Հասարակական

ԿԳՄՍՆ-ն պլանավորում է մինչև հաջորդ տարվա վերջ ներդնել երիտասարդության ազգային ինդեքսը

6 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն պլանավորում է մինչև հաջորդ տարվա վերջ ներդնել երիտասարդության ազգային ինդեքսը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել ընդհանուր 25 երիտասարդական կենտրոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2023 թվականը և անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին:

«Մինչև այս տարվա վերջ Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կստեղծվեն ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում։ Երկու կենտրոններում էլ ավարտվել են շինարարական աշխատանքները․ կենտրոնների գործունեությունը կսկսվի 2024 թվականի հունվարից: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ»,- մանրամասնեց նա:

Նա տեղեկացրեց՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական ջանքեր է գործադրել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջազգային համագործակցության ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Ստորագրվել են շուրջ 14 փաստաթղթեր, որոնցից 9-ը գործընկեր երկրների, 5-ը՝ միջազգային տարբեր կառույցների հետ։ Ներկայում մշակվում են միջազգային համագործակցության շուրջ չորս տասնյակ փաստաթղթեր։

Շարունակվել է համագործակցությունը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերով։

«Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով ունենք թիրախ, որ պետք է կրկնապատկենք Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը: 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում և բուհերում սովորում է 8333 օտարերկրացի, որից` 4229-ը սփյուռքահայ, սփյուռքահայերից 330-ը՝ պետական պատվերով»,- նշեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ 2023-24 ուստարում օտարերկրյա բուհերում ուսանելու է մեկնել 264 ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ բուհերում ուսանելու համար դիմել է 76 օտարերկրյա քաղաքացի։

Խոսվեց նաև հայագիտության զարգացման մասին: Նշվեց, որ հայոց լեզու և հայագիտական առարկաներ են դասավանդվում 13 երկրի 15 համալսարաններում, որոնցից 9-ը եվրոպական բուհեր են։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այս տարի հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը», որով սահմանվում են ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող համագործակցության քայլերի շրջանակը և զարգացման ապահովման սկզբունքները»,- հիշեցրեց փոխնախարարը։

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ շարունակվում է սփյուռքին դասագրքերի տրամադրումը: Հայտերի թիվը՝ 95 հազար 220 է եղել, տրամադրվել է 38 հազար 570 կտոր ուսումնական նյութ, որից 21 հազար 970-ը՝ 57%-ը, Վրաստանին:

«Մի շարք այլ երկրների կրթօջախներին դասագրքերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ձևավորվել է սփյուռքում կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը, որը հրատարակչությունների հետ սոցիալական գործընկերության շնորհիվ աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և ուսումնաօժանդակ էլեկտրոնային նյութերով»,- թեմային անդրադառնալով՝ եզրափակեց նախարարի տեղակալը:

Փոխնախարարը տեղեկացրեց՝ աշխատանքներ են իրականացվում «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ:

«ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնվել է երիտասարդության ազգային ինդեքսի մշակումը՝ որպես գործիք, որը կօգնի արդյունավետ պետական քաղաքականության մշակմանը՝ միջնաժամկետ կտրվածքով մշտադիտարկելով և գնահատելով երիտասարդությանը բնութագրող տվյալները։ Երիտասարդության ինդեքսը չափելու և գնահատելու է Հայաստանի երիտասարդների առաջընթացը նրանց բարեկեցության վրա ազդող հիմնական 6 ոլորտներում՝ առողջություն, կրթություն, զբաղվածություն, գենդերային հավասարություն, անվտանգություն և պաշտպանություն, մասնակցայնություն։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ երիտասարդության ազգային ինդեքսը կներդրվի մինչև 2024 թվականի վերջ»,- մանրամասնեց նա։

Մարտիրոսյանը խոսեց նաև Երիտասարդության ոլորտում իրականացվող խոշոր միջոցառումներից մեկի՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից, որն իրականացվում է 2010 թվականից։

«2010-ից մինչ այժմ ծրագրի շահառու է դարձել և երկրորդային շուկայից բնակարան/բնակելի տուն ձեռք բերել 8140 ընտանիք, որոնցից 193-ը զրկվել է պետական սուբսիդավորման հնարավորությունից և դադարել օգտվել ծրագրից՝ վերջինիս պահանջներին չհետևելու պատճառով։ 2023-ի 12 ամսվա ընթացքում բնակարանային պայմանների բարելավման համար 733 ընտանիք դարձել է ծրագրի շահառու՝ օգտվելով պետական սուբսիդավորումից և ձեռք բերելով բնակարան երկրորդային շուկայից, ընդ որում՝ 179-ը Երևանից, 554-ը՝ ՀՀ մարզերից»,- եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում