Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Չեխական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց

Չեխական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար 
օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում  հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։

«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ: Մենք հույսը դնում ենք մեր դոնորներից ստացվող միջոցների վրա՝ արձագանքելու քաղաքացիական բնակչության ընթացիկ կարիքներին», - հայտնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Վարդուհի Դադունցը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը  հանրությանը խնդրել է արձագանքել SOS Armenia արտակարգ կոչին՝ կատարելով նվիրատվություններ:

Իր հերթին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի համակարգող Միխալ Զելբան հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածներին աջակցությունը տրամադրվում է տեղի իշխանությունների միջոցով։ Այդ օգնությունը ներառում է նաև սնունդ, շարժասայլակներ։

Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է եղել՝ շնորհիվ կազմակերպության «Ընկերների ակումբի» մարդասիրական հիմնադրամի միջոցներից հատկացված 40 հազար եվրոյի։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թ.-ից, իսկ առաջին մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրվել է 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից հետո։ Կազմակերպությունը հիմնադրվել է Պրահայի հենց այն մի խումբ ուսանողների կողմից, որոնք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար 50 տոննա օգնություն են հավաքել և ուղարկել Հայաստան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am