Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵՄ պատվիրակության անդամները պարեկություն են իրականացրել Երասխ և Պարույր Սևակ համայնքներում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵՄ պատվիրակության անդամները 
պարեկություն են իրականացրել Երասխ և Պարույր Սևակ համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել  առաքելության մանդատի և գործունեության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հանձնաժողովի անդամներին և տեղեկացնել նրանց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին։ Պատվիրակությունը միացել է Երասխ և Պարույր Սևակ համայնքների շրջանի պարեկությանը։ Շնորհակալ ենք դեսպան Դելֆին Պրոնկին և հարգարժան հյուրերին դրական արձագանքի համար», - նշվում է գրառման մեջ։

Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am