Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արևմուտքը Հայաստանին աջակցող հայտարարություններից անցել է գործնական քայլերի․ քաղաքագետի վերլուծությունը

Արևմուտքը Հայաստանին աջակցող հայտարարություններից անցել է գործնական 
քայլերի․ քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից այդ կառույցում Ադրբեջանի լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը միանշանակ սպասելի էր, որովհետև Ադրբեջանն իր վարքագծով ասոցացվում է բռնատիրական երկրի հետ, որի քաղաքականությունը քաղաքակիրթ աշխարհի կողմից վարվող քաղաքականության հակոտնյան է։ Բաքվի հիմնական մոտեցումների հանրագումարը Հայաստանի պետականության լիակատար ոչնչացման քաղաքականության առաջմղումն է տարածաշրջանում, որն էլ փորձում են սպասարկել Ադրբեջանի իշխանությունները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի որոշմանն ու հարավկովկասյան զարգացումներին։

«Քաղաքակիրթ աշխարհն ակնկալիքներ ունի, հետևաբար փորձելու է ադրբեջանական կողմի քաղաքականությունն ուղղորդել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված սկզբունքների արժեհամակարգին համահունչ, իսկ Ադրբեջանը ձգտելու է չեզոքացնել բոլոր այն հնարավորությունները, որոնք միտված են Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը»,- ասաց քաղաքագետը։

Սիմոնյանի կարծիքով՝ ոչ թե Եվրոպան է խզում հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլ հակառակը։ Եվրոպան մինչև 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները փորձում էր կոմպլեմենտարիզմի համատեքստում դիտարկել հարաբերություններն ու տարածաշրջանային իրողությունները, որպեսզի Ադրբեջանը չգնար դեպի ռուսական ազդեցության տիրույթ, սակայն իրականում հենց Ադրբեջանն է կողմնորոշվել, որովհետև քաղաքակիրթ աշխարհը նրա առջև պահանջներ էր դրել, որոնց թվում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումն է, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների հարգումն ու Ադրբեջանում իշխանափոխության հնարավորության ընձեռումը, սակայն այդ պահանջներն, ըստ քաղաքագետի, կարմիր գծեր են նախագահ Իլհամ Ալիևի համար։

«Սա դրդեց Ադրբեջանի ղեկավարին ավելի կոշտ քաղաքականություն վարել Եվրոպայի և առհասարակ հավաքական Արևմուտքի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն հետաձգում է ԱՄՆ-ի նոր արտակարգ և լիազոր դեսպանի ընդունումը, Ալիևը հրաժարվեց ընդունել միջնորդ բանագնաց Լուիս Բոնոյին, Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչներին արտաքսեցին երկրից, մեկի նկատմամբ հարուցեցին քրեական գործ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խաղարկային ընտրությունների առթիվ էլ Եվրոպան փոխադարձ քայլ կատարեց ու հրաժարվեց դիտորդներ ուղարկել։ Փաստորեն կողմնորոշվել է հենց Ադրբեջանը, իսկ Եվրոպայի քայլերը միայն արձագանքն են Բաքվի կողմից վարվող քաղաքականության։ Հայաստանն այսուհետ շատ ավելի խորը, համապարփակ և կամային քաղաքականություն պետք է վարի, որպեսզի կարողանա վանել Ադրբեջանի ագրեսիան»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ներհայաստանյան քաղաքագիտական խոսույթում առկա են երկու պատրանքային մոտեցումներ։ Առաջինն այն է, որ չափազանցվում է Եվրոպայի համար ադրբեջանական էներգակիրների կարևորությունը, մինչդեռ պետք է չմոռանալ, որ Հին աշխարհամասի համար ադրբեջանական էներգակիրների ծավալները խիստ սահմանափակ են։ Խոսվում է տարեկան մոտ տասը միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին, որը հազիվ թե միայն Իտալիայի և Բալկանյան երկրների կարիքները կարողանա բավարարել։ Բացի այդ, ուկրաինական պատերազմի ժամանակ վնասվեցին «Հյուսիս-Հարավ» երկու խողովակաշարերը, որոնցից յուրաքանչյուրը 53 միլիարդ խորանարդ մետր գազ էր ներմուծում Եվրոպա, սակայն վերջինս կարողացավ անգամ դրանից հրաժարվել։

«Երկրորդ կեղծ մտայնությունն այն է, որ Եվրոպան հայտարարություններից այն կողմ չի գնա, մինչդեռ պետք է գիտակցենք, որ արդեն իսկ տեղի են ունեցել այնպիսի իրողություններ, որոնք երեք-չորս տարի առաջ կարող էին ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Առաջինը Եվրոպական դիտորդական առաքելության հիմնումն ու հետագա ընդլայնումն էր Հայաստանում, որի թվաքանակի ու տեսակարար կշռի մեծացումը խաղաղության և հավասարակշռության կարևորագույն բաղադրիչն է մեր տարածաշրջանում։ Երկրորդ գործոնը արևմտյան տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինությունների շուկայի բացումն է Հայաստանի համար։ Քննարկվում է նաև Լենդ-լիզի համակարգով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցը։ Դա ենթադրում է ոչ միայն գումարի դիմաց զինտեխնիկայի հատկացում, այլև դրամաշնորհների, վարձակալության ու նվիրատվության միջոցով սպառազինության տրամադրում և ներմուծում Հայաստանի Հանրապետություն»,- ասաց քաղաքագետը։

Սիմոնյանը շեշտեց, որ իրավաքաղաքական առումով թե՛ամերիկյան 907 բանաձևը, թե՛ Ֆրանսիայի սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների փաթեթը, թե՛ ԵԽԽՎ-ի վերջին որոշումը ռեալ քայլեր են, այսինքն՝ մենք ոչ միայն լսում ենք հայտարարություններ, այլև տևական ժամանակ տեսնում ենք դրանց զուգահեռ իրականացվող կոնկրետ գործողություններ, որոնց տեսակարար կշիռն անընդհատ ավելանում է։  

«Ցավոք, Արևմուտքի քաղաքականությունը չի զսպի Ադրբեջանին։ Մեր փորձից գիտենք, որ պատերազմում հաղթանակը սովորաբար հաղթողին կտրում է իրականությունից, ու, թեև այն ադրբեջանական կողմին տվել է պատրանքային նոր ակնկալիքների հիմք, սակայն Արևմուտքի օժանդակությունը միանշանակ Հայաստանին կօգնի։ Պետք է իրատես լինել և պատրաստվել վատթարագույն տարբերակին, երբ բախումն, այնուամենայնիվ, անխուսափելի է։ Կասկածից վեր է, որ Արևմուտքի օժանդակությունը բարձրացնում է մեր երկրի դիմադրողականության աստիճանը, և Ադրբեջանն էլ գիտակցում է, որ հեշտ ու հանգիստ չի կարող գալ ու գրավել Հայաստանի տարածքները։ Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակելու է ագրեսիվ պահվածք դրսևորել»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Բաքվի գլխավոր դաշնակիցը, քաղաքագետի կարծիքով, կտրամադրի օժանդակություն, սակայն  ուղղակիորեն չի միջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը, որովհետև այսօրվա Թուրքիան 2020 թվականի երկիրը չէ, որն այժմ չափազանց մեծ տնտեսական խնդիրներ ունենալով՝ ապավինում է բացառապես Արևմուտքի օժանդակությանը։ Անկարան ի վերջո վավերացրեց Ֆինլանդիայի, այնուհետև Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ սպասարկելով նույն Արևմուտքի շահերը։

«Արևմտյան երկրների ֆինանսատնտեսական աջակցությունը Թուրքիային զերծ կպահի ուղղակի միջամտությունից, և, եթե մենք կարողանանք այդ անուղղակի ագրեսիան կասեցնել, ապա Հայաստանը հնարավորություն կունենա ոչ միայն իր վարկը, այլև իր ժողովրդի շահերն ու իրավունքները վերականգնել Հարավային Կովկասում»,- եզրափակեց քաղաքագետը։            

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am