Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հնագետը մանրամասներ է ներկայացրել Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ

Հնագետը մանրամասներ է ներկայացրել Հորդանանի միջնադարյան ամրոցում 
գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին  կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով սալաքարերի վերաբերյալ։

v1.jpg (233 KB)

Համլետ Պետրոսյան, ԵՊՀ

Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները

Michele Nucciotti, SAGAS, University of Florence

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ «Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները» խորագրով դասախոսությանը նա նշել է, որ անձամբ հրավիրվել է 12-րդ դարով թվագրվող ամրոցի պեղման աշխատանքներն իրականացնող Ֆլորենցիայի համալսարանի արշավախմբի կողմից,  ծանոթացել է խաչակիրների կառուցած  եկեղեցու բակում հայտնաբերված հայերեն արձանագրություններով երկու սալաքարերին, ուսումնասիրել  հայտնաբերման հանգամանքները։

v2.jpg (203 KB)

Շոուբակի ամրոցը.

Արաբերեն արձանգրություններ, 13-րդ դարի վերջ

«Մենք արդեն 10 տարուց ավելի է համագործակցում ենք Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ։ Մենք հետազոտել ենք Մետաքսի ճանապարհի վայոցձորյան հատվածը։ Շուտով լույս կտեսնի մեր «Եղեգիս» գիրքը՝ նվիրված մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում  Վայոց Ձորի առանձնահատուկ դերակատարմանը։ Որպես Մետաքսի ճանապարհի կարևոր կենտրոն նաև կենտրոնացել ենք նաև Դվին քաղաքի պեղումների վրա։ Հայ-իտալական արշավախումբը արդեն երրորդ տարին է համատեղ պեղումներ է անցկացնում նաև Դվինում։ Քանի որ մեր գործընկերները նաև Ֆլորենցիայի համալսարանի Պետրա-Շոուբակ հնագիտական արշավախմբի  անդամներն են,  մենք շատ սերտ կապերի մեջ ենք, և մի անգամ չէ, որ խոսել ենք հատկապես խաչակիրների ժամանակաշրջանի հայ Կիլիկիայի հարաբերությունների, այդ տարածքներում հայերի դավանական, մշակութային ներկայության մասին։ Շատ ուրախալի էր, որ մեր հնագետները Շոուբակի պեղումների ժամանակ պատահաբար՝ ոչ մշակութային շերտում, թափվածքը հեռացնելիս գտել են սալաքար՝ հայերեն արձանագրություններով»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այնտեղ են մեկնել հնագետ, Դվինի արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի հետ։

v3.jpg (242 KB)

Շոուբակի եկեղեցին

Ըստ հնագետի՝ Հորդանանում հայկական ավելի ակտիվ ներկայությունը զգացվել  է խաչակրաց արշավանքներին զուգահեռ։ Խաչակիրները մեկ անգամ չէ, որ փորձել են ստանալ Կիլիկյան թագավորների կամ իշխանությունների աջակցությունը։ Կիլիկայի թագավորներն էլ ձգտում էին իրենց թագը ստանալ եվրոպական միապետներից։

Արդեն 12-րդ դարից սկսած՝ հատկապես խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, շատ ինտենսիվ հարաբերություններ են եղել կիլիկյան արքունիքի և մի կողմից՝ հորդանանյան առաջնորդ Սալահ ադ-Դինի, մյուս կողմից՝ խաչակիրների միջև։

Հայերեն արձանագրություններով սալաքարերը գտնվել են Շոուբակ ամրոցում խաչակիրների կողմից կառուցված եկեղեցու հարավային հատվածին կից տարածքը մաքրելու ընթացքում։ Նախնական վարկածով՝ տարածքում ընդարձակ գերեզմանոց է եղել և չի բացառվում, որ այդ սալաքարերը ծագում են դրա ինչ-որ կառույցից։

v4.jpg (180 KB)

Եկեղեցուն հարավից կից բակի հետազոտությունը

Դրանց վրա գլխատառերով փորագրված են «ՀԱԿՈԲ կամ ՅՈՒԿՈԲ» և «ՉԵՐՔԵԶ» անձնանունները։

Համլետ Պետրոսյանի կարծիքով՝ այդ քարերի հայերեն գրությունները  մոտավորապես թվագրվում են ոչ ավելի վաղ, քան 17-18-րդ դարերը, չնայած չի բացառվում նաև, որ ավելի հին էլ կարող են լինել, քանի որ գրի այդ ձևը շատ տարածված էր մոտ 11-րդ դարից սկսած։

v5.jpg (139 KB)

Եկեղեցուն հարավից կից բակի չհետազոտված հատվածը

Բանախոսը պեղածոն կարևորեց նաև ակադեմիական համագործակցության  և բարեվարքության առումով։

«Նման փոքրիկ գյուտը մեր կոլեգաների կողմից, միանշանակ, ընկալվել է որպես շատ կարևոր տեղեկություն։ Իրենք հարկ են համարել դիմել հատուկ ծրագրի և մեզ այնտեղ կանչել։ Նրանք հանդիպում են ունեցել նաև Հորդանանի Հնությունների և զբոսաշրջության նախարարի հետ, որը նույնպես հաղորդել է, որ իրենք շատ ոգևորված են դրանով»,-ասաց Պետրոսյանը՝ շնորհակալություն  հայտնելով Շոուբակի արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am