Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան 

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք այդ հատկությունն ամբողջ կյանքի ընթացքում»: Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանը հանրապետության մյուս դպրոցներից առանձնանում է, քանի որ ունի Մանկավարժական համալսարանի աջակցությունն ու առաջնորդությունը։ «Դուք ունեք էլ ավելի լավ պայմաններ՝ ձևավորելու այն կարևոր կարողունակությունները, գիտելիքն ու հմտությունները, որոնք էականորեն կպայմանավորեն ձեր հաջողությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

IMG_2633.JPG (403 KB)

Նա նաև նշել է, որ օրեր առաջ միջազգային պատվիրակություն էր ուղեկցել հենակետային վարժարան, որոնք հիացած և տպավորված էին աշակերտների գիտելիքով և ուսուցիչների նվիրումով։ «Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության․ դա շատ կարևոր է կրթության կազմակերպման գործում»,- նշել է նախարարի տեղակալն ու շրջանավարտներին մաղթել կյանքի հաջորդ բարդ փուլերում հավատալ գիտելիքի ուժին, մշտապես ու անընդհատ կրթվել՝ մրցունակ լինելու և երկրի համար լավ քաղաքացի լինելու ձգտմամբ։

Վերջին զանգի առթիվ վարժարանցիներին շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

IMG_2877.JPG (647 KB)

«Այն նախապատվությունները, որոնց ներքո շարունակելու եք ձեր մասնագիտական կողմնորոշումները, իրագործելու են մեր և ձեր իղձերը, ապագայի ձգտումները։ Դուք գեղեցիկ եք, բարի, գիտելիքահեն, տաղանդաշատ, ունեք սեփական և ինքնուրույն քննադատական մտածողություն․ այս ամենը թույլ է տալիս վստահ լինելու, որ ապագան հուսալի ձեռքերում է։ Իրագործեք մեր և ձեր երազանքները, որ երկուստեք վայելենք բերկրանքը»,- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Այս տարի Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն ավարտում է 7 հոսքի 133 սովորող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում