Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը․ վարչապետ

Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային 
պրոֆիլի ստեղծումը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը, և այդ հարցում կենսաչափական անձնագիրն ունի շատ էական նշանակություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր գլոբալ ռազմավարական խնդիրը այն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես, իրավահարաբերությունների մեջ մտնելիս, ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք մարդուն նույնականացնել համացանցում։ Սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն։

Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է։ Եթե այս տարբերակով հնարավոր լինի նույնականացում անել, իհարկե հնարավոր կլինի անել էլեկտրոնային ստորագրության նույնականացումը և բոլոր այն գործարքները, որ մենք հիմա անում ենք։ Օրինակ՝ անձնագրի օգտագործմամբ, մենք այս գործընթացի արդյունքում պետք է հնարավորություն ունենանք իրականացնել դա տանը նստած՝ հեռախոսով կամ համակարգչով»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը։

«Դա նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորչի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»,-  նշեց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am