Մշակույթ

Համերգներ, մրցույթներ, հրատարակություններ. Հայաստանի ստեղծագործական խմբերը շուքով են տոնել Խաչատրյանի 120-ամյակը հայրենիքում և արտերկրում

13 րոպեի ընթերցում

Համերգներ, մրցույթներ, հրատարակություններ. Հայաստանի ստեղծագործական խմբերը շուքով են տոնել Խաչատրյանի 120-ամյակը հայրենիքում և արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի շրջանակում և՛ Հայաստանում, և՛ արտերկրում իրականացվել է 21 միջոցառում, որից երեքն իրականացվել է մրցութային դրամաշնորհների, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջետային ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ՝ ծրագրի ֆինանսավորումը կազմել է 464 մլն 575 հազար ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական ծրագրերում ներգրավված են եղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, «Արամ Խաչատրյան» եռյակը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և այլ կառույցներ:

Միջոցառումներն իրականացվել են Հայաստանում և արտերկրում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և այլն:

Հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ մեծ աշխատանք է արվել Խաչատրյանի հոբելյանը պատշաճ նշելու համար: Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա հունվարին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որի ջանքերով և առաջարկությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվել:

«Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից էր Արամ Խաչատրյանի արվեստի ներկայացումը տարբեր երկրներում: Մեր գործընկերները՝ ստեղծագործական խմբերը, հյուրախաղերով հանդես են եկել տարբեր հեղինակավոր բեմերում, ներկայացրել են Խաչատրյանի ստեղծագործությունները: Դժվար է գտնել մի երկիր, որտեղ որևէ միջոցառում չենք կազմակերպել»,-նշեց նախարարը: Նա կարևորեց նաև մրցութային ծրագրերը՝ Խաչատրյանի անվան մրցույթը, որի մեկնարկն ավանդաբար տրվում է կոմպոզիտորի ծննդյան օրը:

Նախարարն առանձնահատուկ համարեց մարզերում իրականացված համերգային ծրագրերը: «Կոնսերվատորիան Գյումրիում և Կապանում է համերգով հանդես եկել, որտեղ ընդգրկվել են ուսանողները: Մենք մեծ չափով աշխատանք ենք տարել լրատվական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ: «Մեցցո» հեռուստաընկերության թիմի հետ իրականացվել են վավերագրական ֆիլմի նկարահանումներ, և այն արդեն ցուցադրվել է: «Մեցցո»-ն շատ կարևոր մշակութային հարթակ է Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու տեսանկյունից: Ամբողջ տարվա ընթացքում գործել է նաև KHACHATURIAN RADIO առցանց ձայնասփյուռի ծրագիրը, որն ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով հեռարձակել է Խաչատրյանի ստեղծագործությունները: Հրատարակչական ծրագրերը ևս մեծ նշանակություն ունեն, որտեղ կարևոր է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դերը: Կարևոր են գիրք-ալբոմի հրատարակությունը, նոտային գրականության վերահրատարակությունը, որը հասանելի է դարձնում Խաչատրյանի ստեղծագործությունները»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերի 12-21-ը հյուրախաղերով հանդես է եկել Հունաստանում, Ամերիկայում և Կանադայում: Վերոնշյալ երկրների լավագույն համերգասրահներում, այդ թվում՝ Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում, ազգային նվագախումբը ներկայացրել է հայ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ սիմֆոնիկ ստեղծագործությունները: Հունաստանում որպես մենակատար հանդես է եկել ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում Արամ Խաչատրյանի Ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտով՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Համերգները ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Ինձ համար հոբելյանական տարին սկսվեց Խաչատրյանի ծննդյան օրը Մոսկվայում մեծ միջոցառման մեկնարկով: Ելույթ էր ունենում Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ կատարելով միայն Խաչատրյանի գործերը: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ էլ կատարեցինք Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան: Այդ համերգը ցուցադրվել է «Կուլտուրա» հեռուստաալիքով: Հետագայում Մեծ թատրոնում կատարվեց «Սպարտակ» բալետի երաժշտությունը»,-հիշեցրեց Էդուարդ Թոփչյանը:

Նրա խոսքով՝ Խաչատրյանը 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից է: Դիրիժորը ցավում է և չի կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ Խաչատրյանը բավարար չի հնչում աշխարհում:

Դիրիժորը կարևորեց նաև Խաչատրյանի 120-ամյակին ընդառաջ BIS Records-ի հետ «Թավջութակի հայկական կոնցերտներ» (Armenian Cello Concertos) ձայնասկավառակի ձայնագրումը, որտեղ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ կատարել են հայ կոմպոզիտորների հազվադեպ կատարվող երեք կոնցերտներ, այդ թվում՝ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը: Այս ձայնասկավառակն արժանացել է երաժշտաքննադատների բարձր գնահատականների:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2023-ի հոկտեմբերի 26-27-ին հյուրախաղերով հանդես է եկել Փարիզի կոնգրեսների պալատում (Le Palais des Congres de Paris) և հոկտեմբերի 29-ին՝ Ստրասբուրգի «Զենիթ Եվրոպա» համերգասրահում: Ներկայացվել է աշխարհահռչակ կոմպոզիտորի համաշխարհային ճանաչում ունեցող «Դիմակահանդես» երկու գործողությամբ բալետային ներկայացումը. բեմադրող բալետմայստեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան:

Թատրոնի փոխտնօրեն Գայանե Կիրակոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա հուլիսին թատրոնի արտիստները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում մեծ հանդիսավորությամբ նշված «Արամ Խաչատրյանի դարաշրջանը» գալահամերգին՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: «2023-ի հունիսի 6,7,8-ին մեծ խանդավառությամբ անցավ նաև Երևան Թումանյանի անվան զբոսայգում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված բալետային փառատոնը, որտեղ ցուցադրվեցին Խաչատրյանի «Դիմակահանդես», «Սպարտակ» և «Գայանե» բալետները: Փառատոնը մեծ տոն է դարձել երևանցիների և հյուրերի համար»,-շեշտեց Կիրակոսյանն ու հիշեցրեց, որ հանդես են եկել նաև մարզերում:

HM2_3093.JPG (626 KB)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ հյուրախաղերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում է հանդես եկել: Նվագախումբը ելույթներ է ունեցել Մանչեսթեր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բիրմինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ քաղաքների և Լոնդոնի անվանի համերգասրահներում: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են եկել բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։ Լսարանը ներկայացնում էին ինչպես բրիտանացի, այնպես էլ հայկական սփյուռքի երաժշտասերները: 10 համերգին ներկա է եղել շուրջ 8000 հանդիսատես:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց՝ կարևոր է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որի ընթացքում հնչել են Խաչատրյանի Ջութակի, Դաշնամուրի և Թավջութակի կոնցերտները, ինչպես նաև Երկրորդ և Երրորդ սիմֆոնիաները: «Ծրագրում ներկայացրել ենք նաև ոչ այնքան հաճախ կատարվող, բայց Խաչատրյանի ժառանգության կարևոր մաս կազմող երաժշտությունը՝ կինոյի համար գրված երաժշտությունը: Կարևոր է նաև Խաչատրյանի ջազային մշակումներով «Սիմֆոնիկ ջազ» համերգը, որը ունկնդրի սիրած ծրագրերից է»,-ասաց Բալբաբյանն ու հավելեց՝ ձայնագրել են նաև Խաչատրյանի մի շարք ստեղծագործություններ:

HM2_3082.JPG (447 KB)

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը շեշտեց՝ իրենց ամբողջ գործունեությունն ուղղված է Խաչատրյանի ժառանգության հանրայնացմանը: Հիմնադրամը «Մեցցո» հեռուստաընկերության թիմի հետ իրականացրել է վավերագրական ֆիլմի նկարահանումներ, որոնց շրջանակում անցկացվել են հարցազրույցներ, նկարահանվել են տեսարաններ Հայաստանի տեսարժան վայրերից: Ֆիլմը հնարավորություն ունեն դիտելու 80 երկրում՝ «Մեցցո»-ի մեծ լսարանի շնորհիվ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրատարակել է գիրք-ալբոմ, որում ներկայացվել են մեծանուն կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումներն աշխարհի մեծանուն մարդկանց հետ: Ալբոմի էջերում ընդգրկվել են կոմպոզիտորի մտորումները, թևավոր խոսքերը, ասույթներ նրա մասին, արտերկրի երաժշտագետների, երաժիշտների, մամուլի արձագանքները, հատվածներ նամակներից, լուսանկարներ, որոնց մեծ մասը հրապարակվել են առաջին անգամ: Գիրք-ալբոմը փաստական հարուստ նյութով տպագրվել է անգլերենով: Թանգարանն իրականացրել է նաև Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում: Տուն-թանգարանն իրականացրել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում:

Մշակվել և իրականացվել է հոբելյանական տարվա միջոցառումների լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի մեծ ծրագիր, որի շրջանակում ստեղծվել են հատուկ տարբերանշան և բրենդբուք: Պատրաստվել և ցուցադրվել են Արամ Խաչատրյանի կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող կարճ ինֆորմացիոն ֆիլմեր, հոլովակներ: Տարվա ընթացքում մայրաքաղաքում ներկայացվել են հոբելյանը խորհրդանշող վահանակներ, պաստառներ, տպագրական և տեղեկատվական այլ գովազդային նյութեր, որոնք օգտագործվել են նաև արտերկրում՝ հոբելյանական տարվա ընթացքում մշակութային ծրագրեր ներկայացնելիս:

Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, որը նաև Խաչատրյանի եռյակի դաշնակահարն է, ասաց՝ հանդես են եկել ավելի քան 70 համերգով Հայաստանում, մարզերում ու արտերկրում: «Եղել ենք ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ուրուգվայում, Իտալիայում, Հունաստանում, Պարսկաստանում, Ղազախստանում, Ռուսաստանի 25-ից ավելի քաղաքներում, Չինաստանում և այլուր: Շատ քաղաքներում համերգներն ուղեկցվել են դասախոսություններով, ցուցադրություններով, որոնք կազմակերպվել են թանգարանի արխիվային նյութերի հիման վրա»,-ասաց Գրիգորյանը:

Առաջին անգամ Ռուսաստանում՝ Եկատերինբուրգ քաղաքում, իրականացվել է Խաչատրյանին նվիրված փառատոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի եռյակի և Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համատեղ ջանքերով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծել և հեռարձակել է շուրջօրյա KHACHATURIAN RADIO առցանց ձայնասփյուռի ծրագիրը, որն ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով հեռարձակել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Առցանց ռադիոն մշտական հասանելիություն ունի գրեթե բոլոր միջազգային երաժշտաժամանցային առցանց հարթակներում: Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը հույս ունի, որ ծրագիրը, որն ավարտվում է երկու օրից, շարունակական կլինի:

Ներկաները կարևորեցին նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգման աշխատանքները: Նորոգված դահլիճում Խաչատրյանի երաժշտությունն առավել լավ կհնչի:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում