ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիշնեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում
հոկտեմբերի 8-ին կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:
Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը
մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ
Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի
Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար üասիեի (üրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ
գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այնուհետեւ նախագահներ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ
դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ
երկու երկրների արտգործնախարարները:
Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական
տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ
կարգավորման շուրջ բանակցությունները:
Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում
հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի
քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում:
Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են
միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի,
ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի
մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ
ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-
թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին
գործընթացներ են: