ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ:
Հայ-լիտվական առնչություններն սկզբնավորվել են միջնադարում, երբ բազմաթիվ
հայեր բնակություն են հաստատել միացյալ լեհ-լիտվական պետության տարածքում:
1410թ. Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ լեհ-լիտվական դաշնակից զորքերի
կազմում կռվել է նաեւ հայկական ջոկատ:
XIX դ. վերջին Լիտվայում արձագանքել են Օսմանյան կայսրությունում թուրքերի
իրագործած հայկական կոտորածներին՝ լիտվական մամուլում հրապարակելով հայ
ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ, ընդգծելով լիտվացի եւ
հայ ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությունը: Թարգմանություններ են
կատարվել նաեւ հայ գրողների (Խ. Աբովյան, Րաýýի) ստեղծագործություններից:
Հայտնվելով Խորհրդային Միության կազմում՝ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ
հաստատվել են տնտեսական, գիտական ու մշակութային սերտ կապեր:
Լիտվերեն են թարգմանվել ու հրատարակվել հայ գրողների ու բանաստեղծների, ինչպես
նաեւ հայերեն՝ լիտվացի գրողների ստեղծագործությունները: Սերտ են եղել հայ
լիտվական երաժշտական առնչությունները:
1941-1945թթ. պատերազմի ժամանակ մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ որպես Առաջին
Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Մեմելի, Շյաուլյայի
ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները, իսկ պատերազմից հետո եղել է
Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատարը:
Լիտվայում գործում են Լիտվայի հայ համայնքը եւ Կաունասի հայկական միությունը:
Լիտվայի Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ է լիտվահայ համայնքի
ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանը: