Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

BRICS-ի ընդլայնման հիմնական բնորոշիչն աշխարհաքաղաքական շեշտադրումն է․ արաբագետը խոսել է արաբական երկրների անդամակցության մասին

BRICS-ի ընդլայնման հիմնական բնորոշիչն աշխարհաքաղաքական շեշտադրումն է․ 
արաբագետը խոսել է արաբական երկրների անդամակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Արմեն Պետրոսյանն ուշադրություն է դարձնում հատկապես այն հանգամանքի վրա, որ BRICS-ի ընդլայնումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ ականատես ենք լինում գլոբալ աշխարհակարգի փոփոխության, նախորդի փլուզման և նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացին, որում մեծ դերակատարում են ունենալու ինչպես առանձին խաղացողներ տարբեր տարածաշրջաններում, այնպես էլ առանձին ազդեցիկ կազմակերպություններ, որոնցից մեկն էլ BRICS-ն է։

Օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովում կայացվել է կարևոր որոշում։ Գագաթնաժողովում նախագահող Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կհամարվեն BRICS-ի լիիրավ անդամ 2024 թվականի հունվարի 1-ից: Այս պահին BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ վերոհիշյալ կազմակերպության ներսում նոր անդամների ընտրությունը վկայում է առաջին փուլով կարևոր, ռազմավարական խնդիրներ լուծելու մասին, որովհետև հատկապես արաբական երկրների գործոնը նշանավորվում է նրանով, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսն առանցքային դերակատարներ են ոչ միայն արաբական աշխարհում, այլև Միջին Արևելքում և Աֆրիկայում։

Պետրոսյանի կարծիքով՝ BRICS-ի ընդլայնման հիմնական բնորոշիչն աշխարհաքաղաքական շեշտադրումն է, որի միջոցով փորձ է արվում այդ կազմակերպության դերը մեծացնել ձևավորվող նոր աշխարհակարգում, թեև տվյալ կառույցն ի սկզբանե ձևավորվել էր որպես տնտեսական կազմակերպություն։

«Ինչ վերաբերում է կոնկրետ արաբական երկրների անդամակցությանը, ապա այդ հանգամանքը նույնպես կանխատեսելի էր, քանի որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը Միջին Արևելքում ամենաարագ տնտեսական աճ ապահովող երկրներն են, ունեն բավականին լուրջ հավակնություններ, որոնք ներկայացրել են մինչև BRICS-ի վերջին գագաթնաժողովը։ Նրանք դեռևս 2010 թվականի «արաբական գարնան» գործընթացներից հետո փորձում են վերադիրքավորվել՝ ի ցույց դնելով իրենց մեծ ձեռքբերումներն ու հնարավորությունները, ինչպես նաև ընդլայնել ազդեցությունը Միջին Արևելքում և ընդհանրապես մուսուլմանական աշխարհում»,- ասաց Պետրոսյանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ BRICS-ի ընդլայնման տրամաբանության մյուս կարևոր գործոնը էներգետիկ բաղադրիչն է։ Վերոհիշյալ կազմակերպությանը միանում են այնպիսի պետություններ, որոնք էներգակիրներով տարածաշրջանում ամենահարուստն են, որոնց կշիռն էներգետիկ քաղաքականության առումով վճռորոշ է ամբողջ աշխարհում տեղի ունեցող էներգետիկ գործընթացներում, մասնավորապես՝ նավթի, գազի գների շուրջ պայմանավորվածությունների համատեքստում։

«Վերը նշված գործոններով է պայմանավորված այն իրողությունը, որ առաջին փուլով BRICS-ին միանում են ազդեցիկ վեց պետություններ, թեև անդամակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան քսան երկիր։ Նույն Թուրքիայի պարագայում գործընթացն այդքան սահուն չի ընթանում, քանի որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որի հետ լուրջ հակասություններ ունեն BRICS-ի հիմնադիրներ Ռուսաստանն ու Չինաստանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի կարծիքով՝ BRICS-ի ընդլայնման համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում, ավելի կոնկրետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո։ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն այսօր ձգտում են ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել, քանի որ նոր աշխարհակարգի ձևավորման ֆոնին կտրուկ ակտիվացան նաև արաբական պետությունները։ Արաբագետի խոսքով՝ նույնիսկ նավթի գների վերահսկելությունն ապահովելու տեսանկյունից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի տարածաշրջանային այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ամրագրում տեղի չունեցավ։

«Օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից և ԱՄՆ-ի դիրքերի թուլացումից՝ շատերը ձգտում են ինքնուրույնության։ Այդ գիծն ավելի ամրապնդվեց այս տարվա ընթացքում, երբ Չինաստանի միջնորդությամբ կարգավորվեցին Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Եգիպտոսի պարագայում տեղի ունեցան այդ երկրի նախագահի տարածաշրջանային այցերը, որոնք նույնպես վկայում են ամերիկյան ազդեցությունից դուրս գալու մասին, իսկ ԱՄԷ-ն նոր չէ, որ ձգտում է ինքնուրույն որոշումներ կայացնել տարածաշրջանային խնդիրներում և ավելի ազդեցիկ դերակատարում ունի հատկապես սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- նշեց արաբագետը։

Պետրոսյանն, իհարկե, կանխատեսելի է համարում ԱՄՆ-ի հակազդեցությունը, բայց համոզված է, որ Վաշինգտոնի ռեսուրսները կրճատվում են նախկին կոնֆլիկտային կամ անվտանգային թեմատիկ շեշտադրումներով սեփական ազդեցությունը մեծացնելու առումով, որովհետև ամբողջությամբ փոխվում է Մերձավոր և Միջին Արևելքի պատկերը։

Նրա խոսքով՝ մի քանի ուղղություններով ընթացող կարգավորման գործընթացները տարբեր երկրների միջև նույնպես թուլացնում են բազմաբևեռ աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիան, որն այլևս այդքան կենսունակ չէ։

Մանվել Մարգարյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]