Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյան

Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյան

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

«Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների», - ասաց վարչապետը։

IMG_1354.jpg (1.62 MB)

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:

«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան հանելու համար», - իր ելույթում հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ «Հայաստանը, հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - ասաց վարչապետ Փաշինյանը։

IMG_1351.jpg (2.58 MB)

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման  Հայաստանի թափանցիկ և բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել երկրի ջանքերը։  

Գագաթնաժողովին մասնակցող երկրների և կառավարությունների ղեկավարներն հնարավորություն կունենան կիսվել իրենց տեսլականով միջուկային էներգիայի առանցքային դերի վերաբերյալ և կայուն զարգացման խթանման, ներառյալ դրա ներուժն ամբողջությամբ օգտագործելու ազգային ծրագրերով:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության Atoms4NetZero նախաձեռնությամբ մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում պանելային քննարկումների ժամանակ փորձագետները ցույց կտան, թե ինչպես է նորարարությունն էլ ավելի բարձրացնում միջուկային էներգիայի մրցունակությունը, օգտագործելիությունը և կայունությունը, ինչպես նաև միջուկային էներգիայի ֆինանսավորման և դրա համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորություններն ու մարտահրավերները:

Գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո, որը կոչ արեց արագացնել դրա տեղակայումը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ միասին:

 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am