Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Արմենպրես»-ը և իսրայելական TPS-ը փոխըմբռնման հուշագրով կակտիվացնեն հավաստի լրատվության օպերատիվ փոխանակումը

«Արմենպրես»-ը և իսրայելական TPS-ը փոխըմբռնման հուշագրով կակտիվացնեն 
հավաստի լրատվության օպերատիվ փոխանակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը փետրվարի 15-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իսրայելական Tazpit Press Service (TPS) լրատվական գործակալության հետ։ Հուշագրով նախատեսվում է լրատվական գործակալությունների միջև անգլալեզու լուրերի և տեսաբովանդակության փոխանակում։

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը հատկապես կարևոր է աշխարհում, տարբեր տարածաշրջաններում չդադարող ակտիվ զարգացումների պայմաններում օպերատիվ և ստույգ լրատվության փոխանակման տեսանկյունից։ «Վերջին զարգացումները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, թե որքան կարևոր է դարձել տեղեկատվական անվտանգությունը։ Այս համատեքստում Իսրայելի մեր նոր գործընկերոջ հետ ստորագրված փաստաթուղթը հնարավորություն կտա երկու երկրների միջև ակտիվացնել ստուգված և հավաստի լրատվության օպերատիվ փոխանակումը։ Լիահույս ենք, որ փոխըմբռնման այս հուշագիրը առաջին քայլը կլինի Tazpit Press Service-ի հետ արդյունավետ և երկարատև համագործակցության ճանապարհին», - նշում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը։

Tazpit Press Service-ը իսրայելական միջազգային լրատվական գործակալություն է, որը իրական ժամանակում, վստահելի և ճշգրիտ լուրեր է հաղորդում Իսրայելում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հիմնադրված լինելով 2010 թվականին՝ գործակալությունն այսօր համագործակցում է Իսպանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի, Ղազախստանի, Ֆիլիպինների և այլ երկրների առաջատար լրատվամիջոցների հետ։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, որը հիմնադրվել է 1918 թվականին, հայաստանյան միակ լրատվամիջոցն է, որը լրատվության փոխանակման վերաբերյալ համագործակցության ավելի քան երեք տասնյակ համաձայնագրեր ունի այնպիսի երկրների լրատվական գործակալությունների հետ, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Ռումինիան, Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Արգենտինան, Կուբան, Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Եգիպտոսը, Հարավային Կորեան, Չինաստանը, Վիետնամը, Իրանը։

«Արմենպրես»-ի լրատվական բովանդակությունն արդեն թարգմանվում է ինը լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն և չինարեն։

Լրատվական գործակալությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան թղթակցական կետերում աշխատող լրագրողների շնորհիվ ակտիվորեն լուսաբանում է տեղական, տարածաշրջանային, միջազգային կարևորություն ունեցող իրադարձություններն ու զարգացումները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am