Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պատերազմ, կորուստ, սեր և հավատ. ռեժիսոր Սեպիդեհ Ֆարսին «ՌեԱնիմանիա» փառատոնին Երևանում ներկայացնում է «Ազդանշան» ֆիլմը

Պատերազմ, կորուստ, սեր և հավատ. ռեժիսոր Սեպիդեհ Ֆարսին «ՌեԱնիմանիա» 
փառատոնին Երևանում ներկայացնում է «Ազդանշան» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հրթիռային հարվածի հետևանքով նավթային քաղաք Աբադանը քաոսի մեջ է հայտնվում: Տասնչորսամյա Օմիդը փնտրում է կորած եղբորն ու փախուստի երթուղի պաշարված քաղաքից: Իրանցի ռեժիսոր Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» անիմացիոն ֆիլմով, որը պատմում է պատերազմի, մարդկային ապրումների, սիրո, հավատի ու հույսի մասին, օրեր առաջ ազդարարվեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի մեկնարկը: Իրանցի ռեժիսորը, որը երկար տարիներ ապրում ու ստեղծագործում է Ֆրանսիայում, ուրախ է, որ Հայաստանում է և հնարավորություն ունի անիմացիայի լեզվով հայ ժողովրդին պատմել Աբադանում կատարվածի մասին:

«Արմենպրես»-ի թղթակիցը Սեպիդեհ Ֆարսիի հետ զրուցել է ֆիլմի ստեղծման, հերոսների և ռեժիսորի՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ համագործակցության մասին:

DSC04241.JPG (572 KB)

-Ինչո՞ւ որոշեցիք անիմացիայի միջոցով անդրադառնալ իրանա-իրաքյան պատերազմին: Ինչո՞վ էր պայմանավորված հենց Աբադանի ընտրությունը:

-Աբադանն առաջին մեծ քաղաքն է, որը հարձակման է ենթարկվել Իրաքի կողմից: Այն ութ ամիս շրջափակման մեջ է եղել: Շրջափակման ընթացքում նաև քաղաքացիական դիմադրություն է եղել: Աբադանը կոսմոպոլիտ քաղաք էր, որտեղ հայկական համայնք կար, քուրդ ժողովրդի ներկայացուցիչներն էին շատ, բնակիչներ Թեհրանից, իրանական հասարակության տարբեր շերտեր, քանի որ քաղաքում նաև նավթային գործարան կար, քաղաքում շատ օտարազգիներ էին ապրում: Աբադանի նիստուկացը, տարբեր ազգերի՝ միասին խաղաղ ապրելու փաստը հրաշալի երևույթ և օրինակ էին:

-Եթե ուշադիր կարդում ենք ֆիլմի ենթագրերը, տեսնում ենք, որ Դուք շնորհակալություն եք հայտնում Ձեր հորը՝ Ձեզ Աբադանին ծանոթացնելու համար:  Ի՞նչ անձնական կապ կա Ձեր ընտանիքի և քաղաքի միջև:

-Իմ հայրն ինժեներ էր, որը ճանապարհներ էր կառուցում: Ինչ-որ պահի նա աշխատում էր Աբադանի շրջանում: Մի անգամ ինձ տարավ քաղաք: Այդ ժամանակ ես երեք տարեկան էի. չեմ կարող ասել, թե ինչպես, սակայն շատ վառ հիշողություններ ունեմ այդ զբոսանքից: Նախորդ տարի կորցրի հորս: Նա Իրանում էր, իսկ ես՝ Ֆրանսիայում: Քաղաքական պատճառներով չէի կարող վերադառնալ Իրան, տեսնել հորս ու հրաժեշտ տալ: Ինձ համար շատ կարևոր էր ֆիլմը նվիրել նրա հիշատակին:

-Պատերազմներին վերաբերող ֆիլմերի պակաս աշխարհում կարծես թե չկա, սակայն անիմացիայի լեզուն բոլորովին այլ է, այլ ազդեցություն կարող է ունենալ հասարակության տարբեր շերտերի վրա: Կցանկանայի՝ խոսեիք անիմացիայի՝ որպես լրջագույն թեմաները շոշափելու, բարձրաձայնելու զենքի մասին:

-Անիմացիան տարբեր խնդիրների մասին խոսելու հետաքրքիր գործիք է, սակայն հակամարտությունների, պատերազմների թեման յուրահատուկ է: Այդ պարագայում անիմացիան ասես ֆիլտր լինի… Այն հեռավորություն է ստեղծում տվյալ  իրադարձության և կինոարտադրողի միջև և թույլ է տալիս ծանր թեմաները ներկայացնել այլ տեսանկյունից, այսինքն՝ ուղիղ պատկերը չէ, այլ վերարտադրությունն է  ռեժիսորի մտքի, նկարչի ձեռքի շնորհիվ: Այն ավելի ազդեցիկ է արտացոլում իրականությունն ու երազը:

DSC04230.JPG (313 KB)

Անիմացիան նաև թույլ է տալիս վերակառուցել այն քաղաքներն ու վայրերը, որտեղ դու այլևս չես կարող լինել, որոնք գոյություն չունեն: Դա հնարավոր է անել տարբեր կերպ. հնարավոր է ստուդիայում ստանալ այդ ամենը, ինչը սարսափելի ծանր է, դժվար և հենց այդպիսին էլ դարձնում է ֆիլմը, և ես նման կինոյի կողմնակից չեմ: Անիմացիան, որը ես սիրում եմ, յուրովի է պատկերում այդ մթնոլորտն ու պատմական անցյալի համայնապատկերը: 

-Դուք անդրադարձել եք պատմական իրողության, բայց ֆիլմում, այնուամենայնիվ, հաղթում է հեքիաթը: Ես չգիտեմ եղե՞լ են մարդիկ, որոնք փրկվել են նավով, սակայն հեքիաթը, որ ստեղծել եք, լույսին, հույսին հավատալու հնարավորություն է տալիս:

- Ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունների, մարդկանց մասին պատմությունների մեծ մասը ստեղծվել են՝ ոգեշնչվելով իրական պատմություններից, իրավիճակներից, սակայն, ինչպես նշեցիք, ավարտն իսկապես կախարդական է: Իրականում անհնար էր նավով փորձել դուրս գալ քաղաքից, անցնել Իրաքի անցակետերի մոտով ու խուսափել հակառակորդի հրթիռային հարվածներից, բայց մենք որոշեցինք ֆիլմն ավարտել հույսի շողով. ի վերջո, գլխավոր հերոսի անունը՝ Օմիդ, պարսկերեն նշանակում է հույս:

-«Ազդանշան»-ի ցուցադրությամբ մեկնարկեց «ՌեԱնիմանիա» փառատոնը…

-«Աննեսի» անիմացիոն ֆիլմերի փառատոնում ֆիլմը դիտելուց հետո «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր Վրեժ Քասունին մոտեցավ մեզ, գրկեց բոլորիս, ասաց՝ երբ փակում է աչքերը ու չի մտածում, թե որտեղ են ծավալվում ֆիլմի գործողությունները, մտածում է՝ դա այն է, ինչ տեղի է ունենում Արցախում: Նա առաջարկեց մեզ ֆիլմը բերել Հայաստան, և մենք  միանգամից համաձայնվեցինք, քանի որ մեզ համար ևս կարևոր էր այստեղ այն ցուցադրելը: Ես հասկանում եմ, որ հիմա իրավիճակն ավելի վատ է, քան վեց ամիս առաջ, բայց այս ֆիլմը հիմա առավել ակտուալ է ոչ միայն Արցախի հակամարտության, այլև ամբողջ աշխարհում տեղի ունեցող  իրադարձությունների պատճառով: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Պաղեստինում, Գազայում, Իսրայելում և այլուր: Ֆիլմը կարևոր ուղերձ ունի, որն, ավաղ, շատերին է հասանելի, և մենք պարտավոր էինք գալ:

Կան նաև անձնական պատճառներ. ես առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն Թեհրանում մեծացել եմ հայկական համայնքի հարևանությամբ: Իմ դասընկերների, մտերիմ ընկերների մեջ շատ հայեր կային, ուստի Հայաստան գալը, այն էլ ֆիլմի ցուցադրությամբ, ինձ համար շատ կարևոր է:

-Շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ մեզ նման արժեքավոր ֆիլմ դիտելու հնարավորություն եք ընձեռում: Նորանոր նվաճումներ եմ մաղթում: Հույս ունենք Ձեզ կրկին հյուրընկալել մեր երկրում:

-Ես ևս շնորհակալ եմ: Հայերն ու իրանցիներն իրար մոտ ու նման ազգեր են:  Մենք հույս ունենք օրերից մի օր վերադառնալ Իրան: Երբ շարունակում ենք մեր աշխատանքը որպես իրանցի ռեժիսորներ, բարձրաձայնում ենք մեզ հուզող թեմաները, ուժ ենք ստանում և հավատում, որ վերադառնալու ենք:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am