Տնտեսություն

Վառելիքի հայկական շուկայում նոր որակ և սպասարկման նոր մոտեցումներ. հանրահայտ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է

8 րոպեի ընթերցում

Վառելիքի հայկական շուկայում նոր որակ և սպասարկման նոր մոտեցումներ. հանրահայտ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վառելիքի հայկական շուկայում նոր որակ, նոր չափանիշներ ու սպասարկման նոր մոտեցումներ. Հայաստանում պաշտոնապես գործարկվեցին Shell ապրանքանիշի առաջին երկու նոր բենզալցակայանները: Հանրահայտ ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ընկերությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին և շնորհավորելով Shell ապրանքանիշի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդգծեց, որ այս ընկերության մուտքը Հայաստան կարևոր է մի քանի առումներով:

«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առիթով։ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է»,- ասաց նախարարը:

«Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանն էլ նշեց, որ համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ արդյունավետ կներազդեն Հայաստանյան շուկայում որակի և ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար և ազատ:

«Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաև բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար, ուստի երկար ուսումնասիրելով միջազգային փորձը տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերությունների առաջարկները, ընտրեցինք Shell-ը։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, և մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության և սպասվելիք հեռանկարների համար։ Մեզ համար կարևոր սկզբունք է՝ Shell-ի որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները»,- Գևորգ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից և Հունաստանից, այնուհետև համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, և կներառվեն նաև եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս,թե որ երկիրն է մատակարարը։

Գևորգ Հարությունյանն ընդգծեց, որ «Ռոյալ Օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա հինգ տարիներին ծրագրում է Հայաստանի տարբեր հատվածներում բացել 25 Shell բենզալցակայան՝ նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց:

Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը նշեց, որ ուրախ են Հայաստանի գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ապրանքներն ու ծառայությունները:

«Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։ Անհամբերությամբ սպասում ենք Shell ապրանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և գլխավոր մայրուղիներում, միջպետական նշանակության ճանապարհներում: Պետք է նշեմ, որ Shell-ը աշխատում է աշխարհի շուրջ 80 շուկայում և աշխարհի մասշտաբով ունի 46 հազար կայան և այդ պատճառով մենք անընդհատ ցանկանում ենք ընդլայնել մեր ցանցը և այն ընդլայնելիս հաշվի ենք առնում այն երկրները, որոնք հեռանկարային են: Իսկ Հայաստանը հեռանկարային է քանի որ, այստեղ սպառողները ցանկանում են ստանալ որակյալ ապրանք և սպասարկում»,- ասաց Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը:

Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի և մատակարարի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։

Նոր բենզալցակայանների շնորհիվ հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը: Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում և ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է:

Shell-ը էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավել երկրում։ Աշխարհի մասշտաբով ունենալով շուրջ 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատարն է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Shell կայաններ օրական այցելում են մինչև 32 միլիոն հաճախորդ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաև խմիչք և թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու և ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով: Հատկանշական է, որ Shell-ի կայաններում ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք և ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։ Ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք և ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին և տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրում։

«Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։ 2022 թվականից Ընկերությունը հանդիսանում է Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում