ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մխիթարյան):ՀՀ սփյուռքի
նախարարության գործունեության արդյունավետությունը պայմանավորված է հայկական
համայնքների հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց
ճարտարագետ եւ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, սփյուռքի նախարարությունը կարող է
օգտակար աշխատանք տանել. անհրաժեշտ է երկար ժամանակ ծրագրեր մշակելու, նաեւ
սփյուռքահայ ղեկավարների հետ խորհրդակցելու համար, քանի որ նրանք ավելի լավ
գիտեն իրենց համայնքների խնդիրներն ու հնարավորությունները: Նախարարության
առաքելություններից մեկը պետք է լինի հայ արվեստագետին, մտավորականին
օժանդակելն ու աջակցելը, որպեսզի նա հայ մշակույթը ներկայացնի սփյուռքում,
ինչպես նաեւ, սփյուռքի մտավորականներին, արվեստագետներին հայրենիք բերելով`
հայաստանաբնակներին ներկայացնի սփյուռքում ստեղծված արժեքները:
Բնակվելով Մեծ Բրիտանիայում եւ ծանոթ լինելով այնտեղի հայ համայնքի
առանձնահատկություններին` Ռուբեն Գալչյանը նշեց, որ ժամանակ է պետք, որ
սփյուռքի նորաստեղծ նախարարությունը կարողանա ծանոթանալ համայնքի
կառուցվածքին, խնդիրներին: Մեծ Բրիտանիայում այսօր ապրում է 18-20 հազար հայ,
որոնցին 4-5 հազարը վերջին տարիներին Հայաստանից մեկնածներն են: Նրանցից 10
հազարը բնակվում է հիմնականում Լոնդոնում եւ նրա շրջակայքում, իսկ մնացածը`
տարբեր քաղաքներում: Ըստ Ռ. Գալչյանի` համայնքի փոքր լինելով է պայմանավորված
նրանում հասարակական եւ այլ կազմակերպությունների սակավությունը:
Ներկայումս համայնքում գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ հայ
երեխաներին հնարավորություն է տրվում սովորել հայոց լեզու, հայ գրականություն
եւ պատմություն: Այդ դպրոցներ այցելում է 250-300 երեխա: Ըստ Ռ. Գալչյանի`
դրանով ինչ-որ չափով լուծվում է հայապահպանության խնդիրը: Նրա տեղեկացմամբ,
կան նաեւ մարզական, մշակութային կազմակերպություններ. Հայկական ինստիտուտը
զբաղվում է մշակութային ձեռնարկներով, դասախոսությունների, հանդիսությունների,
համերգների կազմակերպմամբ, որով թե հային, թե օտարին ծանոթացնում են հայ
մշակույթին: Հայերի համար հիմնական հավաքատեղին եկեղեցին է:
Նշենք, որ Ռ. Գալչյանը 1991-2000 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ
պատվո հյուպատոս: Այս տարի նոյեմբերին Հայաստանում գիտության զարգացմանը
նպաստելու համար ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից նրան շնորհվել է պատվավոր
դոկտորի կոչում:
Նա իր անմիջական մասնակցությունն է ունեցել 2000 թվականին ստեղծված
«Հայաստանի բարեկամներե բարեգործական կազմակերպությանը, որը Հայաստանում
իրականացրել է 1 մլն արժողությամբ շուրջ 200 ծրագրեր, ինչպես նաեւ 1988
թվականի երկրաշարժից հետո հիմնադրված «էյդ Արմենիաե կազմակերպությանը, որը
կատարել է 12 մլն դոլարի ներդրում, մասնավորապես` կառուցվել է Վանաձորի Սբ
Նարեկ մանկական հիվանդանոցը: