Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վերջին ամիսների ամենաարտահայտիչ սուտն այն է, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզից գյուղեր հանձնել Ադրբեջանին․ Փաշինյան

Վերջին ամիսների ամենաարտահայտիչ սուտն այն է, թե ՀՀ կառավարությունը 
պատրաստվում է Տավուշի մարզից գյուղեր հանձնել Ադրբեջանին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնել Ադրբեջանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Խաղաղության մեր օրակարգի առումով մեզ շատ հայհոյում են և բազում ստեր են ասում։ Այդ ստերից ամենաարտահայտիչը, ըստ էության, բոլոր լրատվամիջոցներում և ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսույթից վերջին ամիսներին չիջնող այն արձանագրումն է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Բայց այս խոսույթը որևէ կապ չունի իրականության հետ։

Առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել Կըզըլհաջըլի, Խեյրեմլի, Աշաղի Ասկիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր։  Ընդ որում, վերջինը որևէ կերպ չի կարելի շփոթել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հետ, որովհետև Տավուշի մարզում Բաղանիս գյուղ կա, որը կա, եղել է և միշտ կլինի Հայաստանի Հանրապետություն»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ իր կառավարությունը երբևէ հավակնություն չի ունեցել և այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների նկատմամբ։ «Սա պետք է շատ հստակ արձանագրել, առավելևս այն պայմաններում, երբ մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Ես ուզում եմ, որ մենք սա շատ հստակ արձանագրենք, և մեր քաղաքական ուղերձն այն է, որ Հայաստանն իր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի վրա։  Նաև ուզում եմ, որ դուք իմանաք, որ Կըզըլհաջիլի գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ 100 տոկոսով։ Դա այդպես է այսօր, երեկ էլ էր այդպես, 15 տարի առաջ էլ է այդպես եղել, 20 տարի առաջ էլ է այդպես եղել»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։  

Նա նշել է, որ հաջորդ հարցը կարող է ծագել, իսկ եթե ՀՀ-ն հավակնություններ չունի կամ եթե այդ գյուղերի ուղղություններով կան տարածքներ, որոնք կարող են գտնվել ՀՀ վերահսկողության ներքո, ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի համաձայնվում այդ տարածքներում որոշակի կարգաբերումներ անել։ «Այնպես չի, որ մենք չենք համաձայնվում, մենք մի հարց ենք դնում, ասում ենք՝ մեզ համար հարկավոր է հստակ ընդգծել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը։ Սա է ֆունդամենտալ հարցը, և ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս լուծումներին։ Եթե Ադրբեջանը ոչ թե լայնածավալ պատերազմի առիթ է փնտրում, այլ ուզում է սահմանի ճշգրտման գնալ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, մենք դրան պատրաստ ենք, իսկ իմ ասած բանաձևի կիրառումը կամ չկիրառումը մեզ հնարավորություն կտա այս հարցում կոնկրետություն մտցնել և հետևություններ անել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am