Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Գերմանիան Հայաստանին 84.6 մլն եվրո կտրամադրի. երկու երկրները համագործակցության նոր ճանապարհ են բացում

Գերմանիան Հայաստանին 84.6 մլն եվրո կտրամադրի. երկու երկրները 
համագործակցության նոր ճանապարհ են բացում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում, Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհների և վարկերի տեսքով Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրոյի օժանդակություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը: 

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները ստորագրել են միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն: 2014 թվականից ի վեր սրանք առաջին պաշտոնական բանակցություններն են: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ տնտեսական զարգացման համագործակցության վերաբերյալ:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները զարգանում են բավականին լավ տեմպերով, անգամ՝ շեշտակի:

«Վերջին 3 տարվա մեջ առևտրաշրջանառությունը մոտավորապես եռապատկվել է, վավերացվել են պայմանագրեր՝ Գերմանիայի KfW (Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկ) և GIZ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) կազմակերպությունների ռեզիդենտ գրասենյակներ Հայաստանում հիմնելու համար: Նաև բազմաթիվ բիզնես և քաղաքական այցերի շնորհիվ էապես ավելացել են ներդրումները և այլն»,-ասաց Քերոբյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը 2014-ից ի վեր անցկացված առաջին միջկառավարական բանակցությունները որակեց բավականին արդյունավետ:

«Կարծում եմ, որ սա շատ հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում: Հայաստանը ևս մեկ անգամ փաստում է, որ հանձնառություն է ստանձնել դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական հասարակություն»,-ասաց Նիլս Աննենը:

Հայաստանի և Գերմանիայի համագործակցությունը շարունակվելու է տնտեսության բազմաթիվ ոլորտներում՝ այդ թվում միջին մասնագիտական կրթության: Գերմանիան փորձելու է ամրապնդել Հայաստանի մարզերի կարողությունները՝ համապատասխան ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով: «Առանձին աջակցություն նախատեսված է Հայաստանի կառավարությանը՝ ընդունելու և ինտեգրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բնակչությանը»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարը:

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, մասնավորապես ներդրումներ են արվելու վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ: Սա Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա  նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, ինչը մեծապես ընդգծվել է մեր համագործակցության բանակցությունների տիրույթում»,-նշեց գերմանացի պաշտոնյան:

Ստորագրված համաձայնագրով նախատեսված գումարը նաև որպես վարկային միջոց Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով տրամադրվելու է ընկերություններին, որոնք զանազան նախագծեր են իրականացնելու տարբեր ոլորտներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am