Վրացի զինծառայողները կամուրջ են հավաքել սողանքի գոտում աշխատելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որն ավելի ուշ կտեղափոխեն գետի վրա՝ Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի գոտում որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
«Գիշերը ժամանակավոր կամուրջ է հավաքվել, որն ավելի ուշ կտեղադրվի: Մինչ այդ ռազմական ստորաբաժանումներն ու փրկարարները տեղափոխվել էին մյուս ափ: Տարերքի գոտում ամբողջական մոբիլիզացիա է, և ընթանում են փրկարարական աշխատանքներ»,-ասել է նախարարը:
Միաժամանակ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում անօդաչու թռչող սարքեր չօգտագործել, քանի որ դրանք խանգարում են ուղղաթիռների թռիչքներին: Փրկարարները շարունակում են 25 մարդու որոնողական աշխատանքները: Գիշերվա ընթացքում տարերային աղետի գոտում, բացի Կարսելաձեից, աշխատել են պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Արդյունքում վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 հրշեջ-փրկարար, ներգրավվել է չորս ուղղաթիռ։ Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու, զոհերի թիվն այս պահին 11 է: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել: