Հասարակական

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան

4 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային դեղատոմսերի  ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ, մարտի 1-ից վաճառվում են էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ կամ նույնիսկ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին, չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը:

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

-Մարտի 1-ից470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ վաճառվում են էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ, կամ անգամ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին, չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը: Այս երկու-երեք օրվա ընթացքում ի՞նչ խնդիրներ եք ձեր մասով արձանագրել, և ինչո՞ւ մինչև կարգն ուժի մեջ մտնելը միացումները չեն ապահովվել:

- ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել են և կազմակերպվել բազմաթիվ թրեյնինգներ, գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բայց չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի 2 -ին ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը լրացուցիչ հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Ընդ որում, օրենքի պահանջ է նաև, որ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձինք, լիցենզիա ստանալուց հետո, պետք է միանանԱՐՄԵԴ համակարգին:

Բայց բնական է, իհարկե, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկիզբը ցույց է տալիս խնդիրներն ու բացթողումները: Կարևոր է դրանց արձագանքելն ու ժամանակին լուծումներ տալը: Հիմա մեր թիմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որպեսզի ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում սպասարկվեն, և քաղաքացիները դեղատներում սպասարկվելու խնդիր չունենան:

-Մամուլում հրապարակում եղավ, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալը կարող է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնել դեղատների համար: Կա՞ նման բան:

- Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Այդ անանուն աղբյուրներին հղումներով հրապարակումները իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում և հավանաբար այլ նպատակներ են հետապնդում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումը իրականացվում է անվճար:

-Հիմա ի՞նչ պետք է անեն այն դեղատները, որոնք դեռ միացած չեն ԱՐՄԵԴ համակարգին: Եվ այս իրավիճակում կա՞ արդյոք դժվարություն մարզային դեղատների համար:

-Առողջապահության նախարարության կողմից ուղարկված ուղեցույցերում , որքանով տեղյակ եմ, նշված է քայլերի հաջորդականությունը: Եթե դեռևս կան դեղատներ, որոնք միացած չեն, պետք է, ինչպես մյուսները, հայտ ներկայացնեն՝ ԱՐՄԵԴ-ին միանալու համար, և մենք փորձելու ենք հնարավորինս արագ ապահովել։

Էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածություն ևս չի ավելանում՝ կապ չունի մարզային, թե մայրաքաղաքային դեղատներ են: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում