Միջազգային

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար  

2 րոպեի ընթերցում

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար  

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Պիեռ Ագոստինին, հունգարաավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսիացի հետազոտող Անն Լ'Յուիլիեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան։

Ըստ ակադեմիայի՝ մրցանակը շնորհվել է «այն փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են ատտովայրկյանային լուսային իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար»։

Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, մարդն արագ տեղի ունեցող իրադարձություններն ընկալում է որպես մեկ հոսք, ինչպես ստատիկ կադրերից բաղկացած տեսահոլովակն է ընկալվում որպես շարունակական շարժում։ Հատկապես արագընթաց իրադարձություններն ուսումնասիրելու համար գիտնականներին անհրաժեշտ են հատուկ տեխնոլոգիաներ։

Էլեկտրոնների աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում ատտովայրկյանի տասներորդական մասում, այն դեպքում, երբ ատտովայրկյանը վայրկյանի քվինտիլիոներորդն մասն է։ Դա նշանակում է, որ մեկ վայրկյանում ավելի շատ ատտովայրկյան կա, քան Տիեզերքի ծննդի պահից ի վեր անցած վայրկյանները:

Ըստ հաղորդագրության՝ դափնեկիրների գիտափորձերը թույլ են տվել առաջացնել լույսի այնպիսի կարճ բռնկումներ, որ դրանք չափվում են ատտովայրկյաններով, և դրանով իսկ ցույց տալ, որ նման բռնկումների միջոցով կարելի է ստանալ ատոմների և մոլեկուլների ներսում տեղի ունեցող գործընթացների պատկերները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում