Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանը չի թաքցնում ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը․ Ստեփանակերտը հրետակոծվում է

Ադրբեջանը չի թաքցնում ԼՂ տարածքում ռազմական գործողություն 
իրականացնելու փաստը․ Ստեփանակերտը հրետակոծվում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը չի թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ է իրականացնում։

Ամբողջ աշխարհն արդեն մի քանի ամիս ահազանգում էր նոր ցեղասպանության վտանգի մասին, որն Ադրբեջանը պատրաստվում էր իրագործել  Արցախում հայ ժողովրդի նկատմամբ։

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝  իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։

«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ մայրաքաղաքն ակտիվ հրետակոծվում է։

Արցախի տարածքում խափանումներով են աշխատում բջջային և ինտերնետ կապերը։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանք հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:

Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:

Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»:

«Արմենպրես»-ը փորձում է ստացվող տեղեկությունները ճշտել պաշտոնական աղբյուրներից, սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am