Հասարակական

Թեժ մրցակցություն, համեղ խոհանոց, երգ ու պար․ Սյունիքում անցկացվեց Ոչխարների խուզման փառատոնը

4 րոպեի ընթերցում

Թեժ մրցակցություն, համեղ խոհանոց, երգ ու պար․ Սյունիքում անցկացվեց Ոչխարների խուզման փառատոնը

ՍՅՈՒՆԻՔ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրը հունիսի 10-ին սովորականից մարդաշատ է։ Բազմաթիվ հյուրեր կան մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից։ Այցելուների թվում նաև օտարերկրացիների են։ Ակտիվության առիթը Ոչխարների խուզման փառատոնն է, որն անցկացվում է 3 տարվա դադարից հետո։

Փառատոնը վերադարձել է հագեցած ծրագրով։ Այն ընդգրկում է ոչխարներին ձեռքով խուզելու ավանդական դարձած մրցույթը: Խուզի մրցույթի համար մասնակիցներ են ընտրվել տարբեր մարզերից։ Բավական թեժ ու մրցակցային պայքար է ընթանում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ոգևորիչ ծափերի ու գոչյունների ներքո մասնակիցները ցույց տվեցին ոչխարներին խուզելու իրենց հմտությունները, որոնք էլ գնահատեցին ժյուրիի անդամները։

Մասնակիցներին ու ներկաներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում։ Դրանցով կարողանում ենք ակտիվացնել համայնքները։ Մայրաքաղաքից, այլ մարզերից այսօր բազմաթիվ հյուրեր ունենք։ Մեր երկրում զբոսաշրջության ոլորտը բավական լավ զարգանում է։ Մենք այս տարի 800 հազարից ավելի զբոսաշրջիկ ենք ունեցել: Մեր օրակարգում է բազմաթիվ զբոսաշրջային փառատոններին աջակցելը։ Վստահ եմ՝ այս փառատոնը մեզ ավելի շատ կմոտեցնի համայնքներին և գյուղատնտեսությանը»,- ասաց նախարարը։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանի խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է, 2023թ. հունվար- մայիս ամիսների ընթացքում ունեցել ենք 806 հազար զբոսաշրջիկ, որը 73%-ով գերազանցում է 2022թ. նույն ժամանակահատվածի թվերը: ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է 17 փառատոնի, որոնց միջոցով ներկայացնում ենք մեր երկրի մշակութային և պատմական բազմադարյա ժառանգությունը, գեղեցիկ բնությունը, ավանդական և համեղ խոհանոցը և նպաստում մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը»,- նշեց նա:

Փառատոնի նպատակն է խթանել Սյունիքի մարզում զբոսաշրջությունը, ակտիվություն մտցնել, ճանաչելի դարձնել տեղի համայնքները, տեսարժան վայրերը, մշակույթը, խոհանոցը։

Ոչխարների խուզման լարված պայքարից հետո ծրագիրը շարունակվում է ժամանցային ու ճանաչողական գրավիչ միջոցառումներով։ Ներկաներն այցելեցին հարևանությամբ տեղակայված տաղավարներ, որտեղ ներկայացված են ձեռքի հետաքրքրիր ու ինքնատիպ աշխատանքներ, համեղ ուտեստներ, անուշեղեն՝ Սյունիքի մշակույթին, խոհանոցին ու ավանդույթներին բնորոշ։

Այցելուներին անտարբեր չեն թողնում համեղ գաթաները, անուշաբույր հարիսան, էկոլոգիապես մաքուր միրգն ու բանջարեղենը, ժենգյալով հացը, տնային պայմաններում պատրաստված ոգելից խմիչքները։

Ծրագիրը շարունակվեց «Լավ Էլի» խմբի համերգով, «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրությամբ, «բրդից մինչև կարպետ» գործընթացի ներկայացմամբ ու տարբեր մրցույթներով։ Մեկ խոսքով՝ ամեն ինչ արված էր բարձր տրամադրությունն ու հաճելի ժամանցն ապահովելու համար։ Արդյունքում՝ Սյունիքի Տաթև համայնքի Խոտ բնակավայրը հյուրընկալեց 4 հազարից ավելի այցելու։ Վստահաբար, շատերը փառատոնին մասնակցելուց զատ ցանկություն կունենան մնալ ու իրենց տպավորություններն ու վայելքն ամբողջացնել տեղի չքնաղ բնությամբ ու տեսարժան վայրերով։

Տեղի համայնքների բնակիչները մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ ընդունեցին հյուրերին՝ ակնկալիքով, որ այցելությունն իրենց գյուղեր կլինեն ոչ միայն փառատոններին, այլև՝ դրանցից դուրս։

Փառատոնն անցկացնում է «Դը Ռանչ» ընկերությունը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ: Այս տարի փառատոնին աջակցում է Զբոսաշրջության կոմիտեն:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում