Հասարակական

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ․ FAST-ն ու Solaron-ն ամփոփել են հետազոտական ծրագրի արդյունքները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ․ FAST-ն ու Solaron-ն ամփոփել են հետազոտական ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ»-ի նախագիծն արդեն իրականություն է։ Մայիսի 24-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ծրագրի ֆինանսական աջակից «Solaron» ընկերության հետ համատեղ ներկայացրին Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման հնարավորությունների նախանշմանն ուղղված հետազոտական դրամաշնորհային ծրագրի արդյունքները։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել FAST-ի և Solaron-ի համահիմնադիր և հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը՝ ներկայացնելով հետազոտական նախագծի նպատակը.

«Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում կայուն, ինքնաբավ և անվտանգ էներգետիկ համակարգ կառուցելու կարևորության գիտակցմամբ։ Մեր նպատակն էր նախագծել այն քայլերը՝ օրենսդրական փոփոխությունները, տնտեսական խթանները, անհրաժեշտ ենթակառուցվածքային վերափոխումները, որ անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի միջոցներով Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման համար»։

FAST-ի և Solaron-ի  համահիմնադիր Արթուր Ալավերդյանը՝ ներկայացնում է նախագծի նպատակները.JPG (906 KB)

Ճանապարհային քարտեզի կառուցվածքն ու կատարված աշխատանքն են ամփոփել հետազոտական թիմի ղեկավարը՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտնական Սուրեն Շատվորյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանը։ Հետազոտական թիմը դուրս է բերել Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման երեք սցենարներ՝ բազային, արագացված և ագրեսիվ՝ մոդելավորելով մինչև 2040/2050 թվականը երկրի էներգետիկ անկախության գործակցի բարձրացումը 46.8 տոկոսից մինչև 71.7 տոկոսի միջակայքում։

Միջոցառման երկրորդ հատվածում Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ պանելային քննարկում են ունեցել ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը և Արթուր Ալավերդյանը՝ քննարկելով հետազոտությամբ նախանշված նպատակներին հասնելու համար պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ գործակցության ընդլայնման կետերն ու հնարավորությունները։

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզի շնորհանդես_Պանելային քննարկում.JPG (997 KB)

Ուսումնասիրությունն իրականացրել է բաց մրցույթի արդյունքում ձևավորված հետազոտական թիմը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանի, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացնող Արամ Հարությունյանի և Տիգրան Գնունիի, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ և գլխավոր տնօրենի տեղակալ Գառնիկ Բալյանի և Ինսբրուկի համալսարանի փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Ռեժիս Ռոբերտ Դանիելյանի մասնակցությամբ և Սուրեն Շատվորյանի ղեկավարությամբ։

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ (2).JPG (913 KB)

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ_Հետազոտական թիմն ամփոփում է աշխատանքը.JPG (921 KB)

Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզի շնորհանդես.JPG (880 KB)

Հետազոտության արդյունքները հասանելի են թե՛ պատկան մարմինների, թե՛ ոլորտի մասնագետների, և թե՛ հետաքրքրվողների համար։ Աշխատանքի համառոտ նկարագրին կարող եք ծանոթանալ այստեղ (հայերեն և անգլերեն)։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

Solaron-ը Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունն է, որն իր ուղին սկսել է 2016 թվականին։ Գործունեության 8 տարիների ընթացքում Solaron-ն իրականացրել է ավելի քան 1400 նախագիծ Հայաստանում և արտերկրում։ Ընկերության մոտեցումների հիմքում նորարարությունն է, որն ինտեգրված է իր ապրանքների և հատուկ լուծումների մեջ։ Հիմնադրումից ի վեր Solaron-ը գործում է ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ստեղծման և վերականգնվող էներգիան ողջ Հայաստանում՝ թե՛ անհատների, թե՛ բիզնեսի համար հասանելի դարձնելու առաքելությամբ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում