Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Զուրաբիշվիլին կպահպանի պաշտոնը

Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Զուրաբիշվիլին 
կպահպանի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին է քվեարկել խորհրդարանի պատգամավորներից 86-ը՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն։ Այսպիսով, Զուրաբիշվիլին կշարունակի իր պաշտոնավարումը՝ որպես նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի կերպով։ Նախագահի իմփիչմենթի համար հարկավոր էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի՝ 100 պատգամավորների ձայները։ Սակայն քվեարկության համար գրանցվել է 90 պատգամավոր։ Նախագահի իմփիչմենթին դեմ է քվեարկել 1 պատգամավոր։ Ընդդիմության մի մասը նիստերի դահլիճում ներկա չի եղել։

Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ներկա է գտնվել խորհրդարանում իր իմփիչմենթի հարցի քննարկմանը և ելույթ է ունեցել պատգամավորների առջև։

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը, ըստ որի՝ նախագահն իրավունք ունի արտաքին հարաբերություններում ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն կառավարության թույլտվությամբ։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը ներկայացրել էին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները։

Իշխող կուսակցության պատգամավորները իմփիչմենթի գործընթաց էին սկսել Զուրաբիշվիլիի դեմ այն ​​բանից հետո, երբ նա օգոստոսի 31-ին առանց կառավարության հավանության սկսել էր արտասահմանյան շրջագայություն և հանդիպումներ էր ունեցել ԵՄ առաջնորդների հետ: Նախարարների կաբինետը հրաժարվել էր ճամփորդության թույլտվություն տալ Զուրաբիշվիլիին և դա բացատրել էր նրանով, որ իշխանությունները կորցրել են վստահությունը նրա նկատմամբ։ Իր հերթին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր՝ Եվրոպա կատարած այցերի նպատակն է եղել օգնել Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am