Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը

Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, 
այդ թվում՝ պաշտպանության ոլորտում. դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար:

«Արմենպրես»-ը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

8D1A4713.jpg (516 KB)

-Պարոն դեսպան, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր որակ են ստացել, դեռ անցյալ տարի Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները: Պաշտպանության ոլորտում համագործակցությունն արդյոք երկարաժամկե՞տ կլինի և կխորանա՞:

-Դա իրականում ոչ միայն պաշտպանական համագործակցություն է: Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մենք  երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ունեցանք Մյունխենում, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը Փարիզում էր և մասնակցեց Դիմադրության շարժման հայտնի անդամ, հայկական ծագում ունեցող Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը Ազգային պանթեոնում: Հանդիպեցին նաև նախագահն ու վարչապետը: Իհարկե, նշանակալի այց էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը Հայաստան, սա առաջինն էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախարարի համար, դա բավականին նշանակալից է: Մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք 32 տարի, անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 24-ից, բայց դրանք երբեք այսքան հագեցած ու վստահելի չեն եղել: Այո, մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, դա միայն ռազմական գնումների մասին չէ, որն, իհարկե, կարևոր է, այլ նաև վերապատրաստումների մասին է, այդ թվում՝ բարձրաստիճան հայ սպաների վերապատրաստումների: Խոսքը խորհրդատվության մասին է:

Երբ երկու երկրների երկու ռազմական ակադեմիաների միջև առկա է այնպիսի պայմանագիր, ինչպիսին կնքվեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցի շրջանակում, դու, անշուշտ, կառուցում ես երկարաժամկետ համագործակցություն: 

8D1A4708.jpg (530 KB)

-Ի՞նչ եք կարծում այդ համագործակցությունը կընդլայնվի՞:

-Մենք ականջալուր ենք հայ գործընկերների կարիքներին:

-Պարոն դեսպան, Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը: Ինչպե՞ս կարձագանքեք սրան, Ֆրանսիան պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հետաքրքրություն, շահագրգռվածություն ունի:

-Ի հակադրություն այդ որոշակի շրջանակների, որոնց դուք հղում եք անում՝ մենք ազդեցության ոլորտների տեսանկյունից չենք մտածում, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է:

8D1A4759.jpg (390 KB)

-Այսպիսով կարո՞ղ ենք ասել, որ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության մասին է:

- Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին:

-Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում:  Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցություններ, հանդիպումներ են եղել, Ֆրանսիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու նախապատրաստվող նոր պատերազմը:

-Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ: Եվ վարչապետն ու Հայաստանի Հանրապետությունը պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը։

8D1A4774.jpg (440 KB)

-Պարոն դեսպան, Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ ու շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության, սակայն, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար: Ըստ Ձեզ՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով:

-Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ:

Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից:

8D1A4730.jpg (573 KB)

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Ֆրանսիա ապագա համագործակցությունը, ո՞ր ոլորտներում եք խորացման ներուժ տեսնում, մասնավորապես տնտեսական համագործակցության մասին ի՞նչ կասեք:

-Համագործակցությունը, որ ունենք Հայաստանի հետ, անշուշտ չի սահմանափակվում ռազմական հարցերով: Դա մեր համագործակցությունում վերջին համալրումն է: Այդ համագործակցությունում ներգրավված են բազմաթիվ դերակատարներ` Ֆրանսիայի կառավարությունը, Ֆրանսիական կառավարական գործակալությունները, ֆրանսիական ընկերությունները, ֆրանսիական հասարակական կազմակերպությունները, Ֆրանսիայում սփյուռքի կազմակերպությունները: Եվ բոլորը փորձում են հաշվի առնել ներկայիս իրավիճակը, Հայաստանի ներկայիս ռազմավարական իրավիճակը: Իմ խորհուրդն է նրանց, և ես նրանց շատ հաճախ եմ հանդիպում, կենտրոնանալ Հայաստանի ամենառազմավարական սեկտորների և ամենառազմավարական ոլորտների վրա` չնայած դրանք ամենամեծ սպառնալիքի տակ են: Եվ, եթե դու ռազմավարական մոտեցում ունես, ուրեմն չկա փոքր ծրագիր, չկա փոքր հարց: Ամեն ինչ տեղին է, օգտակար է, ազդեցիկ է, քանի դեռ դա մտածված է ռազմավարական առումով: Այսպիսով` այս առումով մի առաջնահերթություն, որ դրվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու մեր նախագահի հանդիպման ընթացքում Փարիզում 2 շաբաթ առաջ, ենթակառուցվածքներն են՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում: Հայաստանին ուժեղացնելը, աջակցելը նաև նշանակում է ուժեղացնել ենթակառուցվածքները: Եվ դրան մենք մեծ ուշադրություն ենք դարձնում:

8D1A4773.jpg (432 KB)

-Առաջիկայում Ֆրանսիայից բարձր մակարդակի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան:

-Երկու երկրերի արտաքին գործերի նախարարները մի քանի շաբաթ առաջ հանդիպեցին: Դա ո՛չ Ֆրանսիայում էր, ո՛չ Հայաստանում, այնպես որ, ենթադրում եմ, որ կլինեն որոշ այցեր երկու կողմերից մոտ ապագայում: Եվ, ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը հրավիրել է Ֆրանսիայի վարչապետին՝ այցելելու Հայաստան: Այցերը կարևոր են, որովհետև դրանք թույլ են տալիս զգալի առաջընթաց գրանցելու և գնահատականներ տալու կատարված աշխատանքներին: Բայց կան էլ ավելի շատ այցեր, քան միայն պաշտոնական այցերը, որոնց վրա, կցանկանայի, որ կենտրոնանանք: Հանգստյան օրերին 2 շատ նշանավոր ֆրանսիացի վիրաբույժներ Հայաստանում էին և աշխատում էին հայերի հետ՝ նրանց փոխանցելով շատ կարևոր հմտություններ, որոնք կարող են օգնել փրկել մարդկանց կյանքն արյունահոսությունների դեպքում: Վերջին հակամարտությունների զոհերի 30 տոկոսը եղել է արյունահոսության հետևանքով: Հայտնի վիրաբույժները գալիս են Ֆրանսիայից, ժամանակ են տրամադրում Հայաստանին օգնելու համար: Եվ նման բան ունենք բոլոր ոլորտներում: Կարևոր այցեր են սպասվում, բայց ոչ կարևոր այցեր չկան:

-Պարոն դեսպան, կցանկանայի՞ք ինչ-որ բան հավելել։

-Կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել: Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին այն հյուրընկալության համար, որ ցուցաբերվել է անձամբ ինձ, իմ թիմին, Ֆրանսիայի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Դարերի շփումների ընթացքում մեր երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերություններում ձևավորվել է մեծ վստահություն ու մեծ բարեկամություն, ինչը մեր աշխատանքն իսկապես ավելի ազդեցիկ ու իմաստալից է դարձնում: Այսպիսով` շնորհակալություն բոլոր հայերին, որոնք մեզ այս կերպ են ընդունում:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am