Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում. վարչապետ

Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության 
ընդունման պայմաններում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իշխանության՝ Սահմանադրության փոփոխության նպատակը Խաղաղության պայմանագրի ստորագրումը չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Փաշինյանը նկատեց, որ ոմանք զարգացնում են այն թեզը, թե Սահմանադրության փոփոխությունն արվում է Խաղաղության  պայմանագրի ստորագրման համար:

«Խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ այդ խնդիրները կան, ապա դրանք լուծված են, որովհետև Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար: Այստեղ խնդիրը բացարձակապես Խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, սակայն ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները: ՀՀ գործող Սահմանադրությունը նաև արտաքին հարաբերությունների համար է ուղենիշ պարունակում: «Ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ: Բայց այդտեղ կապերը բոլորովին ուրիշ կերպ են աշխատում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց, որ ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունների մասին մտածի նոր պայմաններում: «Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով,  որ սա միայն Հայաստանի մասին չէ:

Վարչապետը նկատել է՝ մարդիկ շատ են խոսում այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը պետական մտածողությամբ և պետական գործելակերպով ժողովուրդ չէ: «Եվ ես այդ մարդկանց լսելով՝ մտածում եմ, թե որտեղ է այն կետը, որտեղ այդ ընկալումը պետք է փոխվի: Իմ ընկալմամբ՝ այդ կետը Սահմանադրության ընդունումն է ազատ կամարտահայտմամբ, որովհետև դա նշանակում է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը ֆիքսում է իր ապրելու կանոնները»,-նշեց նա:

Ըստ վարչապետի՝ մինչև հիմա ընդունված ոչ մի Սահմանադրություն չի ընդունվել ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, միշտ վերնախավն է պարտադրել, թե ինչպես պետք է ապրի:

«Բայց ամենակարևոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի դիմակայուն և ավելի պաշտպանված դառնալն է, բայց ինչպե՞ս»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության բաղադրիչ ապահովելու առումով ինքը շատ է նշել բանակի, արտաքին հարաբերությունների մասին: Բայց երրորդ բաղադրիչի կարիք ևս կա: «Բանակն ու արտաքին հարաբերությունները պետք է սպասարկեն տվյալ պետության լեգիտիմ շահերը, այն պետության, այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն: Սա անվտանգության մակարդակը մեկ աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է»,-ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am