակցության տարբեր ոլորտներում։ Եվ ի՞նչ կարող են այս այցելությունները տալ երկու երկրներին և երկու ազգերին։
-Սա շատ կարևոր հարց է․ մեր երկրները միշտ օգտվում են շատ ամուր քաղաքական հարաբերություններից։ Եգիպտոսը առաջին երկրներից էր, որը դեսպանատուն բացեց Հայաստանում 1992 թվականին՝ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո: Այսպիսով, Եգիպտոսը աջակցում է Հայաստանին Խորհրդային Միությունից անկախանալու հենց սկզբից: Մենք օգտվում ենք երկկողմ շատ խորը պատմական հարաբերություններից: Հայերը Եգիպտոս եկան 1915 թվականի իրադարձություններից հետո, և մեր երկիրը ողջունեց նրանց: Հայերը Եգիպտոսում շատ մեծ ներդրում ունեն հասարակության մեջ, քաղաքական, մշակութային մակարդակում, իհարկե, Եգիպտոսում շատ հայտնի է նաև հայկական արվեստը: Նույնիսկ դրանից առաջ, երբ մենք վերադառնում ենք 19-րդ դար, երբ Մուհամմադ Ալին ստեղծեց ժամանակակից Եգիպտոսը, երկրի վարչապետի պաշտոնում նա առաջադրեց հայի՝ Նուբար Փաշային: Այնպես որ, սա շատ խորը կապ է, որը կա մեր երկու երկրների, ազգերի ու ժողովուրդների միջև։ Դուք տեսնում եք այս հրաշալի պատմական կապերը, մենք ունեցանք նախագահ Սիսիի պատմական այցը Հայաստան, որն առաջին անգամ էր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այս այցի ընթացքում մենք նշեցինք բոլոր պատմական կապերը՝ նոր թափ հաղորդելով մեր հարաբերություններին։ Եվ այս այցը շատ խորհրդանշական էր, քանի որ դրանով Եգիպտոսի նախագահը ցույց տվեց, որ իր օրակարգում մեծ կարևորություն է տալիս Հայաստանին, ինչն արտացոլում է, թե որքան բարձր ենք գնահատում մեր երկրների պատմական բարեկամությունը։ Ես շատ բախտավոր էի այս այցը նախապատրաստելու հարցում։ Ես Հայաստան եմ ժամանել 2022 թվականի նոյեմբերին, իսկ Եգիպտոսի նախագահի այցը տեղի ունեցավ 2023-ի հունվարին: Կարծում եմ՝ ամենահաջողակ դեսպանն էի, քանի որ Հայաստանում էի նախագահ Սիսիի այցի ժամանակ։ Նաև ամենահաջողակը՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ 2024 թվականի մարտ ամսին Եգիպտոս այցը նախապատրաստելու և բոլոր այն փաստաթղթերը նախապատրաստելու հարցում, որոնք մենք միասին ստորագրեցինք։ Մենք հիմա ապրում ենք մեր հարաբերությունների ոսկե ժամանակաշրջանում, քանի որ մենք շատ բան ենք փոխանակում բոլոր ոլորտներում: Սա մեր հարաբերությունների շատ կարևոր ժամանակաշրջան է, հնարավորություն է, որը ոչ մի լավ դիվանագետ բաց չի թողնի և կաշխատի քրտնաջան՝ այս բարձր մակարդակի այցելություններից առավելագույն օգուտ ստանալու նպատակով:
-Ինչպե՞ս կգնահատեք հայ-եգիպտական տնտեսական կապերը, որքա՞ն է կազմել երկու երկրների միջև առևտրի ծավալը 2024 թվականին։ Ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման և ներմուծման շուկաներում։
-Գիտեք, ինձ շատ է դուր գալիս այս հարցը, քանի որ այն գործնական հարց է։ Երբ մենք բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունենում նախագահ Սիսիի և վարչապետ Փաշինյանի մակարդակով, սա մեզ շատ լավ հնարավորություն է տալիս՝ բարելավելու մեր ներդրումային և տնտեսական հարաբերությունները: Անկեղծ ասած՝ առևտրային հարաբերությունները շատ ծաղկուն չէին՝ երկու երկրների միջև հեռավորության պատճառով: Բացի այդ, Հայաստանը նաև դեպի ծով ելք չունեցող երկիր է: Առևտրականները մտածում են փողի մասին, նրանք չեն մտածում քաղաքականության կամ մշակութային կապերի մասին, ինչպես ես եմ մտածում։ Գիտեք, նրանք մտածում են փողի և այն մասին, թե ինչպես օգուտ ստանալ: Բայց մենք հաղթահարեցինք այս խնդիրը: Եվ մենք սկսեցինք բարելավել մեր առևտրային հարաբերությունները: Առևտրային ցուցանիշները շատ փոքր էին: Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների կողքին, հայկական շուկայի համար ավելի հեշտ է ապրանքներ ստանալ այդ երկրներից: Սակայն Հայաստանի էկոնոմիկայի նախարարի օգնությամբ մենք փորձեցինք հաղթահարել այս հեռավորությունն ու գրավել եգիպտական և հայկական շուկաները: Մենք այդ ուղղությամբ շատ էինք աշխատում անցյալ տարի և դրանից առաջ: Եվ կարծում եմ, որ այս աշխատանքի արդյունքները մենք կտեսնենք առաջիկա տարիներին:
-Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն ոլորտները, որոնք ամենամեծ հետաքրքրությունն են ներկայացնում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից։
2023 թվականին մենք ունեցանք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի այցելությունը Եգիպտոս՝ մասնակցելու «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսին, կային շատ այցելություններ նաև 2024 թվականին: Կա գործունեության բավականին մեծ դաշտ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունները շատ առաջադեմ են, շատ լավն են: Նրանք ևս նախարարի հետ գնացել էին Կահիրե: Մենք փորձով ենք փոխանակվում նաև շրջակա միջավայրի ոլորտում, քանի որ Հայաստանը շատ առաջադեմ է նաև արևային էներգիայի ոլորտում, ինչպես և Եգիպտոսը: Այսպիսով, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունը մեր համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկն է: Բացի այդ, գիտեք, կան որոշ գյուղատնտեսական արտադրանքներ, որոնք Եգիպտոսից ներմուծվում են հայկական շուկա: Մենք ունենք նաև համագործակցություն, որի շրջանակում մրգերը կամ բանջարեղենը, որոնք գալիս են Եգիպտոսից, արտադրվում են նաև այստեղ՝ Հայաստանում, կիրառվում հայկական գործարաններում: Կան շատ հայեր և եգիպտացիներ, որոնք համակրանք են տածում միմյանց նկատմամբ և գիտեն, թե ինչպես համագործակցել: Նրանք շատ լավ են հասկանում իրար: Հայաստանում դեսպան լինելը մեծ հաճույք է, որովհետև մենք փոխըմբռնում ունենք: Մենք հին քաղաքակրթություններ ենք, մեր արյան մեջ, մեր գեներում ունենք մշակույթի և քաղաքակրթության այս կուտակումը: Այնպես որ, մենք շատ լավ ենք հասկանում միմյանց։
-Ինչպես գիտենք, ամեն տարի հարյուրավոր հայ զբոսաշրջիկներ իրենց արձակուրդն անցկացնում են Եգիպտոսում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են հայերը նախընտրում իրենց հանգիստն անցկացնել հենց Ձեր երկրում, և այս առումով ի՞նչ հետաքրքրություն կարող են ունենալ եգիպտացի զբոսաշրջիկները Հայաստանի նկատմամբ: Ըստ ՁԵզ՝ որքանո՞վ է սա կարևոր երկու ազգերի միջև կապերի ամրապնդման առումով։
Երկու ազգերի միջև կապերի ամրապնդումը շատ կարևոր է, քանի որ դա մեր ժողովուրդների միջև ուղիղ հաղորդակցություն է։ Գիտեք, որտեղ էլ որ ես այստեղ գնում եմ, պատահում են հայեր, որոնք ասում են՝ օ՜, Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, ես էլ պատասխանում եմ՝ այո՛, Եգիպտոս։ Հայերը սիրում են գնալ Եգիպտոս, ես կասեի, ոչ միայն ծովի ու արևի համար, բայց նաև այն ջերմ ընդունելության համար, որը եգիպտացիները ցույց են տալիս հայերին։ Երբ նրանք գնում են այնտեղ, իրենց զգում են ինչպես սեփական տանը։ Նույնիսկ հյուրանոցներում գտնվող եգիպտացիները, երբ ես գնում եմ Եգիպտոս, իմանալով, որ ես Եգիպտոսի դեսպանն եմ Հայաստանում, սկսում են ինձ հետ հայերեն խոսել, ոչ թե արաբերեն։ Այս մշակութային կապերը շատ ուժեղ են։ Եվ երբ դուք գնում եք որևէ տեղ և զգում եք, որ նրանք խոսում են ձեր լեզվով, նրանք ձեզ ողջունում են, ուրախ են ձեզ տեսնել, դա հիանալի է։ Այսպիսով, հայերն իրենց սեփական ծովն ունեն Եգիպտոսում։ Մենք օգտվում ենք այստեղ աշխատող բազմաթիվ տուրիստական գործակալություններից։ Օրեր առաջ Եգիպտոսում հյուրանոցների և տուրիստական ընկերությունների եգիպտական ներկայացուցչության և Հայաստանում ամենամեծ տուրիստական գործակալություններից մեկի հետ ես մասնակցում էի մի միջոցառման։ Եվ ես խրախուսում էի բոլոր տուրիստական ընկերություններին համագործակցել և բացել նաև նոր ուղղություններ Եգիպտոսում, ինչպիսիք են Էլ Ալամեյնը, Մարսա Ալամը։ Մենք գալիք մեծ իրադարձություն ունենք՝ հուլիսի 3-ին նոր Գրանդ թանգարանի բացումը։ Սա աշխարհի ամենամեծ թանգարանն է, որը նվիրված է Եգիպտոսի փարավոնական քաղաքակրթությանը: Եվ այս մեծ թանգարանի բացումը մշակութային, զբոսաշրջային և պատմական մեծ իրադարձություն է: Մենք խրախուսում ենք նաև հայկական զբոսաշրջային գործակալություններին և եգիպտական հյուրանոցներին համագործակցել ու խթանել, որպեսզի հայերն օգտվեն այս հրաշալի թանգարան այցելելու հնարավորությունից, քանի որ տարիներ շարունակ աշխատանք է տարվել այս նախագծի համար: Սա նշանակալի նախագիծ է մարդկության ու ամբողջ աշխարհի համար:
-Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման գործընթացն ավարտելու և դրա շուրջ բանակցությունները վերջնականացնելու մասին: Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ պաշտոնյաներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկեցին խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ամսաթվի և վայրի վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման համար սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել։ Դրան զուգահեռ, Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերն իբր կրակ են բացում սահմանի տարբեր հատվածներում գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները ընդհանուր առմամբ, և ինչպիսի՞ն է Եգիպտոսի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև այս բանակցությունների վերաբերյալ։
-Եգիպտոսի նախագահ Սիսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ վստահեցրեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Կահիրեն հավանություն է տալիս Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու շուրջ Հայաստանի բոլոր ջանքերին։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները լավագույն լուծումն են հակամարտող երկրների միջև կայուն խաղաղություն հաստատելու համար: Նախագահ Սիսին շեշտեց դա, և նա ընդգծեց, որ բանակցություններն ամենակարևոր ճանապարհն են, որը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընտրեն կայուն խաղաղության հասնելու համար: Այսպիսով, հավասարության հիման վրա մենք պետք է ունենանք լուծում, որին կողմերը կհասնեն: Սա դուք չեք կարող ստանալ այլ կերպ, քան բանակցություններով: Բանակցությունների ցանկացած փուլում դուք կունենաք տարբեր տեսակետներ, և հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունը։ Եգիպտոսում մենք հավատում ենք խաղաղությանը, հավատում ենք, որ բանակցությունների վերջում երկու կողմերը կհասնեն կայուն խաղաղության, որովհետև խաղաղությունը զարգացման, կայունության բանալին է։ Դուք չեք կարող ապրել առանց հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու, որովհետև դա ձեզ շատ տնտեսական տառապանքներ կպատճառի։ Հայաստանը ճիշտ ճանապարհն է ընտրել․ դա խաղաղությունն է։ Վարչապետ Փաշինյանը բացատրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը շատ է գնահատվում եգիպտական կողմից։ Մենք Եգիպտոսում հավանություն ենք տալիս վարչապետ Փաշինյանի գործադրած բոլոր ջանքերին, պաշտոնապես հավանություն ենք տվել մեր Արտաքին գործերի նախարարության հայտարարության միջոցով՝ գոհունակություն արտահայտելով խաղաղության գործընթացի և այն ամենի շուրջ, ինչ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարծում եմ, որ բանակցությունների տեխնիկական հարցերի շուրջ բանակցող կողմերից մեկը մշտապես դժգոհ է, իսկ մյուս կողմը՝ գոհ, ինչը վերաբերելի է ցանկացած բանակցությունների, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Սա այն է, ինչ մենք դիվանագիտության մեջ անվանում ենք բանակցությունների արվեստ, անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ: Լավ դիվանագետները նստում են սեղանի շուրջ, ուղիղ բանակցություններ են վարում՝ հասնելու այն բանին, ինչն օգտակար է երկու երկրների և երկու ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար: Եվ ես վստահ եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:
-Դուք խոսեցիք Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին․ ի՞նչ կարծիքի է Եգիպտոսն այս նախաձեռնության վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ այս նախաձեռնությունը կարո՞ղ է վստահություն և տարածաշրջանային կայունություն կառուցել Հարավային Կովկասում։
-Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը: Եգիպտոսն աջակցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությանը, քանի որ այն ինտեգրում է բոլոր կողմերին և լավագույն օգուտն է բերում տարածաշրջանի բոլոր կողմերին: Եվ այն հաղորդակցում է բոլոր առևտրային ուղիները, երկաթուղիները, այն կապակցում է ամբողջ տարածաշրջանն ու տարածաշրջանի երկրները: Երբ կառուցում եք ընդհանուր շահ, դուք կառուցում եք վստահություն։ Խաղաղություն կառուցելու համար ձեզ անհրաժեշտ է վստահություն: Այսպիսով, սա շատ լավ նախաձեռնություն է վստահություն և երկարատև խաղաղություն կառուցելու համար: Նույնիսկ երբ ստեղծվում էր Եվրամիությունը, դա տեղի էր ունենում 1957 թվականի Հռոմի պայմանագրի նույն տնտեսական հանգամանքի վրա: Ավելի մեծ համագործակցություն և ավելի մեծ միասնություն ապահովելու համար տեսնում եք, որ անհրաժեշտ է փոքր քայլեր ձեռնարկել։
Հայաստանն այժմ ակտիվորեն խորացնում և զարգացնում է հարաբերություններն արաբական երկրների հետ։ Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի Հանրապետության և արաբական երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը։ Այս տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության քաղաքականությունն՝ ուղղված արաբական երկրների հետ գործընկերային հարաբերությունների խորացմանը։
Ես նկատել եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ-արաբական հարաբերությունները բարգավաճում են, և արաբական երկրները նոր դեսպանատներ են բացում Հայաստանում, իսկ նախկինում այդպես չէր։ Կարծում եմ, որ սա շատ լավ քայլ է ինչպես հայկական, այնպես էլ արաբական երկրների կողմից ավելի արդյունավետ համագործակցություն ունենալու համար։ Աշխարհագրորեն մենք շատ հեռու չենք։ Այսպիսով, մերձավորարևելյան և արաբական այս հարաբերությունները Հայաստանի հետ շատ շահավետ են ամբողջ տարածաշրջանի համար։ Դա նաև նոր մշակութային կապեր ու նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծում, ինչը շատ լավ է։ Հայաստանից արաբական երկրներ արտահանումը զարգանում է, ինչը շատ լավ է հայկական տնտեսության համար։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ, օրինակ, Եգիպտոսը, Լիբանանը, Իրաքը Սիրիան ողջունում էին բոլոր հայերին, երբ նրանք եկան 20-րդ դարի սկզբին, և նրանք մեր բնակչության մի մասն են կազմում։ Հայերը լիովին ինտեգրված են բոլոր հասարակություններում։ Հայաստանի համար նաև հարուստ մարդկային ռեսուրս են արաբական երկրներում ապրող բոլոր հայերը՝ այդ երկրների և Հայաստանի միջև լավ կապեր հաստատելու տեսանկյունից: Օրինակ, եգիպտահայ համայնքը շատ ակտիվ է՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև լավ կապեր հաստատելու առումով: Կան շատ եգիպտահայեր, որոնք եկել են Հայաստանում հաստատվելու: Ավագ սերունդը նախընտրում է մնալ Եգիպտոսում, բայց երիտասարդ սերունդը սիրում է գալ այստեղ բիզնես ունենալու, աշխատելու և ապրելու համար: Դուք այստեղ՝ Երևանում հաճախ կարող եք տեսնել արաբերեն խոսող հայերի, որոնք ժամանել են Սիրիայից, Իրաքից, Եգիպտոսից: Սա ամրապնդում է հարուստ մշակութային կապերը։ Կարծում եմ՝ այս հարուստ մշակութային և պատմական կապերը կհանգեցնեն ավելի բարգավաճ տնտեսական հարաբերությունների ու քաղաքական կայունության:
-Տիկին դեսպան, մոտ ապագայում նախատեսվո՞ւմ են Եգիպտոսից Հայաստան բարձր մակարդակի այցելություններ։
-Այո, մենք աշխատում ենք նախարարական այցերի կազմակերպման ուղղությամբ։ Մենք աշխատում ենք բազմաթիվ ոլորտներում, որոնց վրա նախկինում չէինք աշխատում: Սպասում ենք մի քանի նախարարական այցելությունների, և ես կհայտարարեմ դրանց մասին, երբ ճիշտ ժամանակը գա:
-Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության և ջերմ ընդունելության համար, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։
-Այո, կցանկանայի նաև ավելացնել, որ որպես Հայաստանում Եգիպտոսի դեսպան՝ ինձ համար հրաշալի փորձառություն էր բացահայտել Կահիրեում ապրող հայերի ծագումը։ Հիմա զգում եմ, թե Եգիպտոսի հայերը որքան արվեստասեր են, որքան խելացի են։ Երբ ես եկա այստեղ, հասկացա, թե ինչու են նրանք այդպիսին, որովհետև ես իսկապես հիանում եմ հայկական մշակույթով, հիանում եմ հայ մարդկանցով, նրանով, թե ինչպես են նրանք կառուցում իրենց երկիրը, ինչպես են նրանք հավատարիմ իրենց ազգին, լեզվին, մշակույթին, ինչը շատ գնահատելի է։ Հրաշալի է, այն, թե ինչպես է հայոց լեզուն գոյատևել այս բոլոր տարիների ընթացքում։ Դա անհավանական բան է աշխարհի ցանկացած քաղաքակրթության մեջ։ Սա պայմանավորված է հայերի արժանապատվությամբ, հայկական մշակույթի, ինքնության պահպանմամբ։ Հիացմունքի է արժանի, թե ինչպես են հայերը պահպանում Հայաստանի բնությունը, հոգ տանում շրջակա միջավայրի մասին։ Ես բոլոր հայերին բարգավաճ ապագա եմ մաղթում։ Նրանք դրան շատ են արժանի։ Հայերը խաղաղասեր են, նրանք մտավորական են՝ բարձր կրթությամբ, մտածում են մարդկության համար լավագույնի մասին։ Հույս ունեմ, որ Հայաստանը կլինի բարգավաճ, իսկ եգիպտա-հայկական հարաբերությունները միշտ միմյանց կտան լավագույն փորձառությունը։
Եգիպտոսը նաև ուսումնական դասընթացներ է անցկացնում հայ ընկերների համար մեր դիվանագիտական ինստիտուտում, հայերի համար դասընթացներ են անցկացվում նաև ոստիկանության, կառավարման, իրավունքի ոլորտներում։ Մենք մեր հայ ընկերներին տրամադրում ենք բազմաթիվ կրթաթոշակներ և ուսումնական դասընթացներ։ Հույս ունենք, որ բազմաթիվ ոլորտներում առկա համագործակցությունը կնպաստի բարգավաճ ապագա կառուցելուն։