Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությունից հետո Լիբանանն Իսրայելին մեղադրել է իրեն պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ

ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությունից հետո Լիբանանն Իսրայելին 
մեղադրել է իրեն պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրիի սպանությունից հետո Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հայտարարել է, որ Իսրայելը փորձում է իրեն ներքաշել պատերազմի մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միկաթիի հայտարարությունը X սոցիալական հարթակում։

«Այս պայթյունն իսրայելական նոր ոճրագործություն է, որը, միանշանակ, նպատակ ունի ներքաշել Լիբանանը ռազմական առճակատման հերթական փուլի մեջ հարավում ամենօրյա հարձակումներից հետո, որոնք հանգեցնում են մեծաթիվ զոհերի և վիրավորների։ Այս պայթյունը հստակ պատասխան է այն ջանքերի, որ մենք գործադրում ենք Գազայում ընթացող պատերազմից Լիբանանը հեռու պահելու համար», - գրել է Միկաթին։

Լիբանանի վարչապետը նաև բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի հարձակումները Լիբանանի տարածքի վրա։

Մեկ այլ գրառման մեջ Նաջիբ Միկաթին երկրի արտգործնախարարին խնդրել է հրատապ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանությունը խախտելու համար։

Իսրայելի վարչապետի ավագ խորհրդական Մարկ Ռեգևը հայտարարել է, որ  Սալեհ ալ-Արուրին զոհվել է «ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ ճշգրիտ հարվածի» ընթացքում։ MSNBC-ի եթերում Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը չի ստանձնել Բեյրութում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը։

«Իսրայելը չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն ով էլ դա իրականացրած լինի, պետք է պարզ լինի, որ սա հարձակում չէր Լիբանան պետության դեմ։ Դա նույնիսկ հարձակում չէր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Այդ հարձակումն իրականացնողը ճշգրիտ հարձակում է իրականացրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ», - ասել է Իսրայելի վարչապետի խորհրդականը։

Սալեհ ալ-Արուրին ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդող ռազմական գործողությունների ընթացքում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ 

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 22 000 պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Վիրավորների թիվը հասել է 57 000-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am