Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հարցն այն է, թե Ադրբեջանի մեկնած ձեռքն ինչ բովանդակություն ունի․ քաղաքագետը՝ Հուլուսի Աքարի հայտարարության մասին

Հարցն այն է, թե Ադրբեջանի մեկնած ձեռքն ինչ բովանդակություն ունի․ 
քաղաքագետը՝ Հուլուսի Աքարի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությունն ամեն դեպքում չպետք է աչքաթող անել, որովհետև վերջին քսան տարիների պատմությունը ցույց է տվել, որ Անկարայից հնչած բոլոր հայտարարություններն իրենց մեջ պարունակում են գործնական քայլեր, հետևաբար Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները միշտ էլ պայմանավորվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Հուլուսի Աքարի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ու թուրք պաշտոնյայի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում:

«Աքարի այցը Բաքու նույնն է, ինչ պետության բարձրաստիճան պաշտոնյայի այցը պետական նույն տիրույթում գտնվող որևէ վարչական շրջան կամ կոնֆեդերատիվ կառուցվածքի մեկ այլ սուբյեկտ։ Թուրքիայի կառավարական և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջան, լինում են փոխադարձ պայմանավորվածություններ, ինչն արդեն սովորական երևույթ է, քանզի հանրահայտ իրողություն և կայացած փաստ է «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը, ուստի տարածաշրջանային և գլոբալ քաղաքական հարթակներում Ադրբեջան ասելիս՝ պետք է հասկանալ թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Թուրքիա ասելիս՝ պետք է գիտակցել, որ արտաքին քաղաքական ոլորտում Ադրբեջանի քայլերը թելադրվում են Անկարայի կողմից»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, համագործակցություն և սահմանի բացում կարող է լինել միայն հայ-ադրբեջանական հաշտեցումից հետո։

«Պարզապես հարցն այն է, թե Ադրբեջանի մեկնած ձեռքն ինչ բովանդակություն ունի և ինչու՞ Հայաստանը չի սեղմում այդ ձեռքը։ Իհարկե, կան մի քանի բաղադրիչներ, թե ինչու չի կայանում այդ ձեռքսեղմումը։ Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերն Ադրբեջանի համար խնդրահարույց էր Լեռնային Ղարաբաղի չճանաչված պետության, հայկական ադմինիստրացիայի և զինված ուժերի գոյությունը, ապա այժմ խնդրահարույց է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցը։ Իհարկե, կան սահմանազատման ու սահմանագծման հետ կապված անհամաձայնություններ, սակայն այսպես կոչված «միջանցքի» խնդրի լուծումն Ադրբեջանը համարում է առաջնային, որին կհետևի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու դիվանագիտական փոխճանաչումը»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որի համաձայն՝ ՀՀ վարչապետն ադրբեջանական կողմին առաջարկեց կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագիր, սակայն ադրբեջանական կողմը ցուցաբերեց ոչ կառուցողական մոտեցում, Քեռյանն ընդգծեց, որ թեև Փաշինյանն առաջնորդվել է բարի ու անկեղծ մղումներով, այդուհանդերձ, ադրբեջանական կողմի համար խանգարող հանգամանքը տակավին «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն է։  

«Կիսապատերազմական հարաբերություններ ունեցող Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում, որոնք դեռ չեն լուծել սահմանային խնդիրներն ու բազում այլ հարցեր՝ կապված միջպետական փոխհարաբերությունների հետ, հատկապես այս փուլում իրատեսական չէ այս սպառազինությունների վերահսկման և չհարձակվելու պայմանագրի կնքումը»,-ասաց քաղաքագետը։   

Քեռյանի խոսքով՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը համատեղ առաջադրում են բավականին կոշտ պահանջներ և նույնիսկ սպառնում պատերազմով, ապա դժվար է պատկերացնել, որ տասը միլիոն բնակչություն ունեցող միլիտարիզացված պետությունը, որն իր հերթին մատ թափ տալով է խոսում Ֆրանսիայի, Եվրամիության և նույնիսկ Միացյալ Նահանգների հետ՝ ակնարկելով նրանց դեմ քայլեր ձեռնարկելու մասին, չեղարկում է միջնորդ բանագնացների այցերը, կարող է համաձայնել սպառազինությունների վերահսկման առաջարկին։     

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am