Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Համատեղ կինոարտադրություն, ներկայացումներ, կրթական ծրագրեր. հայ- իրանական մշակութային կապերը ծաղկման փուլում են

Համատեղ կինոարտադրություն, ներկայացումներ, կրթական ծրագրեր. հայ-
իրանական մշակութային կապերը ծաղկման փուլում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իրանը, որոնք հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են, իրենց բարեկամական հարաբերություններն ամրապնդում են մշակույթի, կրթության և այլ բնագավառներում: Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երևանում և մայրաքաղաքից դուրս:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը մանրամասներ է հայտնել 2024 թվականին երկու երկրների միջև մշակութային, կրթական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հավաստիացնելով, որ այդ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

 GEV_8018.jpg (825 KB)

Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձն ու լուսավորության շրջանը

Մեր հանդիպումը զուգադիպել է Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի հետ, հեղափոխություն, որն իրականացվել է Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ: Մուհամմեդ Ասադի Մոհավեդի խոսքով՝ հեղափոխությունը լուսավորություն էր բերում, իսկ գիտությունն ու կրթությունը լույս են սփռում:

«Քառասունհինգ տարվա ընթացքում մեր երկիրը տարբեր ոլորտներում ձեռքբերումներ է ունեցել, սակայն դրանց գերակշիռ մասը մշակույթի, գիտության և արվեստի բնագավառներում են:

Հեղափոխությունից առաջ կին աշակերտների, կին ուսանողների թիվն Իրանում բավականին փոքր էր, սակայն ներկայումս համալսարաններում սովորող կին ուսանողների թիվը 58 տոկոս է կազմում: Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված բացասական պրոպագանդայի թեզերից մեկն այն էր, որ կինը մնում էր լուսանցքում, սակայն այսօր կինը գիտակրթական ոլորտում յուրահատուկ տեղ ունի: Մինչ հեղափոխությունը մեր երկրում գիտակրթական կենտրոնների քանակը 128 էր, իսկ այսօր 2700 բարձրագույն կրթական կենտրոն կա Իրանում»,- նշում է կենտրոնի ղեկավարը:

 GEV_8039.jpg (613 KB)

Գրականությունն ու թարգմանական արվեստը հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմքում

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը նշում է՝ հայ ժողովուրդն ու հայ հասարակությունը մշակութասեր, արվեստասեր է, ուստի իրենք  Հայաստանում տարբեր մշակութային ծրագրեր են իրականացնելու: Կարևորագույններից մեկը գրքերի տպագրությունն է: Ծրագրերից մեկը, որին հետամուտ են, Հայաստանում տպագրված գրքերի, տարբեր հետաքրքիր ստեղծագործությունների թարգմանությունն է պարսկերեն և պարսկերեն գրականության թարգմանությունը հայերեն:

«Մենք համոզված ենք, որ երկու երկրների գրական գործերի թարգմանությունը միայն կհանգեցնի երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը: Իրանում թարգմանական կենտրոն կա, և մենք աջակցում ենք այն բոլոր հայ թարգմանիչներին, որոնք կարող են պարսից գրականությունը հայերեն լեզվով թարգմանել ու ներկայացնել ընթերցողներին: Թարգմանվում են ոչ միայն դասականների՝ Սաադիի, Ֆիրդուսիի և այլ հեղինակների, այլև ժամանակակից ստեղծագործողների գործերը: Իմ ձեռքի տակ եղած վիճակագրության համաձայն՝ պարսկերենից հայերեն է թարգմանվել և տպագրվել ժամանակակից հեղինակների քսան գիրք: Գրքերից մեկը, որ վերջերս է թարգմանվել, մանկական է և անդրադառնում է բնապահպանության թեմային, իսկ փետրվարի 16-ին Կապույտ մզկիթում տեղի կունենա Հաֆեզի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Զանգակ»-ը:

 GEV_8034 (1).jpg (614 KB)

Համատեղ ֆիլմարտադրություն, թատերարվեստ և ցուցադրություններ

Շուտով Հայաստանից արվեստագետների մի խումբ է մեկնելու Իրան՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ կինոփառատոնին: Նախատեսվում է իրանական կինոյի շաբաթներ անցկացնել Հայաստանում, համատեղ կինոարտադրություն սկսել Իրանի և հայ արվեստագետների մասնակցությամբ, կլինեն համագործակցություններ նաև թատրոնի բնագավառում: «Ֆաջր» նշանակում է լույսի պոռթկում, լույսի պայթյուն, այգաբաց: «Ֆաջր»-ը տասնօրյակի անվանում է, այն փետրվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածն է, որ նշում են որպես Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի օրեր: Այդ անվանմամբ ոչ միայն կինոփառատոն, այլև թատերական, մանկական փառատոններ կան: Կենտրոնի ծրագրերից մեկը Հայաստանում մանկական թատերախմբի ստեղծումն ու մանկական թատրոնի շաբաթի անցկացումն է Երևանում:

«Վերադառնալով ֆիլմերին՝ ասեմ՝ այս տարվա կարևորագույն ծրագրերից մեկը, որի շուրջ բանակցություններ ենք վարում Հայաստանի հեռուստաընկերությունների հետ, իրանական ֆիլմերի հեռարձակումն է, և մենք կօժանդակենք ֆիլմերի թարգմանության գործում: Համոզված ենք, որ Հայաստանի հասարակության մեջ կարևոր և համակարգող դեր ունի ընտանիքը, ուստի կցուցադրվեն ֆիլմեր՝ նվիրված ընտանիքի թեմային, իսկ փետրվարի 7-ին Համադան նահանգի մշակութային օրերի ծրագրի բացումն է նախատեսվում: Համադանը մշակութային և խորը պատմություն ունի: Բացմանը նահանգի մշակութային գծով պատասխանատուները կգան Հայաստան: Կապույտ մզկիթում կիրականացվի ձեռագործ արվեստի ու արհեստի ցուցադրություն, ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա «Ային» երաժշտական համույթը։ Ցուցադրությունը բաց է լինելու տասը օր:

Առանց որևէ շողոքորթության պետք է կրկնեմ, որ Հայաստանում մեծ սեր են տածում արվեստի հանդեպ, ինչը համընդհանուր երևույթ է և կարող է հանգեցնել երկու ժողովուրդների մերձեցմանը»,- նշում է Մոհավեդը:

 GEV_8026.jpg (552 KB)

Գիտությունն ու կրթությունը՝ հարաբերությունների ամրապնդման առհավատչյա

ՀՀ-ում Իրանի դեսպանական մշակույթի կենտրոնի ղեկավարն անձամբ հետամուտ է երկու երկրների գիտական կենտրոնների միջև ուսանողների փոխանակման ծրագրի իրականացմանը և խորապես համոզված է, որ թե՛ Հայաստանի ուսանողները, դասախոսները պետք է մեկնեն Իրան, թե՛ Իրանի ուսանողները, դասախոսներն այցելեն Հայաստան: Իրանի ուսումնական կենտրոնները զարգացած են, իսկ ուսման վարձը բավականին ցածր է:

«Պատրաստ ենք մագիստրոսական և ասպիրանտուրայի ծրագրերի համար կրթաթոշակներ սահմանել, թե՛ կիսով չափ, թե՛ ամբողջապես փակել կրթական ծախսերը: Այն ուսանողները, որոնք ցանկություն կհայտնեն մագիստրոսական և ասպիրանտուրայի շրջանակներում ուսանել Իրանի համալսարաններում, կստանան մեր աջակցությունը: Կրթական շրջագայությունների կազմակերպումը ևս մեր առաջնահերթություններից է:  Կարևորում եմ նաև Թեհրանում և Սպահանում հայագիտական կենտրոնների առկայությունը: Հայերենի ու պարսկերենի միջև նմանություններ կան: Շատ եմ հայերենում հանդիպում բառերի, որոնք, կարծես, իրանական ծագում ունեն»,- ասում է նա:

 GEV_8030.jpg (475 KB)

Մատենադարանն ու Իրանը

Ծրագրերից կարևորագույնը, որ կիրականացվի, Մատենադարանի պարսկալեզու ձեռագրերի պահպանությանն է նվիրված: Մատենադարանում պահվում է մոտավորապես 4 հարյուրից ավելի պարսկերեն ձեռագիր մատյան: Այս պահի դրությամբ Մատենադարանի և Իրանում ձեռագրագիտական կենտրոնների միջև լավ հարաբերություններ են, կա երկուստեք փորձի փոխանակում: Կենտրոններից մեկը՝ Մաշհադի ձեռագրագիտական կենտրոնն է, որի հետ Մատենադարանը դեռ չի համագործակցում: Այնտեղ նաև հայերեն ձեռագրեր կան: Մշակույթի կենտրոնը հետամուտ է այն ծրագրին, որ Հայաստանից մասնագետներ մեկնեն այդ կենտրոն, այնտեղից մասնագետներ գան Հայաստան փորձի փոխանակման համար: Մարտի վերջին Մատենադարանում միջոցառում կանցկացվի, որին ներկա կլինի նաև երաժշտախումբ Իրանից:

««Արմենպրես»-ի դերակատարությունը կարող է կարևոր լինել երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների լուսաբանման և այդ հարաբերությունների լավացման գործում»,- շեշտում է Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am